HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանրամասներ ԵԽ նախարարների կոմիտեի նիստից

Մարտի 7-ից 10-ը տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստին հայկական կողմը կարողացել է հասնել նրան, որ ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների կատարաման ընթացքի վերաբերյալ ներկայացնի ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ այս երկու գործերը վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից փախստականների իրավունքների խախտումների փոխհատուցման կամ վերականգնման հարցերին: Մասնավորապես՝ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռները վերաբերում են, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝ իրենց տները վերադառնալուն և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելուն կամ արդարացի փոխհատուցում ստանալուն: Վերոնշյալ գործերով ՄԻԵԴ վճիռները հրապարակվել են 2015թ-ի հունիսին, դրանք արդեն օրինական ուժի մեջ են մտել: ՄԻԵԴ որոշումների իրականացման վերահսկողությունը կատարում է ԵԽ նախարարների կոմիտեն:

Հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասներ հայտնեց նախարարների կոմիտեի նիստի և դրա ընթացքում հայկական կողմի ձեռքբերումների վերաբերյալ:

Ինչպե՞ս Էմիլ Բաբայանը հայտնեց ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը

Ֆորմալ տեսանկյունից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու իրավունք ունեն բացառապես ԵԽ անդամ երկրների ներկայացուցիչները: Հայատանը Եվրոպայի խորհրդի անդամ է, իսկ  ԼՂՀ-ն որևէ կերպ չի տեղավորվում ԵԽ նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու սխեմայի մեջ: Բայց Հայաստանը, կարևորելով ԼՂՀ-ին առնչվող հարցի քննարկմանը ԼՂՀ ներկայացուցչի մասնակցությունը, պատվիրակության կազմում ընդգրկել է ԼՂՀ նախագահի խորհրդականին և պատվիրակության կազմը նախարարների կոմիտեի քարտուղարկություն ուղարկելիս նշել նաև պատվիրակության անդամների զբաղեցրած պաշտոնները:

«Այսինքն՝ պատվիրակության ղեկավար՝ Գևորգ Կոստանյան` ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ կառավարության ներկայացուցիչ, պատվիրակության անդամ, Էմիլ Բաբայան` ԼՂՀ նախագահի խորհրդական, նույնը` նաև դեսպանի դեպքում. ըստ որում՝ երբ Էմիլ Բաբայանը ներկայացրեց իր դիրքորոշումը, շեշտեց, որ այդ  դիրքորոշումը քննարկվել է և հանդիսանում է ԼՂՀ նախագահի և իշխանությունների դիրքորոշումը»,- մանրամասներ պատմեց Գևորգ Կոստանյանը՝ նշելով նաև, որ Էմիլ Բաբայանի այս խոսքերից հետո Ադրբեջանն այնմիջապես միջնորդել է դադարեցնել քննարկումը, և չնայած դրան՝ Բաբայանը կարողացել է մինչև վերջ և ամբողջական հայտնել ԼՂՀ դիրքորոշումը:

«Որքանով ինձ հայտնի է, սա առաջին դեպքն էր, երբ Եվրոպայի խորհրդի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության պաշտոնական միջոցառմանը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչը»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

ԼՂՀ-ի դիրքորոշումը միջազգային պաշտոնական միջոցառմանը ներկայացնելու կարևորությունը. արդյոք կարո՞ղ է վերը նշված իրավական գործընթացը ԼՂՀ խնդրի կարգավորման քաղաքական գործընթացի վրա ազդեցություն ունենալ

Այս հարցի առնչությամբ Կոստանյանը հիշեցրեց, որ պետության կարգավիճակը սահմանում է Մոնտեվիդեոյի կոնվենցիան. դրանով սահմանված չափանիշների առկայությունը հանգեցնում է պետության իրավասուբյեկտության առկայության:

«Այդ պայմաններից են տարածքը, ժողովուրդը, իշխանությունները, բայց ամենակարևոր չափանիշներից է միջազգային հարաբերություններում ինքնուրույնաբար հանդես գալու ունակությունը: Մենք շատ ժամանակ խոսում ենք այն մասին՝ արդյոք պետությունը ճանաչված է, թե ոչ. նման պահանջ միջազգային իրավունքում չկա, բայց ենթադրվում է, որ Մոնտեվիդեոյի կոնվենցիայիով սահմանված միջազգային հարաբերություններում ինքնուրույնաբար հանդես գալու համար սուբյեկտը պետք է ճանաչվի այդ միջազգային հանրության կողմից: Մենք, փաստորեն, հակառակ կողմից ենք սկսել»,- ասաց Կոստանյանը՝ նշելով, որ ԼՂՀ նախագահի խորհրդականի՝ ԵԽ նախարարների խորհրդի նիստին մասնակցությամբ իրենք ցույց են տվել, որ ԼՂՀ-ն, ըստ էության, ունի ունակություն՝ իր դիրքորոշումը ներկայացնելու միջազգային հարթակներում, և նմանատիպ միջոցառումներին ԼՂՀ-ի ներկայացուցիչների մասնակցության շարունակականությունն, ըստ Կոստանյանի, միայն դրական հետևանքների կբերի:

Քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններ ու ներկայացված նախապայմաններ

«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով նախարարների կոմիտեի քարտուղարության նախագծում ֆիքսված էր, որ ՀՀ կառավարությանը կոչ է արվում շարունակել քննարկումները քարտուղարության հետ՝ հարցի լուծման կապակցությամբ առանց որևէ ժամկետ նշելու: Կոստանյանի խոսքով՝ Ադրբեջանի  կողմից առաջարկություն էր ներկայացվել, որպեսզի Հայաստանի կառավարությունը նախարարների կոմիտեին ներկայացնի վճռի կատարման գործողությունների ծրագիրը ՝ դրա համար ժամկետ սահմանելով մինչև 2017-ի հունիս ամիսը։ Ժամկետային սահմանափակում դնելու մասին առաջարկությունն Ադրբեջանը ներկայացրել էր նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով, որն, ըստ Կոստանյանի, արվել է իբր հավասարակշռություն պահպանելու նպատակով։

Մինչդեռ հայկական կողմը սկզբունքորեն դեմ է արտահայտվել Ադրբեջանի դիրքորոշմանը: Կոստանյանի խոսքով՝ Հայաստանի կառավարության հիմնական պնդումը եղել է այն, որ համաձայն չլինելով ՄԻԵԴ վճռի բովանդակության հետ՝ իրենք հարգում են դատարանի կողմից կայացված վճիռը, բայց ունեն մի քանի առարկություններ ու սկզբունքային դիտողություններ դրա կատարման վերաբերյալ:

Կոստանյանի խոսքով՝ իրենք դիրքորոշում են հայտնել, որ անընդունելի են համարում Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ հարցի քննարկում առանց Ղարաբաղի ներգրավման։ Հաջորդ սկզբունքային դիրքորոշումը, որն, ըստ Կոստանյանի, հայտնել է հայկական կողմը, այն է, որ որևէ փախստականի վերադարձի կամ այլ կերպ փոխհատուցման մասին հարցը հնարավոր է քննարկել մի քանի պայմանների՝ առնվազն ֆիզիկական անվտանգության երաշխիքների ու վստահության մթնոլորտի ձևավորման միաժամանակյա առկայության դեպքում: Իսկ վստահության մթնոլորտի ձևավորման դրսևորման ձևը, ըստ Կոստանյանի, կարող է լինել միջսահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը։

«Խնդրում եմ փաստել, որ Հայաստանը «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման կապակցությամբ պարտավորություն չի ստանձնել, այլ Հայաստանը պարտավորություն է ստանձնել, որ պատրաստ է քննարկել վճռի կատարման հարցերը վերը նշված պայմանների առկայության դեպքում»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հստակ պարտավորություն է ստանձնել մինչև այս տարվա հունիս ամիսը «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարման գործողությունների պլան ներկայացնել ԵԽ նախարարների կոմիտեին:

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ վճռի կատարման գործողությունների ծրագրի ներկայացումը

Ըստ Կոստանյանի` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճռի պայմաններում, առավել ևս երբ Ադրբեջանը ներկայացնի դրա կատարման գործողությունների ծրագիրը, խոսքը չի վերաբերելու միայն Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների իրավունքների վերականգնմանը։

«Խոսքը վերաբերելու է բոլորին, ովքեր առնվազն այդ կարգավիճակում են՝ ըստ Եվրոպական դատարանի ձևակերպման»,- նշեց Գևորգ Կոստանյանը՝ մանրամասնելով, որ իրավական տեսանկյունից հնարավոր է, որ, օրինակ, Սարգսյանի ընտանիքը մի օր ետ գնա Գյուլիստան:

«Այսինքն՝ իրավական տեսանկյունից նախարարների կոմիտեի քննարկման իմաստն այն է, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է ստեղծում, որպեսզի հայ փախստականները հնարավորություն ունենան վերադառնալու իրենց նախկին տները. չէ՞ որ չի բացառվում, որ կլինի անձ, ով կհրաժարվի  գումարային տեսքով փոխհատուցումից ու կպահանջի, որ վերականգնվի իր տունը, իր հողը օգտագործելու իր իրավունքը»,- նշեց Գևորգ Կոստանյանը:

Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ապրիլյան պատերազմի ընթացաքում և մինչ այդ զոհված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հարազատների անունից ներկայացված գանգատները նախարարների կոմիտեում քննարկվող գործերի վրա

«Մենք ունենք բազմաթիվ գործեր, որոնք ներկայացվել են մինչև ապրիլյան պատերազմը՝ գերեվարված տղաների մահվան կամ խոշտանգման փաստերի հետ կապված, ունենք Գուրգեն Մարգարյանի սպանության գործ։ Այդ ամբողջը, մեկը մյուսին լրացնելով, հիմնավորում է, որ Ադրբեջանն, իրոք, հայատյացության քաղաքականության դրսևորում ունի, որ Ադրբեջանի այդ վարվելակերպը խոշտանգման դասական դրսևորում է՝ իր բոլոր ձևաչափերով և այս ամենը իհարկե ԵԽ-ի նախարարների կոմիտեում քննարկվող գործերի վրա իր ազդեցությունն է ունենալու»,- վստահություն հայտնեց Գևորգ Կոստանյանը:

Վերջինս խոսեց նաև ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ ներկայացված բողոքների ընթացքից:

Կոստանյանի խոսքով՝ ապրիլյան դեպքերից հետո Հայաստանը մոտ 700, իսկ Ադրբեջանը՝ մոտ  500 կամ 600 բողոք է ներկայացրել ՄԻԵԴ:

«Հայաստանի դեմ ներկայացված գործերով Եվրոպական դատարանի կողմից դեռևս 5 գործ է վարույթ ընդունվել, իսկ Ադրբեջանի դեմ ներկայացված գործերով՝ 23-ը»,- նշեց Գևորգ Կոստանյանը:

Ադրբեջանն իր ելույթում հերթական անգամ օգտագործել է այն միտքը, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20% տարածքները

Կոստանյանի խոսքով՝ ինքը հանդես է եկել վարման կարգով և հիշեցրել, որ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում չկա գոնե մեկ բառ Հայաստանի կողմից օկուպացիա անելու մասին՝ նախարարների կոմիտեի նիստի մասնակիցներին առաջարկելով Ադրբեջանին պարտադրել այսուհետ այս հարցի մասին խոսելիս կիրառել ՄԻԵԴ վճռի ձևակերպումները:

«Իսկ, հիշեցնեմ. վճռում կա հետևյալ ձևակերպումը. քանի որ Հայաստանը ԼՂՀ-ին տրամադրում է քաղաքական,  ռազմական, տնտեսական, սոցիալական օժանդակություն, Հայաստանի Հանարապետությունը ունի աղդեցություն ԼՂՀ-ի նկատմամբ, ինչն էլ հանգեցնում է յուրիսդիկցիա ունենալու փաստին: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես որ պնդում է Ադրբեջանն, այլ օժանդակություն է տրամադրել և տրամադրում ԼՂՀ-ին, որը և հանգեցրել է իրավազորության ճանաչմանը: Ըստ որում՝ ես իմ ելույթում նշեցի, որ այո, Հայաստանի Հանրապետությունը ԼՂՀ-ին տրամադրել և տրամադրում է անհրաժեշտ օժանադակություն՝ առնվազն ֆիզիկական բնաջնջումից պաշտպանելու նկատառումով, և իմ ելույթի հիմնական ուղղությունն այն էր, որ դժվար է գտնել Եվրոպայի խորհրդի անդամ որևէ երկիր, որը կհրաժարվեր  իր հարևան ժողովրդին կամ հարևան պետությունը տրամադրել օժանդակություն ֆիզիկական բնաջնջումից խուսափելու համար»,- նշեց Գևորգ Կոստանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter