HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմիկայի նախարարությունը խնդիրներ է բացահայտել դիզվառելիքի շուկայում, դատախազությունը կզբաղվի այդ հարցով

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրել է դիզվառելիքի շուկան և «Պետրոլ-Սերվիս» ընկերությունում բացահայտել խնդիրներ, որոնցով կզբաղվի դատախազությունը:

Այդ մասին «Արցախպրես»-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Մանրամասները՝ հարցազրույցում:

Պարոն Խաչատրյան, վերջերս վարչապետ Արայիկ Հարությունյանը հարցազրույց էր տվել և հայտարարել, որ խնդիրներ են առկա դիզվառելիքի շուկայում, որոնք գյուղատնտեսական և շինարարական տեխնիկաների խափանումների պատճառ են դառնում: Դուք, որպես ոլորտը համակարգող նախարարության ղեկավար, ի՞նչ քայլեր եք կատարել խնդիրները բացահայտելու և լուծելու ուղղությամբ:

Հաշվի առնելով վերջին շրջանում դիզվառելիքի հետ կապված խնդիրների լայն քննարկումները քաղաքական և հասարակական դաշտում՝ մենք, որպես ոլորտը համակարգող լիազոր մարմին, իրականացրել ենք մի շարք աշխատանքներ:

Մասնավորապես, ձևավորել ենք աշխատանքային խումբ և իրականացրել ուսումնասիրություն հանրապետության թվով 4 դիզվառելիք ներմուծող խոշոր ընկերությունների լցակայաններից, սահմանված կարգով կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:

Առկա են արդյո՞ք փորձաքննության արդյունքները, կա՞ն խախտումներ , թե ոչ, եթե այո, ապա ո՞ր ընկերությունների կողմից:

- Այո, փորձաքննության արդյունքները արդեն հայտնի են: Նախարարությունը համագործակցել է ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի հետ: Ըստ ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության՝ հիմնական ներկրող «Ֆլեշ-Պլյուս», ինչպես նաև «Անուշ», «Ռուսլան» ընկերությունների նմուշները և «Պետրոլ–Սերվիս» ընկերության մեկ լցակայանի նմուշը, ընդհանուր առմամբ, համապատասխանել են նորմերին, իսկ «Պետրոլ–Սերվիս» ընկերության երկու լցակայաններում խնդիրներ են բացահայտվել: Մասնավորապես՝ մի դեպքում առկա է 30-35% (ծավալային) հանքային յուղ, իսկ մյուս դեպքում նմուշը, իր ֆրակցիոն բաղադրությամբ, համապատասխանել է տեխնիկական կերոսինի ցուցանիշներին:

- Ո՞րն է նախարարության հաջորդ քայլը, ինչպե՞ս եք գնալու խախտումների հետքերով և կանխելու նմանատիպ դեպքերի կրկնությունը շուկայում:

- Դրանք կանխելու համար պարբերաբար իրականացվելու են տեսչական աշխատանքներ, իսկ առկա թերություններն օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լուծումներ կստանան:

Նշված փորձաքննության արդյունքներին իրավական գնահատական տալու համար նախարարությունը փաստաթղթերն ուղարկելու է դատախազություն:

Հարցազրույցը՝ Գառնիկ Ալեքսանյանի

 Նյութի աղբյուրը՝  Artsakhpress.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter