HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լիանա Թորոսյան. «Մտահոգվելու որևէ առիթ չկա, սա բնականոն երևույթ է»

Քրիստինեի 4-ամյա աղջիկը մարտի 2-ին ջերմել է, տրամադրության, ակտիվության, ախորժակի բացակայություն ունեցել. «Բարձր ջերմություն ու հազ ուներ, բայց քթից հոսք չկար։ Երեք-չորս օր նորմալ հաց չէր ուտում։ Շատ էր թուլացել։ Հետներս չէր խոսում, չէր խաղում, շփվում, ցերեկները շատ շուտ պառկում էր քնելու»,-ասաց ծնողը։

Օրեր անց հիվանդացել է նաև Քրիստինեի 3 տարեկան որդին։ Երեխան քրոջ պես թուլություն չի ունեցել, սակայն նրա ջերմությունը օրեր շարունակ չի նվազել, հազը չի անցել։

Ծնողները, անհանգստանալով երեխաների առողջական վիճակով, նրանց տեղափոխել են Իջևանի քաղաքային հիվանդանոց, որտեղ բժիշկները նշանակել են կաթիլային ներարկումներ։ Օրեր շարունակ կաթիլային ներարկումներ ստանալով՝ աղջիկ երեխայի առողջական վիճակը կայունացել է, սակայն տղան դեռևս հազ և թուլություն է ունեցել։ Մայրն ասում է, որ Իջևանի հիվանդանոցում բժիշկներն ասել են, թե այդ օրերին մանկական կանչերը և երեխաների հիվանդանոց տեղափոխումների թիվը մեծ է եղել՝ ենթադրելով, որ վիրոսային վիճակի սրացում կա։

Տղայի առողջական վիճակով անհանգստացած՝ ծնողները նրան լիարժեք հետազոտության նպատակով տեղափոխել են «Արաբկիր» երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ։ Սակայն հիվանդանոցի պատին փակցված գրություն են տեսնել այն մասին, որ հիվանդներ ընդունելու ազատ տեղ այլևս չունեն։ Ստիպված երեխային տեղափոխել են մեկ այլ հիվանդանոց։

Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ նոր վիրուս տարածված չէ, քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն, քանի որ երկիրը դեռևս գտնվում է շնչառական վարակների սեզոնում. «Մինչ ապրիլ ամսվա վերջ մենք գործ ունենք սուր շնչառական վարակների և գրիպի հետ։ Այս գործընթացը սեզոնային է։ Այս բարձրացումը սկսվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին և վերջանում ապրիլ ամսին»։

Բաժնի պետի փոխանցմամբ՝ այս ժամանակահատվածում մշտապես ակտիվանում են գրիպի և սուր շնչառական վարակների հարուցիչները։ Այդ պատճառով, այն իրավիճակը, որ այսօր դիտվում է հանրապետությունում, նրա խոսքով՝ բնորոշ է ոչ միայն Հայաստանին, և հիվանդացության նմանատիպ պատկերը պայմանավորված է իր «օրինաչափ» պարբերականությամբ։

Այս իրավիճակում մասնագետը առավել խոցելի շերտ է համարում երեխաներին, քանի որ նրանք ավելի շուտ են հիվանդանում, արտաքին ցանկացած ազդակի ավելի շուտ ենթարկվում, և նրանց առողջական վիճակը վիրուսին ավելի բուռն է «արձագանքում». «Այս պահի դրությամբ՝ այն հիվանդացության պատկերը, որ ունենք, մեր կանխատեսումներին համահունչ է ընթանում, չնայած այն հանգամանքին, որ այս տարվա գրիպը և շնչառական վարակը եղել է  բավականին մեղմ՝ ի տարբերություն նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի»,-ասաց նա։

Թվերը համադրելով՝ Լիանա Թորոսյանն ընդգծում է, որ այս տարվա նույն ժամանակահատվածը հիվանդացության իր աստիճանով կրկնակի զիջում է նախորդ տարվա ցուցանիշին։ Այդ պատճառով հավաստիացնում է, որ մտահոգվելու առիթ չկա, քանի որ հանրապետությունում մշտապես կանխատեսվում է սեզոնային այս հիվանդության ակտիվության երկու «պիկ»։ Ըստ նրա՝ քաղաքացիները դրան «ականատես» եղան նոյեմբեր ամսին, որի թիրախում հիմնականում հայտնվեց մանկական ազգաբնակչությունը, և երկրորդ պիկը, որը, բաժնի պետի տեղեկացմամբ, մշտապես գրանցվում է փետրվարից մինչ մարտի վերջը՝ պայմանավորվածէ եղանակային և շրջանառվող հարուցիչների փոփոխություններով։

«Մտահոգվելու որևէ առիթ չկա։ Սա բնականոն երևույթ է։ Ամեն տարի էլ արձանագրվում է։ Այս հարուցիչները դարերով եղել են և լինելու են։  Ունենալու են սեզոնային ակտիվություններ»։

Վիրուսից խուսափելու գործում մարդկային գործոնը Լիանա Թորոսյանը համարում է առաջնայիններից մեկը։ Ընդգծելով, որ քաղաքացիները պետք է զգոն լինեն՝ հիվանդ լինելիս չգնան դպրոց կամ աշխատանքի՝ վարակի աղբյուր չդառնալու համար։ Բացի այդ, կարևորում է քաղաքացիների՝ եղանակին «համահունչ» հագնվելու հանգամանքը՝ զգուշացնելով, որ ջերմաստիճանը կտրուկ բարձրանում և իջնում է։

Իսկ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում հավաստեց, որ այս օրերին սուր շնչառական և մանկական կանչերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չի աճել. «Կանչերի թիվը միջին համեմատականով չի աճել։ Սուր շնչական կանչերի քանակն էլ այսօրվա դրությամբ բարձր թիվ չի կազմում»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter