HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Լեւոնն ու Բոնապարտը. Գրողը քաղաքականության մեջ սիրտ է որոնում

Արձակագիր Լեւոն Ջավախյանն իր մշտական տեղում՝ Վերնիսաժի իր արծաթապատ սեղանի մոտ նստած օրվա թերթերն էր կարդում: «Լեւոն,- հարցրի,- մեր գյուղում մեկն ասել ա՝ որ թերթի գրածը ճիշտ լիներ, գինը 10 կոպեկ չէր լինի, ի՞նչ ես փնտրում թերթերում»: Հումորս Լեւոնին դուր չեկավ: 

- Ազատ, անկախ Հայաստանի նվաճումներից մեկը հենց ազատ խոսքն ա: Անկախությունից հետո երկրորդ նվաճումը ազատ խոսքն ա: Ազատ խոսքը երբեմն զուսպա ա, երբեմն ճիշտ ա, երբեմն սանձարձակ ա, երբեմն խառնակչություն ա: Բայց էդ ամենի մեջ նվաճում կա: Ազատության ամրապնդման առումով չգիտեմ՝ ինչ մակարդակի ենք հասել, որովհետեւ ժողովուրդը շատ դժգոհ ա, բայց որ ազատ մամուլ կա՝ միանշանակ է: 

- Ի՞նչ կա լրահոսում, Լեւոն: 

- Դե հիմա ընտրարշավն ա: Մարդիկ նստում նայում, վեր են կենում, իսկ ինձ համար դա առ ոչինչ ա, որովհետեւ ես համոզված եմ՝ ինչ կա՝ նորից լինելու ա: Ոչինչ չի փոխվելու:

Իմ վերջին պատմվածքում մի կազինոյի ընկերոջ հարցնում եմ, թե ոնց ա գործերդ, ասում ա՝ «է՛, վատ ա»: Ասում եմ՝ ի՞նչ ա պետք, որ լավ լինի, ասում ա՝ իշխանափոխություն: Արա, ասի, կազինոն իշխանափոխության հետ ի՞նչ կապ ունի: Ասավ՝ հին կլիենտուրան կամ սննկացել ա, կամ լքել ա երկիրը, հիմա հարկավոր ա նոր իշխանություն, նոր փողատերեր, որ մեր գործն առաջ գնա: 

Թե լավացավ՝ կազինոյի գործն ա առաջ գնալու: 

- Դու էլ ես կարծու՞մ, որ իշխանությունը միշտ փողատերերինն ա եւ երբեք ժողովրդինը չի լինելու: 

- Ո՞վ ա տեսել թղթի վրա իշխանափոխություն: Ֆրանսիական բուրժուական հեղափոխություն եղավ, հոկտեմբերյան հեղափոխություն եղավ, ի՞նչ փոխվեց: Լենինն ասաց՝ մտավորականների ցուցակն ինձ տվեք: Հենց գիտեին՝ լավ բանի համար ա անում: Էն էլ վրեն գրեց՝ «ռաստրել», որ իր հետ դիսկուսիա չլինի, ազատ խոսք չլինի: 

Ավելի լավ ա սահուն փոփոխություն լինի: Վերջիվերջո, իշխանափոխություն անում են իշխանությունները, փողատերերը, իսկ ժողովրդին ոչինչ չի մնում: 

Եթե ժողովրդի մակարդակը ցածր ա, հա՛ էսպես ենք ապրելու: Եթե կաթը յուղալի ա, ապա նրա սերուցքը հաստ ա լինում, ավելի յուղալի ու բովանդակալից ա լինում: Հիմի էդ մածունի սիստեմը մեր հասարակության սիստեմին բնորոշ բան ա: Ինչքան մենք յուղալի ենք, էնքան մեր սերուցքը սիրելի ա լինում, սեր ա լինում: Իսկ եթե էս ենք՝ էս էլ ունենք, էլի: Էդ ո՞վ ա տեսել թերհաս ժողովուրդն ընտրի հասուն իշխանություն: Էտենց չի լինում: Էտենց միայն երազում ա լինում:

Իներցիայով սաղս ուշունց ենք տալիս իշխանություններին: Մեկը կնգա ծոցին չի կարում քնի, մեղավորը իշխանությունն ա: Կամ նույն կերպ իներցիայով լքում ենք հայրենիքը: Ո՞վ մեզ լավ հայրենիք կտա: Ես դրանց համարում են տնփեսեք, որոնք իրենց երկրում չեն կարողանում իրենց դրսեւորել, գնում են ուրիշ երկրներ: 

Կոբո Աբեն «Ավազների տիրուհին» գործ ունի: Մարդ ու կին ավազուտների մեջ ապրում են, տունը կառուցում, ավազը հոսում ա՝ քանդում, բայց իրենք անդադար սարքում են, որովհետեւ դա իրենց հայրենիքն ա: Ուզում են իրենց տունը, այնուամենայնիվ, սարքեն: Էդպիսի կիրք, ցանկություն կա՞ մեր ժողովրդի մեջ՝ իր տունը իր երկրում սարքելու: Ոչ: Իներցիան է՝ իշխանություններին ուշունց տան, թքեն, ստեղից գնան: Մի դասախոս ընկեր ունեի: Ամբիոնի վարիչ էր, հիմա գնացել ա Ամերիկայում միս ա ջարդում, որ լավ ապրի: Բա ամոթ չի՞: 

- Լեւոն, քաղաքական ուժերն ասում են՝ ելք կա: Հիմա դու ասում ես՝ իշխանափոխություն չի լինում, այսինքն՝ ելք չկա: 

- Թեկուզ լավից վատից, «Ելք»-ի մեջ ես ելք եմ տեսնում, որովհետեւ իրենք խարդախված չեն, պղծված չեն, խաթարված չեն: Ամենակարեւորը՝ չապականված ուժ ա: Իմ տեսածն ինձ հոռետեսության ա տանում, բայց, այնուամենայնիվ, քանի ապրում ենք, պիտի օպտիմիստ լինենք: 

Բայց ամենից առաջ մեր մեջ պիտի ելք փնտրենք: Ընկերս գյուղից եկել ա, պատմում ա՝ արա, էդ ինչ վախկոտ ժողովուրդ են, Թումանյանի ասած՝ խալխ են, ժողովուրդ չեն: 

Ես նախեւառաջ ուզում եմ խալխից ժողովուրդ դառնանք, ժողովրդից էլ՝ քաղաքականապես ակտիվ ընտրող, որ էս երկիրը երկիր դառնա: Ճամփեն էդ ա:

Երկրի վիճակը էնքան ծանր ա, որ Սերժը նորմալ վիճակով էս երկիրը փոխանցի ինչ-որ մարդու, ղարաբաղյան թնջուկին էլ թող հակաժողովրդական լուծում չտա, իր համար փառք ու պատիվ ա: Քիչ բան չի: 

- Ընտրողը որոշեց, թե թեկնածուները, քվեն թանկացել ա: Գոնե քո գրքերը մի դրամով թանկացրե՞լ ես: 

- Հազար օրինակ տպել եմ, հիմա ինչքան պակասում ա, էնքան գինն ավելանում ա: Առաջ 2000 դրամով էի վաճառում, հիմա՝ 3000-ով: Մի 90 օրինակ ա մնացել: Ով ինձ գիտի՝ գիրքս առնում ա, ով էլ չգիտի՝ հերն էլ անիծած: 

Ինձ համար գիրքը նաեւ փող ա: Ես ուզում եմ, որ էս ժողովուրդը գրականության դերը մի քիչ կարեւորի: Բուլգակով եմ կարդում, ասում ա՝ երկու բան ա դեր խաղում աշխարհում՝ փողն ու գիրքը: Մտածում եմ՝ մի քիչ պերեբարշիտ չի անու՞մ: Ոնց որ էնքան էլ էդպես չի: Բայց դե Բուլգակովն ա ասում, պիտի հաշվի առնենք: Ես ուզում եմ նաեւ ժողովուրդը դեմքով կանգնի դեպի գրականությունը: Էս ծառի նման ծերացած ժողովուրդ ենք: Երիտասարդանալու, խելքի գալու համար հարկավոր ա ժողովրդի մակարդակը բարձրանա, որը ուղիղ կապ ունի քաղաքական սերուցքի հետ:

Նապոլեոն Բոնապարտն ասում էր՝ քաղաքականությունը սիրտ չունի: Բայց ամեն տեղ ես սիրտ եմ որոնում: Ես հույսս չեմ կտրում, որ քաղաքականության մեջ էլ սիրտ կբաբախի: Երբ այդ բանը կլինի, մեր երկիրն էլ կփոխվի: 

Հարցազրույցը պատրաստում էի հրապարակման, երբ լուր եղավ Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան մասին: Լեւոն Ջավախյանը հուզված զանգեց, թե՝

«Հազար ամոթ իշխանություններին, ոչ պակաս՝ մեր ժողովրդին: Մի մարդ չկարողացանք պահել, պաշտպանել: Հաց բերողը նեղացած գնաց էս երկրից: Նա քաղց ուներ: Դա արդարության քաղց էր, ազատության քաղց էր: Էս երկրից խռոված գնաց, որ գտնի իր երկիրը»:

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
էս Լևոնն է բավարարված ու անուղղելի լավատես:Անիծվի ժող վարպետ Արթուր վրա ձեռք բարձրացնող համակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter