HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում քաղցկեղով հիվանդների աճ կա. «Էյ-Սի-Փի»-ն կանանց նախընտրական բժշկական զննություն է իրականացնում

Ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քարոզչության օրերին, կանանց տոնի միամսյակին ընդառաջ «Վալլեքս» խմբի «Էյ-Սի-Փի» և «Թեղուտ» ՓԲ ընկերությունները կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում իրականացնում են տարածաշրջանի համայնքների կանանց անվճար հետազոտություններ «Ալավերդու բժշկական կենտրոնում»: Անվճար հետազոտվելու են կանանց վահանաձև գեղձն ու կրծքագեղձը: Հետազոտությունները սկսվել են մարտի 3-ից և շարունակվելու են մինչև մարտի 31-ը՝ նախընտրական քարոզչության վերջին օրը: 

Առողջապահության ազգային ինստիտուտի վիճակագրական բաժնի տվյալներով՝ վերջին 5 տարիներին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գրանցված քաղցկեղով հիվանդներից 637 -ը մահացել է, նրանցից 258-ը հաշվառված չի եղել ուռուցքաբանական հաստատություններում: Չհաշվառվածներից մեծ մասի ախտորոշումը կատարվել է հերձման ընթացքում: Քաղցկեղից մահացության աճը համընկնում  է 08.10.2012.-07.10.2016թթ. հետ, երբ պղնձաձուլարանի արտանետումները չեն նորմավորվել, քանի որ կառավարությունը «Էյ-Սի-Փի» ընկերությանն իրավունք է տվել Ալավերդու մթնոլորտ նետել այնքան վնասակար արտանետումներ, որքան ցանկանում է: 

 2016թ. «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գրանցվել է 766 քաղցկեղով հիվանդ: Այդ հիվանդներից 117-ը մահացել է: Բժշկական կենտրոնում 2012թ. հաշվառվել է 638 քաղցկեղով հիվանդ, մահացությունը կազմել է 112 մարդ: 2016թ. 2012թ. համեմատ քաղցկեղով հիվանդների թիվն ավելացել է 128-ով:   

1995թ., երբ պղնձաձուլական գործարանը դեռ վերագործարկված չէր, կենտրոնում հաշվառվել է 372 քաղցկեղով հիվանդ, մահացությունը կազմել է 50 մարդ: Ալավերդիում 1995թ. բնակչության թիվը կազմել է 25,5 հազար մարդ, իսկ 2012թ.-ի վիճակագրական տվյալներով՝ փաստացի բնակվող բնակչության թիվը կազմել է 13 հազար մարդ: 

Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով (տես՝ WorldLifeExpectancy.com կայքը), Հայաստանը 2016թ. քաղցկեղային հիվանդություններից մահացածության թվով աշխարհի 172 երկրների շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Հայաստանում 1-ին հորիզոնականը զբաղեցնում է Ալավերդին: 

Հիշեցնենք, որ 1995թ., երբ պղնձաձուլական գործարանը դեռ չէր վերագործարկվել, Ալավերդիում հաշվառված էր կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ 62 կին, 2016թ. նրանց թիվը հասել է 132 -ի:  

Նախընտրական քարոզչության օրերին կատարվող կանանց  զննության ընթացքին հետևում է Վալերի Մեջլումյանի  եղբոր աղջկա՝ մեկ տարի առաջ «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն նշանակված, Հանրապետական կուսակցության  վարկանիշային ցուցակով պատգամավորի թեկնածու Լուսինե Մեջլումյանի նախընտրական շտաբի պետը՝ նրա սկեսրայր Հովհաննես Քոչինինյանը: 

Քարոզչության անցած 14 օրերին իր նախըտրական ծրագիրը ընտրողներին ներկայացնելիս Լուսինե Մեջլումյանը որևէ կերպ չի անդրադարձել Ալավերդու և ազդակիր մյուս համայնքների բնապահպանական անվտանգությանը, Թեղուտի և Շնողի բնակչության առողջությանը «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությամբ սպառնացող վտանգներին: 

Ավելին, առիթն եղած դեպքում հայտարարում է, որ  պղնձաձուլական գործարանն իր արտանետումներով բացասական որևէ ազդեցություն չի թողնում բնակչության առողջության վրա և հանդիպումների է գնում այն համայնքներ, որտեղ կանայք արդեն ենթարկվել են բժշկական զննության: 

«Ճոճկան, Արևածագ, Աքորի, Կաճաճկուտ, Օձուն  գյուղերում ավարտվել է կանանց  բժշկական զննությունը»,-տեղեկացրեց բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը: Մարտի 12-ին Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանն արգելել է Օձունի բժշկական ամբուլատորիայում գյուղի կանանց ընտրական շոուի վերածված բժշկական զննությունը: «Ես ասացի՝ եթե ուզում եք բարեգործություն անել, կարող եք ընտրությունից հետո անել: Ինձ տեղյակ չեն պահել, ես կանանց զննությունից 2 օր հետո եմ իմացել, որ այդպիսի ակցիա է կատարվում»,-հեռախոսով մեզ բացատրեց Արսեն Տիտանյանը: 

Մարտի 13-ին Լուսինե Մեջլումյանի շտաբի պետ Հովհաննես Քոչինյանը բժշկական զննության պայմանագիրն ու գրաֆիկը ձեռքին եկել է Օձունի բուժամբուլատորիա, դրանք հանձնել ամբուլատորիայի աշխատակիցներին և պահանջել շարունակել կանանց զննությունը: 

Ստեփան Մոսինյանից փորձեցինք տեղեկանալ  ընկերության կողմից կանանց անվճար բժշկական զննության համար հատկացված գումարի մասին. «Դեռ հատկացված գումարի չափը պարզ չէ, որքան կանայք կդիմեն և կհետազոտվեն, մենք այդ հայտերը իրենց արժեքներով պրոյեկտի ավարտից հետո կներկայացնենք ընկերությանը և կստանանք մեր ֆինանսավորումը: Ինձ պատվեր  է տրվել, ես էլ վճարովի ծառայություն եմ իրականացնում»,-հավելեց կենտրոնի տնօրենը: 

Բժշկական զննության ընթացքում պատգամավորի թեկնածու Լ. Մեջլումյանը  հայտնվում է կանանց մոտ, շնորհավորում նրանց տոնը, հիշեցնում է իր մասին և տեսանյութերով դրանք տարածում է Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերությամբ: Ալավերդու պղնձաձուլական գործարանում և «Թեղուտ» ՓԲԸ-ում ընդհանուր թվով աշխատում է 1800 մարդ։ 

Աժ ընտրությունների քարոզչական օրերին դեռևս որևէ կուսակցության, կուսակցությունների դաշինքի կամ կուսակցությունների տարածքային ցուցակում ընդգրկված որևէ թեկնածուի չի հաջողվել հանդիպել պղնձաձուլական գործարանի կամ «Թեղուտ» ՓԲԸ-ի որևէ աշխատողի: Աշխատողները փողոցում նույնիսկ փախչում են այլ կուսակցությունների թեկնածուներից: 

Լուսինե Մեջլումյանն իր քարոզչության ընթացքում ալավերդցիներին հավատացնում է, թե նախապատրաստվում է հայ-չինական մի հսկայական ծրագիր. «Խոսքը գնում է 400մլն դոլար արժողությամբ նոր պղնձաձուլարան կառուցելու մասին: Սա ստեղծելու է 1000 նոր աշխատատեղ»: 

Հիշեցնենք, որ Վալերի Մեջլումյանը մոտ 10 տարի առաջ նույնպես նման խոստում էր տվել։ Նա այն ժամանակ հայտնել էր, թե գերմանացի ներդրողները նոր պղնձաձուլական  գործարան են կառուցելու։  Այսօր պղնձաձուլարանը շարունակում է աշխատել նույն տեխնոլոգիաներով: 

 

 

 

 

Մեկնաբանություններ (18)

Gaiane
Տվեք մեզ շնչելու հնարավորություն տիկին Լուսինե: Թեղուտի անտառները, որ թրաշում եք,մեր «թոքերն» են, տեղը մեզ գազախեղդ եք անում ,հիմա էլ անվճար հետազոտում:
Armen
Վալերի Մեջլումյան,մեր որ մեղքի համար ես Լուսինեին սարքում պատգամավոր:Կամ որ արժանիքի համար պիտի էդ ազգականիդ ընտրենք..... Լոռին սարքելես հորդ դուքանը....
Անի
Ընտրություններ պիտի լինեն, որ հետազոտություն կատարեք ու համոզվեք, որ թունավորում եք մարդկանց, հա՞: Ցինիկ եք, որովհետև մենք ենք թույլ տալիս, ոչինչ, մի օր ցինիկ ժպիտներդ մաքրելու ենք դեմքներիցդ ու բոլորիդ դուրս ենք շպրտելու մեր երկրից:
Գոհար
Եթե Լուսինե Մեջլումյանին իր թիմի հետ միասին շատերը չէին ճանաչում, բոլորը տեսան նրանց այլանդակությունները, փոխանակ իրանց ծրագիրը ներկայացնեն այդ ամենը մի կողմ դրած ուրիշներին են փնովում, բա ուր էիք միջև հիմա?:Ամբողջ Ալավերդին թունավորել են հիմա էլ բարեգործ են խաղում,պետքա նախկինում հիշեիք,որ այդպիսի հիվանդներ գոյություն ունեն, եթե ուզում էիք իրոք օգնեիք մարդկաց շուտ օգնեիք չսպասեիք ընտրությունից մի ամիս առաջ ՇՈՈՒ կազմակերպեիք:Մենք ձեզ կհավատանք այն ժամանակ,երբ ընտրություններից հետո էլ բժշկական օգնություն ցուցաբրեք մարդկանց,ու հիշեք որ հիվանդ մարդիկ կան:
լևոն
Երեկ Լուսինեն էկել էր օձուն, և ամենավատն այն է որ օձունում նրա կողմնակիցները հայտնի տարբեր մականուններով այվազյաններն են, որոնք քոչինյանների հետ միասին երկար տարիներ ավերել են գյուղը,քանդել քարինեն քսել հիվանդանոցային հսկա համալիրը,սողխոզի գոմերը,թալանել են մարդկանց,վախեցրել ու գողացել նրանց անասունները: եթե նույնիսկ մեկը կար օձունում որ մտածում էր ընտրել Մեջլումյանին ապա տեսնելով այդ վայրենիներին որոնք կանգնած են թեկնածուի կողքին,համոզված եմ որ չեն ընտրի:
Մարտին
Լուսինեն երիտասարդ ու միեւնույն ժամանակ արդեն փորձառու ղեկավար է։ Նրա թեկնածությանը ես կողմ եմ։ Հա, մեր կողմերում շատ են հիվանդությունները, բքյց որտեզշղ չկա քաղցկեղ։ Երևանում չկա, երևի։ Կամ Մոսկվա չկա հա։ Գործարանը էսօր 600 ընտանիք ա պահում։ Եթե Լուսինեի ծրագիրը լսել եք, ես լսել եմ ու գնացել եմ հանդիպմանը, ապա կիմանայիք, որ զավոդն ավելի լավն ա դառնալում աշխատատեղ ա լինելու։ Եթե զավոդը չլիներ Ալավերդում հիմիկ մարդ մնալ չէր։
Գրետա
Միլիոնավոր դրամներ են ծախսում, քարոզարշավ անում թանկ ու կրակ նվերներ անում ալավերդցի կանանց համար, բայց մոռանում որ շատ քիչ ժամանակ առաջ քանի հատ սոցիալակն ծրագիր փակեցին, ինչքան աղքատ մարդ որ բարեգործական ճաշարանում հաց էր ուտում, մնացին առանց օրվա ճաշի, անամոթի նման մանկապարտեզների էրեխեքի կաթն ու մածոնը կտրեցին, էն էրեխեքի, որոնք իրանց բաց թողած գազն են շնչում, ճոպանը փակեցին: Հիմի ալավերդցիներին մասին մտածող են դառել ալավերդցու խնդիրներն էլ ազգային ժողով հասցնող: Դուք մենակ մտածելու մի բան ունեք հարգելի զավոդականներ, թե ոնց էս ալավերդցիներին փրկեք ձեր աշխատանքի վնասներից: Մի բան էլ ասեմ ու վերջ, մեկ էլ էդ որ հաթաթա եք տալիս, որ ով չընտրի ձեր թեկնածուին գործից հանելու ես, մտածեք, որ պետք ա ալավերդցիների ոտքերն ընկած խնդրեք, որ ձեզ ընտրեն, ոչ թե մարդկանց վախացնեք: Հերիք ա, էս ձորի համար դուք ձեր անելունը արել եք, գոհ ենք ու շնորհակալ էլ բան չենք ուզում
Մարտին
Լարիսա ջան, քո գրած կրիմինալիստիկայի հոդվածները ավելի շուտ հեքիաթներ են, քան թե իրականություն։ Էսօր մեր երեխեքին ուղարկում ենք Ռուսաստան, գնում սևերես հետ են գալիս, ասում են` փեշակ ունենայինք, զավոդումն էլ կաշխատեինք։ Ես Լուսինեին ընտրելու եմ, դա անելու եմ ոչ թե նրա համար, որ ինքը զավոդի տնօրեն ա, այլ ավելի պարզ պատճառով։ Նա կին ա, հաջողության հասած կին, երիտասարդ ա, կիրթ ա, կարող ա մի քիչ ավելի բախտավոր ա, քան դու ու ես, որ Մեջլումյանի ախպոր աղջիկն ա, բայց դա էլ բան չի, եթե խելք չունենար։ Ես երկու հարց եմ տվել իրեն, ու էնպիսի պատասխան եմ ստացել, որ լրիվ բավարարել է ինձ։ Շիտակ ու միամիտ մարդ ա էդ աղջիկը։
Marat
Տիկին Փարեմուզյան մի փորձեք ինչ-որ բան ապացուցել մարդկանց,ովքեր արժանի չեն և զակազով կոմենտ գրող են,դրանք ոչ մի բանի մասին չեն մտածում բացի ընտրություններից օգուտ քաղելը
Լարիսա Փարեմուզյան
Այսօր Ալավերդու բժշկական կենտրոնում գրանցված են 766 քաղցկեղով հիվանդներ: Պղնձաձուլական գործարանը սկսած 2012թ.-ից չնորմավորված արտանետում է կատարում պղնձաձուլարանից: Կառավարությունը թույլատրել է Վալերի Մեջլումյանին թունավոր արտանետումերը Ակավերդու և ազդակիր համայնքների մթնոլորտ նետել այնքան, ինչքան իր սիրտն ուզում է: Այդ արտանետումների 94, 6 տոկոսը ծծմբային անհիդրիդ է: Տարեկան 117-ից շատ ավելի թվով մարդիկ են քաղցկեղից մեռնում Ալավերդիում: Ասա, Մարատ, չբարձրացնենք այս ծանր խնդիրը կառավարության առաջ: Մարատ, գնա ու ընտրիր Լուսինեին , կարող ես մի տրիլիոն մարդ էլ հետդ տանել նրան ընտրելու,բայց քո տհասությունները մի կապիր ինձ հետ: Իմ խնդիրն է, լրագրողական իմ աշխատանքով հասնել նրան, որ տարեցտարի գործարանի արտանետումների հետևանքով Ալավերդիում և ազդակիր համայնքերում անընդհատ աճող քաղցկեղը կանխիվ: Եթե , Մարատ դու Ալավերդու կրիմինալ վիճակի մասին իմ հոդվածներից տեղյակ չես, դրա մեղավորը դու ես, ոչ թե ես:
Armen
Հարգելի Լոռեցիներ ընտրեք Վալեքսի թեկնածուին և ձեր տունը նույնպես կդառնա հանքավայր կամ պոչամբար կամ ընտրեք և ձեռք բերեք անվճար քաղցկեղ ձեր կնոջ համար: Իսկ եթե ավելի լուրջ ստուգում եք որ ինչ անեք? Թեղուտում վախի մթնոլորտա,սրանք կանգնում ասումեն մի վախեցեք իշխանության լծակներից,գոնե մնացած կուսակցությունները մեզ չեն թունավորում
Նանա
Բարի ավանդույթին համաձայն Լարիսա Փարեմուզյանը, հոդվածը գրում է, ինքը իր հոդվածներին մեկանաբանություններ անում, ինքը իր հոդվածների համար ոչ մի հղում չանելով վիճակագչական թվեր է մեջբերում, հավանաբար այդ վիճակագրական տվյալների կազմման մեթոդոլոգիան, անցկացման վայրն ու ժամկետը միայն իրեն է հայտնի: Բարի ավանդույթ է նաև իրան բանի տեղ չդնողների մասին խիստ գրելը, ավելի կոնկրետ բան չեմ ուզում ասել: Հիմա իր իսկ հոդվածներում ինքն իրեն հակասելու փաստերի մասին: -Ասում է Լուսինե Մեջլումյանը չի խոսում բնապահպանական խնդիրների մասին: Այս կինը իր հոդվածները երևի գրումա տեղի ստուդիայի ռեպորտաժները մտիկ տալով, քանի որ ոչ մեկս չենք տեսել սրան որևէ հանդիպման ժամանակ, ինչ գիտի ասվել է թէ չի ասվել: Բայց արի տես որ հայ չինական ծրագրի մասին լսել է: Այ տիկին. եթե էդքանը լսել ես, բա շարունակությունը չես լսե՞լ, որ ասվել է` էդ նոր գործարանը բնապահպանական լրիվ մաքուր արտադրությունա ունենալու, բա դա խոսելը չի: Քո միամիտ կարծիքով հանդիպումների ժամանակ պիտի ասեր էսքան թույն ենք լցնում մթնոլորտ, հա՞, էդ պտի ասե՞ր: -Այ տիկին, բա Ալավերդի, դեռ որևէ թեկնածու չի եկել, էդ ոնց են փախել նրանցից գործարանի բանվորները, հնարում ես որ ին՞չ անես: -Ինչու ե սխառնվել իրար տիկին Փարեմուզյան, ինչու ես ստում, որտեղ է ասվել, թե վնաս չի պատճառվում, կարո՞ղ ես նման մի տեսգարություն ցույց տալ: -Որտեղից է քո աղբյուրը, որ քաղցկեղով ամենաբարձր ցուցանիշը մեր երկրում Ալավերդում է, կարող ես հղում անել, էդ մերկապարանոց հայտարարություններն անում ես որ ի՞նչ անես:
Անուշ
Ինձ համար զարմանալի է, թե ինչու ամեն լավ բան, ամեն դրական շարժ, որ գոնե հազարից մեկ արվում է Ալավերդում, ներկայացվում է որպես բացասական: Մեր քաղաքը կրիմինալ չի, սուտ լուրեր պետք չեն: Լարիսան լավ գիտի, թե էս քաղաքում ով ով է: Մեր քաղաքում բոլորը իրար լավ գիտեն, լավ են ճանաչում, թե ինչեր են արվել Վալլեքսից առաջ, ինչ թալան է եղել, իսկ հիմա էլ ինչ է անում Վալլեքսը: Բարեգործությունը փակեցին, ճաշարանը չկա, բայց աշխատողներ կան: Մոտ 1000 ընտանիք էսօր Վալլեքսի Ալավերդու և Թեղուտի զավոդներում է աշխատում: Դա էլ բան է: Մեր բնությունը աղտոտել ոչ մեկին թույլ չենք տա, բայց և պետք է ամեն սանձարձակություն տեղում կասեցնել: Լուսինեն լավ աղջիկ է, հայրը լավ է դաստիարակել զավակներին, բայց անվճար հետազոտել մարդկանց ոչ թե Վալլեքս պիտի աներ, այլ մեր պետությունը, մեր քաղաքի ղեկավարները, բայց արի ու տես, որ բժշկությունը դարձել է հարուստի զբաղմունք: Շատ վատ լուր է, որ քաղցկեղ կա մեր քաղաքում, շատ վատ է: Բայց ես չեմ ուզում մտածել, որ դա միմիայն Վալլեքսի զավոդով է պայմանավորված: Գուցե այլ խնդիրներ էլ կան: Կարելի է փորձել նաև այդ հանգամանքը հաշվի առնել:
Մարտին
Ես զարմանում եմ, թե ինչքան նախանձ մարդիկ կան։ Լուսինեի նման թեկնածու մեր Ալավերդին դեռ չի ունեցել։ Ընտանիքատեր կին ա, երիտասարդ, բայց զավոդի աշխատողներին կարաք հարցնեք կամ իրեն ճանաչողներին, իրան հետ շփվողներին, անգամ չուեցածն ա մարդուն տալիս։ Ես լսել եմ իրեն թե ժողովում, թե Անկյունի եթերում։ Կիրթ է, մեր Լոռվա ձորեցին է, ոնց էն կլիպում կասի։ Լավ օրից չի, որ մարդիկ նախանձում են իրեն։ Բայց եթե պատգամավոր դառավ, կարա էս անտեր երկրում գոնե մեր ջահելների համար մի լավ բան անի։ Ես մեր ջահելների համար եմ անհանգիստ։ Ոչ գործ կա, ոչ զբաղմունք։ Ալավերդին վերածել են կրիմինալ ռայոն. դե էդ մասին էլ գրեք, Լարիսա ջան։ Գիտեք որ վտանգավոր ա, չեք գրի բա ինչ։ Իսկ Լուսինեի մասին կգրեք, զավոդի մասին վատ բաներ կգրեք, կրգեք Վալերիկի մասին, ամենի մասին բայց ոչ իրական խնդիրներից։ Առավոտը չբացված ռազբորկեք են աջ ու ձախ, մտիկ տուր շուրջդ ու կտեսնես։
էրիկ
Լևոն անունտ գոնե մեծատարով գրի մկնաբանեուց առաջ
Լարիսա Փարեմուզյան
Տիկին Նանա, ինձ ուղարկեք Ձեր էլեկտրոնային հասցեն , ձեզ կուղարկեմ հոդվածում բերված վիճակագրության 7 մյուս փաստերի հիմքերը: Թեև դուք ինքներդ էլ կարող եք դիմել Առողջապահության ազգային ինստիտուտի վիճակագրության բաժին` այդ հիմքերը ստանալու համար:
Լևոն
Երեսպաշտությունն էլ պիտի սահման ունենա։ Ողջ բնությունն ավերեցին, գետերը, հողերն ու մարդկանց թունավորեցին՝ հիմա էլ նախընտրական բժշկական զննություն են իրականացնում։
Anna
Ամբողջ Թումանյանի շրջանի կանայք ու ոչ միայն կանայք,բոլորը հիվանդ են , ի գիտություն Vallex-ի սրտացավ թեկնածուին:Էսքան տարի մենակ գռփել են ու թունավորել, խուսափելեն հարկերից ու տենց շարունակ....հիմի էլ ուզում են պետական լծակ ունենան,որ ավելի հարմար տարբերակներ ունենան հարկ չտալու? Էն օրը հատուկ գնացել եմ Լուսինեի քարոզարշավին, որ լսեմ իրանց ծրագրերի մասին, տեսնեմ կարողա իրոք լավ ծրագրեր ունեն,ու նորից չսխալվեցի, փոխանակ խոսի իր ծրագրերի , հետագա անելիքների մասին, խոսքը սկսեց սևացնելով մի մարդու,որ ճիշտա աչքիս լույսը չի, բայց ամբողջ Լոռու մարզին անընդհատ օգնումա, կառուցումա, երևի հասկանում եք,որ խոսքը Կարեն Կարապետյանի մասին է: Լուսինեի կողմնակիցները բամբասեցին նույն ՀՀԿ թեկնածուից ,որի կողմից էլ առաջադրվել է Լուսինե Մեջլումյանը, չիմանալով որ խելացի մարդկանց վանում ու հեռացնում են իրենցից: Ի վերջո էտ գործարանի աշխատողներին զոռով տանել կանգնեցնելով բան չեք փոխի,նրանք ավելի վառված են ձեզանից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter