HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սեպտեմբերին Արտավանում առաջին դասարան կգնա մեկ աշակերտ

Երանուհի Սողոյան

Վայոց ձորի Արտավան գյուղում նորը կառուցելիս հինը չեն քանդում: Նորակառույցների կողքին գյուղում պահպանվել են փոստի, դպրոցի եւ գյուղապետարանի մոտ մեկ դարյա կենսագրություն ունեցող շինությունները: Ուզում եք համոզվե՞լ, գնացեք Արտավան: Ծովի մակերեւույթից 1880 մ բարձրության վրա գտնվող գյուղում ջերմությամբ կհյուրընկալեն, ինչպես ընդունված է բոլոր փոքր, լեռնային գյուղերում, որտեղ օտարի մուտքը բացահայտվում է րոպեների ընթացքում:

Արտավան տանող ճանապարհն անբարեկարգ է: Ձյան շերտը տեղ-տեղ փակում է թերությունները, որտեղ հալվել է՝ բացվել են չարաբաստիկ փոսերը: Գյուղի սկզբնամասում երկհարկանի, միանաման առանձնատներ են՝ երկու առանձին ընտանիքների համար նախատեսված: Կառուցվել են խորհրդային տարիներին, սակայն շինարարությունը մեծ թափ չի ստացել՝ ընդամենը 15 տուն: Փլուզվել են խորհրդային կարգերը՝ հետն էլ գյուղի բարեկարգման, ընդլայնման ծրագրերը:

Լեռնային գյուղերում կենտրոն ասվածը դժվար է որոշել՝ հարթ տարածքներն են քիչ, այնպես, որ նույն հարթության վրա եւ գյուղական կարեւորության որեւէ շենք լինի, եւ ազատ տարածք՝ հավաքվելու համար: Արտավանում, որտեղ քայլելիս կամ բարձրանում ես, կամ իջնում՝ միակ հարթ ու ընդարձակ տարածքում դպրոցն է կառուցված, որտեղ 29 երեխա է հաճախում:

Դպրոցի տնօրեն Գրավիկ Հովհաննիսյանն ասում է.«Երեխաների նվազ քանակի պատճառը ծնելիությունն է, ինչ որ տեղ էլ՝ արտագաղթը»: Գյուղում երիտասարդները չեն շտապում ամուսնանալ՝ կայուն եկամուտ չկա: Ամուսնացողներն էլ մեկ-երկու երեխայից ավելի չեն ուզում ունենալ՝ պահելու համար կրկին կայուն եկամուտ չկա: Արտավանի դպրոցը նախատեսված է 160 աշակերտի համար: «Դպրոցը նախկինում 8-ամյա է եղել ու երկհերթ է աշխատել: 1996թ-ից դարձավ միջնակարգ: Պիտի ասեմ, որ լրիվ բավարար էր գյուղին, ուղղակի տարիների հետ երեխաներ թիվը պակասեց ու հիմա ունենք ահա այսպիսի տխուր թվաբանություն»,-նկատում է Գրավիկ Հովհաննիսյանը:

Անցած ուսումնական տարում առաջին դասարան ընդունվել է երեք աշակերտ: Այս տարի դպրոցը կավարտեն հինգը: 10-րդ եւ 11-րդ դասարանները, որտեղ սովորում են երկուական աշակերտ` օպտիմալացրել են: 2-րդ եւ 3-րդ դասարաններում մեկական աշակերտ են սովորում: Դպրոցում դասավանդող 12 մանկավարժից մի քանիսը, բացի իրենց մասնագիտականից, ցածր դասարաններում համատեղության կարգով դասավանդում են նաեւ այլ առարկաներ: Հայոց պատմություն, աշխարհագրություն, օտար լեզու(անգլերեն) եւ մաթեմատիկա առարկաների մասնագետների պակաս կա դպրոցում: Դպրոցի տնօրենն եւս դասավանդում է՝ շախմատ եւ «Հայ եկեղեցու պատմություն» առարկաներ, թեպետ մասնագիտությամբ աշխարհագրագետ է:

Արտավանի ներկայիս դպրոցի շենքը կառուցվել է 1974 թ-ին: Դպրոցի մուտքի մոտ եւ բակի տարածքում պահպանված են անցած դարում որպես դպրոց ծառայած շինություները: Դպրոցում կոսմետիկ նորոգման աշխատանքներ 2008թ-ին իրականացվել է Համահայկական հիմնադրամի միջոցով, սակայն արդյունքը չի պահպանվել՝ շինության ներսում սկսվել է ծեփոնաթաման գործընթացը: Դպրոցի ջեռուցումը կազմակերպվում է էլեկտրական ջեռուցիչների միջոցով: Գրավիկ Հովհաննիսյանն ասում է, որ 9 տարի առաջ ջեռուցման համակարգ դպրոցում անցկացվել է, սակայն լոկալ ջեռուցում ապահովելու համար կաթսայատուն այդպես էլ չեն կառուցել: Հին ու մաշված է դպրոցական գույքը, դասասենյակներում ժամանակի քննությանը չի դիմանում նաեւ մանրահատակը՝ քանդվում է:

Դպրոցը զրկված է սպորտդահլիճից՝ հատակը փտած  ու քանդված է, չունեն համապատասխան գույք: Խորհրդային տարիներից ինչ եղել է՝ մաշվել, շարքից դուրս է եկել: Ֆիզկուլտուրայի դասաժամերը գարնանն ու աշնանը դրսում են պարապում, ձմռանը՝ դասասենյակներում: «Հիմա սպորտի նախարարը խոստացել է, որ գյուղական դպրոցների դահլիճները պետք է վերանորոգվեն, հույս ունենք մեր դպրոցն էլ կլինի այդ ցանկում, բայց ո՞ր թվականին է լինելու՝ չգիտենք»,-ասում է Գրավիկ Հովհաննիսյանը:

Տնօրենը մտավախություն ունի, որ Արտավանի դպրոցին, երեխաների քիչ քանակի պատճառով, առաջնահերթություն չի տրվի: «Բայց երեխան երեխա է: Արտավանցի փոքրիկն ինչ մեղք ունի, որ ծնվել է լեռնային այս գյուղում, հաճախում է դպրոց, որը շատ քիչ աշակերտներ ունի,-տարակուսում է տնօրենը,-թեկուզ 10 երեխա, բայց իրենք պիտի լիարժեք կրթություն ստանան»:

5-ամյա Գոռ Ավետյանն այս տարի սեպտեմբերին կգնա առաջին դասարան: Փոքրիկն արդեն գիտի, որ դասարանում միակն է լինելու: Հարցնում եմ՝ պատրա՞ստ է ամեն օր դաս սովորել ու պատասխանել՝ հաստատակամորեն գլխով է անում: Տատի միակ մտավախությունը, թե թոռը չար է ու կռիվ կանի դպրոցում եւս բացառում է. «Մենակ ու՞մ հետ կռվեմ»,-զարմանքից կլորացրած աչքերը հառելով տատի վրա հարցնում է Գոռը:

77-ամյա Էմմա Զատիկյանը 40 տարի Արտավանի դպրոցում սերունդ է կրթել ու կյանք ճանապարհել: Արտավանի դպրոցի փակման խոսակցությունների հետ չի հաշտվում, ասում է՝ գյուղը կդատարկվի: «1968-69թթ-ին ինձ առաջին դասարան տվեցին՝ 22 աշակերտ կար: Սովետի ժամանակ մարդիկ աշխատանք ունեին, վաղվա օրվա վրա շատ չէին մտածում: Ամուսնության տարիքի տղա, թե աղջիկ ամուսնանում էին ու անպայման մի քանի երեխա բերում: Հիմա ոչ ամուսնանում են, ոչ էլ ուզում են երկու երեխից ավելի երեխա ունենան: Ասում են, թե Արտավանի դպրոցն ուզում են փակել: Եթե փակեցին, մի մեծ կողպեք էլ թող գյուղի վրա կախեն՝ գյուղը կդատարկվի»,-մտահոգվում է տիկին Էմման:

Գյուղերի խոշորացման ծրագիրն եւս տիկին Էմմայի կարծիքով սամանամերձ գյուղերին ոչ մի լավ բան չի խոստանում: Ամեն ինչ օպտիմալացնելու մոլուցքն, ըստ արտավանցի տիկնոջ, գյուղերը դատարկելու ամենաուղիղ ճանապարհն է: 2016թ-ի հոկտեմբերի 2-ին համայնքների խոշորացման ծրագրով Արտավանն ու Վայոց ձորի մարզի եւս 8 գյուղ միավորվեցին Զառիթափի փնջում: Խոստացված դրական փոփոխությունները լեռնային Արտավանում առայժմ նկատելի չեն:

Համայնքապետարանի օպերատոր Մանվել Գեւորգյանի փոխանցմամբ 5-ամյա զարգացման ծրագրում միջպետական մայրուղուց մինչեւ գյուղ ընկած 8 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը ներառված է, ինչպես նաեւ գազիֆիկացումը: Թե որ ծրագիրը, որ տարում իրականություն կդառնա՝ չեն կարող ասել: «Գյուղը չունի գիշերային լուսավորության ցանց: Վիվասելի՝ սահմանամերձ գյուղերում իրականացվող ծրագրերի շրջանակում, այս գարնանը մեր գյուղում էլ մոտ 3 կմ-ի չափ ցանց կանցկացվի»,-ասում է Մանվել Գեւորգյանը:

Փնջում ներառված Մարտիրոս գյուղում ստեղծվելու է գյուղտեխնիկայի պարկ: Մանվել Գեւորգյանն ասում է, որ այդ ծրագիրը խնդրահարույց է լինելու միայն Արտավանի ու Սարավանի համար: «Մենք ավելի հեռու ենք գտնվում ու քանի որ գյուղատնտեսական աշխատանքները միաժամանակ է սկսվում, հնարավոր է մենք մի քիչ տուժենք՝ գյուղտեխնիկան ուշ հասնի մեր համայնքներ»,-նկատում է զրուցակիցս:

Փաստացի գրանցումով 300 բնակիչ ունեցող գյուղում մշտապես բնակվողների թիվը մոտ 240 է: Բնակիչներ մի մասը ձմռանը հեռանում է գյուղից եւ վերադառնում միայն ամռանը՝ օրերը տաքանալուն պես: Արտավանում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ այգեգործությամբ: 350 գլուխ խոշոր եղջերավոր, 600 գլուխ էլ ոչխար ու այծ են պահում արտավանցիները:

108 հա խոտհարք ունեն՝ հիմնականում ցանովի:  412 հա վարելահողն եւս հիմնականում խոտհարքի տեղ են օգտագործում՝ առվույտ եւ կորնգան են ցանում, որպես անասնակեր: «Անցած տարի ոնց որ աշխուժացում կար գյուղում, գարու սերմնացուն պետությունը սուբսիդավորեց, մարդիկ վարելահողերը մշակեցին: Էս տարի 130 դրամից սերմացուի 1 կգ –ի գինը բարձրացավ 240 դրամ, մենք էլ 5,5 տոննայի պահանջարկ էինք ներկայացրել կառավարություն, որ ստանայինք, բայց որ սուբսիդավորումը դուրս եկավ՝ բոլորը հրաժարվեցին»,-ասում է Մանվել Գեւորգյանը:

Երկնքի փեշերին այդքան մոտ Արտավանում եկեղեցի չկա: Աստծո տնից փրկված խաչքարերն, ինչպես Ֆրունզե Դովլաթյանի հայտնի «Մենավոր ընկուզենին» ֆիլմում, պարզապես շարել են բաց երկնքի տակ՝ պահ տալով ծերացող ընկուզենուն: «Գուցե մի օր մենք էլ եկեղեցի ունենանք,-նկատում է գյուղի բնակիչներից մեկը,-մեր նախնիները, որ 1830թ-ին գաղթել են Խոյից ու Սալմաստից, հիմնել գյուղը՝ նախ աղոթատեղի են սարքել, հետո դպրոց: Դրա շուրջ է հայ շենը կանգուն: Հիմա մենք չունենք եկեղեցի, ոչինչ, եթե էլի չունենանք, բայց եթե որոշեն դպրոցը փակել՝ համարեք, որ փակվելու ու դատարկվելու է գյուղը»:

Գլխավոր լուսանկարում Արտավանի փոստատան հնամյա շենքն է

Մեկնաբանություններ (1)

Արեվ Բաղդասարյան
Այս տեսանյութը նայելով մեց ցավ ապրեցի Արտավանի աշակերտների համար, իմ աշակերտների համար,որոնց ես պարապել եմ գործուղվաց լինելով ԿԳՆ կադրերի կողմից:Բնակվելով Արաբկիր վարչական համայնքում ես չզլացա գործուղվել 160 կմ հեռավորության վրա գտնվող Արտավան գյուղում աշխատելուց: Անհամատեղելի տեխնկական և ֆինանսական մի շարք հարցերի պատճառով,նախարարի թույլտվությամբ դադարեցրեցի պայմանագիրը ժամկետից շուտ: Ցանկալի կլինի և անհրաժեշտ է դպրոցի գործունեությունը գյուղում,սերունդի կրթումը Արտավանում , հետագայում հնարավորություն կտա ամրանալու և կառչելու իրենց բնակավայրին: Գյուղը այսօր խնդիր ունի արտագաղթի հետ,իսկ դպրոցի փակվելը կնպաստի դրա արագ ընթացքին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter