HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին բմբուլը

Մանե Գրիգորյան

Աղջկա հագին սպիտակ խալաթ էր, դեմքին ամոթխածության ինչ-որ երանգ կար, կարմիր շղարշ, որ մեդուզայի իր թափանցիկ տաք մատները փռել էր նրա երեսին: Մաշկը գարնանային առաջին անձրևները ներծծած ասֆալտի էր նման. դրանից թարմություն էր փչում: Խալաթը ծածկում էր ձեռքերի երկարությունը, բայց մատները՝ որպես տերևազուրկ ճյուղեր, դուրս էին ցցվել: Ձեռնափերը խոնավ էին:

Տղամարդը վերելակից դուրս գալիս աղջկան բարի օր մաղթեց, աղջիկը արագ ժպտաց, տղամարդուն ուղեկցող կինը զգաց նրանց երեքի միջև առկա տարածությունը որպես կրծքավանդակը սեղմող սիրտ, որպես աչք լցվող  արցունք:

Կինը տեսել էր աղջկան լողավազանում, առանց խալաթի, կարմրահեր մեկ այլ աղջկա հետ միասին, որի վերև հավաքած կարմիր հյուսերը թռչնի բնի էին  նման, թվում էր, եթե կարմրահերը ազատ արձակեր մազերը, ապա ոջիլի պես մազերից կառչած կլինեին հազարավոր  մանր թռչուններ: Արյան ջրվեժի պես կթափվեին նրա կարմիր ալիքված հյուսերը սպիտակ մարմնին, կծածկեին նրա կրծքերը, մեջքը, ողերը, կռինչները կխլացնեին նրա մարմնի  դողը:

Կինը նայեց աղջիկներին, ոչ հեռու անցյալում մնացած ինչ-որ բան, որ միայն տարիքին է հատուկ, թույլ նվվաց նրա մեջ: Նա հիշեց, թե ինչպես իջավ մեքենայից, ու երկար ճանապարհից հետո առանց լողանալու շտապեց նրա մոտ, նրա՝ այն մյուսի, որ կյանքում միայն մեկ ագամ է լինում, ու զգացածդ այդպես էլ մինչև վերջ  դուրս ընկած թաթով շուն է մնում, որ էլ չի կաղկանձում, չի հաչում, այլ թույլ, միապաղաղ նվվոց է դառնում: Կինը հիշեց, թե ինչպես  առանց լողանալու գնացք նստեց, զգաց սեփական մարմնի խտությունը, պտույտ կատարեց թուրքական թաղամասում, ավտոմատից զանգահարեց նրան, որ ասի, որ շուտ է հասել, ավելի ուշ փորձեց թաքցնել մարմնի հոտը, էլ ավելի ուշ գնացքում այնքան լայն ու ինքնամոռաց ժպտաց, որ ստիպված եղավ  անծանոթին նրա մասին պատմել, ասել, որ վերջնական, անվերադարձ է սիրում, ու որ չկա այլևս ելք ու որ չի վախենում, ու որ արդեն ուշ է:

Կինը նայեց ամուսնուն: Ներսը լցվեց շնորհակալությամբ. նրանից առաջ երբեք տղամարդու  շարժումների, բառերի, լռության, զայրույթի մեջ այդքան խտություն ու ցավ չէր զգացել: Տղամարդու սպիտակ մարմնին որպես չորահացեր դաջված սպիերը անգամ երազում էր տեսնում:

Մթության մեջ ոչինչ չէր տեսնում, միայն զուգահեռ փողոցից եկող մեքենաների լույսերից կարելի էր հասկանալ՝ որտեղից է շարունակվում այդ անտանելի երկար փողոցը. հաշվեց  շրջադարձերը, մեքենայի ապակին ոչ մի վայրկյան չոր չէր մնում:

-Վախենամ, որ մինչև տուն լողանք, չկա այլևս փողոց, որում ջուր չլինի:

Անկախ իր կամքից` տղամարդը միշտ այնպես էր արտահայտվում, որ կինը երկար ճանապարհներին  նոթատետր էր հետը վերցնում, որպեսզի նույնությամբ գրառեր նրա խոսքերը: Թոնրից հանած տաք հաց էին տղամարդու բառերը, կինը մատը մտցնում էր դրանց մեջ, և փափուկ, տաք խմորը գրկում էր նրա ձեռքը:

Նա սիրում էր տղամարդուն:

-Անջատիր լույսը,-ասաց տղամարդը,- և կինը մթության մեջ շարունակեց գրել նրա մասին:

Նավահանգստում են. կնոջ ներսում հանկարծակի սկսեցին սուլել քամիները: Հանդիպած քաղաքները սիրում էր միայն այն դեպքում, երբ քաղաքը նավահանգիստ էր ունենում: Կարևոր չէր, թե ջրերն ինչ ծավալներ կընդգրկեին, ինչ ավազաններ կողողեին, արևի որ բաժինը կհասներ դրանց, սառը, թե պաղ կլինեին, կարևորն այն էր, որ ջրում միշտ նավեր լինեին՝ գնային, մոլորվեին, կորեին, բայց վերդառնային: «Որովհետև նավահանգիստը վերադարձ է»,- մտածեց կինը և լուսանկարեց ծիածանը, որն իր մեջ էր առել պատվանդանին նստած առյուծին: Վերջերս ընդհանրապես ամենուր առյուծներ էր տեսնում. մի օր երազում տեսավ իբր մոր ավտոտնակում փակված առյուծը կերել է մորը, հետո մտովի շրջեց դեպքերը, սպանեց առյուծին, փրկեց մորը, սպանեց մորը, փրկեց առյուծին: Ավելի ուշ մորը պատմեց, որ մի օր, երբ գյուղական մի բակի նկար էր առնում, նկարավաճառ տղան, որ թեթև հարբած էր, նրան ճկույթի եղունգի չափ փոքր կախազարդ առյուծ նվիրեց: Ասաց, որ տարիներ շարունակ, երբ տխուր է եղել, խոսել է առյուծի հետ:

-Դու էլ խոսիր,- ավելացրեց տղան, կամ գուցե ոչինչ էլ չասաց, միայն ասաց, որ կինը վերցնի առյուծը ու չկորցնի, որովհետև նա շատ բան է լսել, որովհետև մինչև ուղնուծուծը  պատմություններով է լցված, ու եթե թափ տա բաշը, բառերի հեղեղ կթափվի:

-Միայն թե խնդրում եմ, չհավաքես այդ բառերը, չփորձես հասկանալ դրանց իմաստը և մտքովդ անգամ  թող չանցնի այդ ամենի մեջ հանկարծ ու խորություն տեսնել:

Կինը  լռեց. մոր ձայնը չլցրեց լռությունը.

-Հիշիր, երբ ինձ առյուծը կերավ, արյուն թափվե՞ց,-անհանգստացած հարցրեց մայրը:

Կինը ոչինչ չհիշեց:

Հիշեց միայն, որ երբ քայլում էր նավահանգստի այն հատվածում, որտեղ ցուցանակին գրված էր՝ տարածքը չունի ձմեռային հսկողություն, քայլել սեփական կյանքը վտանգելու համարձակությամբ, թիկունքում, շատ մոտ, ճայի ձայն լսեց: Մի պահ թվաց` ճայը այնքան մոտ է, որ կարող է անցնել ոտքերի արանքով, թևահարել նրա մազերը, փետուրներ թողնել վերարկուին, ի վերջո, ճայը կարող էր չնկատել ու ճեղքել նրան. կինն այնքան փխրուն էր:

-Կներեք, երեխան սիրում է թռչունների ձայներ հանել,- շեկլիկ տղան նայեց կնոջը ու ժպտաց, գուցե կնոջը չնայեց, բայց հաստատ չդադարեց ժպտալ, ուրեմն մինչ այդ էլ էր ժպտում:

-Ամեն ինչ կարգին է,- ասաց կինը, ու սիրտը սեղմվեց այդքան առատ խաղաղությունից:

Տղան 10-ական, 20-ական, նորից 10-ական ցենտ նետեց ջրից ելնող խողովակի մեջ ու, նայելով կնոջը, ասաց, որ ճայերը արձագանքում են զնգոցներին, դրա համար անպայման  պետք է կոպեկներ նետել ջուրը:

-Իսկ ես գիտեի՝ վերադառնալու համար է պետք նետել,- ասաց կինը, որովհետև հավատում էր՝ կվերադառնա, ասաց, բայց ոչ մի կոպեկ չնետեց, վախեցավ իր իսկ սնահավատությունից, նայեց թաց ասֆալտին, հիշեց կարմրահեր աղջկա` թռչնի բույն հիշեցնող մազափունջը, մտովի արձակեց նրա մազերը,  շոյեց  դեմքի աննկատ ստվերները, վերցրեց մազարմատին՝ ոտքերը մազափնջի մեջ խճճած դեղձանիկին, պահեց նրան իր թաց ափում:

Կեսգիշերին արդեն սև անտառում էին: Կինը հողաթափով փորձեց սպանել հյուրանոցային իրենց  սենյակը մտած միակ ճանճին, տղամարդն ասաց՝ ախր չէ որ օրերը տաքացել են, իսկ դու ուզում ես ոչնչացնել տաքացող օրերի նշանները:

Քնեցին:

Նորից սև անտառում են. այստեղ մարդիկ ժամագործներ են, անգամ քաղաքի թանգարանում պատմության զգալի մասը ժամագործներն ու ժամացույցներն են լցնում, թեպետ այն բնավ էլ ժամացույցի թանգարանը չէ:

Կնոջը պատից կախվող ժամը մեկ թռչնի ձայներ հանող  ժամացույցների խանութում թվաց, թե դայլայլողը վաճառողն է, կինը շրջեց գլուխը, ծլվլոցը համառորեն շարունակվեց, իսկ երբ նորից նայեց վաճառողին, նրա փոխարեն մի պահ իսկապես անծանոթ թռչնի աչքեր տեսավ: Հիշեց, որ մի անգամ երազում Լենոռման անունով մի թռչուն էր հայտնվել մոր տան պատշգամբում, թռչունը բազրիքից կախել էր գլուխը, իսկ պոչն ու հետույքը վերև էին բարձրացրել, ու թեպետ սպիտակ էր, ինչպես ձյունը, այնուամենայնիվ, երբ կինը տեսավ խոհանոցի նեղ առաստաղին ոտքերը ասես սոսնձած, գլխիվայր իրեն նայող թռչունին,  թվաց՝  տեսածն ածուխ է:

Կինը ձեռքով սրբեց դեմքը: Զգաց` ինչպես է տագնապը ոտնամատերից դեպի վերև՝ աչքերը լցվում:

Լավ չէր քնել: Անընդհատ մտածում էր, որ անցյալում մի բան չի վերջացրել, որ վերջնական չի թաղել մեռած հորը, չի սպանել գիշերվա սարսափները, քարշ է տալիս իր հետ տարիների ընթացքում կուտակած թյուրիմացությունները, և, որ ամենակարևորն է, կինը զգում էր, ինչպես երբեմնի ներսում բոցկլտացող աստղը, դրանցից ամենավառը, սև խոռոչ է դարձել: Ու միայն կինը գիտեր` որքան ցավոտ ու որքան խորն է այդ խոռոչը:

Գիտեր ու փորձում էր մոռանալ ցավի անունը, սեռը, հոտը… «ի վերջո, դա ընդամենը ձախողում էր, ընդամենը սովորական ձախողում, իսկ եթե ավելի անկեղծ լինեմ ինքս ինձ հետ, ապա կընդունեմ, որ ոչինչ ավելի լավ չէր լինի, եթե չձախողվեինք, եթե ներեինք, եթե խոցված ու հպարտ չլինեինք, եթե համբերություն ունենայինք, եթե հանդուրժեինք»,- մտածեց կինը, ու նորից սրբեց դեմքը, ասես փորձեց ջնջել սև անտառը:

-2,5 կիլոմետր ուղիղ գնալու դեպքում կարող ենք աշխարհի ամենամեծ կկվով ժամացույցը տեսնել,-ասաց կինը տղամարդուն, որովհետև տեսել էր ցուցանակը, տեսել էր նաև անտառի բերանին երկաթե սյունին խաչված Հիսուսին. չնայած ոչ մի ակնարկ չկար, որ թեքվող, ոլորապտույտ ճանապարհների վրա` մի տեղ վերևում, կարելի է  տեսնել նրան. գլուխն այնքան եթերային, թեթև էր իջել ուսին, ասես մարմինը վատ եղանակներին չէր կարկտահարվել, ասես նա թռչուն էր, ասես ուր որ է կբարձրացներ ոտքը և ոտքը կթռչեր սև անտառում: Կնոջը թվաց, թե զգում է նրա համբարձումը, մի պահ մտածեց` եթե չիմանար Հիսուսի պատմությունը, արդյոք նույնը կզգար, արդյոք կհավատար համբարձմանը, արդյոք կսիրեր նրան:

Նրանք երկար նայեցին պտտվող անիվներին. տղամարդը երկար խոսեց, լցրեց կնոջը ծանոթ շնչով, բառերի տաքությունը, որ միայն նրանից էր զգում, ծածկեց կնոջ ականջները: Տղամարդը կնոջը պատմեց, թե ինչպես է աշխատում ժամացույցը, բայց լռեց ժամանակի մասին. նրանք երկուսն էլ զգացին, թե որքան փոքր են ծանր շնչառությամբ դանդաղ պտտվող այդ անիվների առջև:

-Ժամացույցը ճշգրի՞տ է ցույց տալիս,-հարցրեց տղամարդը:

Պարզվեց, որ  խոնավ, թաց եղանակներին փայտը մաշվում է և  կարող է երբեմն կորցնել ճշգրտությունը: Հնարավոր է առհասարակ մի օր խոնավությունը ուտի փայտե ժամացույցը, ով իմանա:

Հետդարձի ճանապարհին կինը նկատեց ծառեր, որոնք Դյուրերի նկարները կրկնօրինակելիս էր տեսել, նայեց ու մտովի քաշեց այն գծերը, որոնք հենց այդ ծառերի համար էին պետք. պատկերացրեց Ալբրեխտի դիմագծերի բարակ թախիծը ու տխրեց:

Երեկոյան լուռ ընթրիքի ժամանակ կինը տղամարդու պատառաքաղին կանգնած  սպիտակ խալաթով աղջկան տեսավ:

Տղամարդը նայեց կնոջը, ժպտաց ու, շոյելով նրա ձեռքը, ասաց.

-Սիրելիս, սպասիր, մազերիդ մեջ դեռ նավահանգստի ճայերն են,- ասաց ու կնոջ մազերից դուրս քաշեց մի բմբուլ:

Կինը նկատեց, որ հենց այդ պահին աղջիկը,  ինչպես մի ժամանակ լողավազանում, նույնությամբ մի կողմ նետեց խալաթը ու  վերածնելով ինքն իրեն, այս անգամ` կնոջ մարմնում, սարսափահար ցատկեց տղամարդու բաժակի մեջ. սեղանին նետված մնաց սպիտակ խալաթը, որ կոպեկների զնգոցներին այլևս չարձագանքող երիտասարդ ճայ էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter