HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Պայմանագրային զինվորները ծխախոտի համար կստանան 265 դրամ, ժամկետայինները՝ 30 դրամ

Կառավարության փետրվարի 23-ի նիստում որոշվեց, որ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի ծառայողներին խաղաղ ժամանակ այլևս ծխախոտ չի տրամադրվի: Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացնող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ ծխախոտ ձեռք բերելու գումարը կավելացվի զինծառայողների ստացած հավելավճարին, որպեսզի ծխողները կարողանան ընտրել իրենց նախընտրած ծխախոտը, իսկ չծխողների շրջանում չխրախուսվի ծխելը:

Վիգեն Սարգսյանը նաև պարզաբանեց, որ որոշումը վերաբերում է ոչ թե պարտադիր ժամկետային զինծառայողներին, այլ պայմանագրայիններին: «Ժամկետային զինծառայողների ծխախոտի խնդիրը փոխհատուցվել է գումարով դեռ տարիներ առաջ, և ժամկետային զինծառայողները ծխախոտ չեն ստացել այսպես թե այնպես»։

Նիստի նախորդ օրը այս հարցին անդրադարձել էր նաև պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ ժամկետային զինվորներին ծխախոտ չի հատկացվում 2008թ-ից:

Իրականում, ինչպես «Հետք»-ի հարցմանը պատասխանել են նախարարությունից, պարտադիր ժամկետային զինծառայողներին ծխախոտի փոխարեն գումար հատկացնելու փոփոխությունը կատարվել է 2006թ-ին: Խաղաղ ժամանակ զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորներին մինչև այդ հատկացվող օրական 20 գլանակ առանց զտիչի ծխախոտի փոխարեն տրվող գումարի ամսական չափը սահմանվել է 1000 դրամ: Այսինքն, հաշվարկվել է, որ ծխախոտի օրական չափաբաժնի համար զինծառայողներին պետք է տրամադրել մոտ 30 դրամ:

Գումարի այս չափը գործում է նաև այսօր: Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողներին ամեն ամիս տրվում է վարձատրություն, որը կոչվում է դրամական ապահովություն: Սրա չափը տարբերվում է` ըստ շնորհված զինվորական կոչումների, և կազմում է 3400-ից («շարքային») մինչև 5300 («ավագ») դրամ: Այս գումարում, ինչպես հաստատել է պաշտպանության նախարարությունը, ներառվել է նաև ծխախոտի փոխարեն հատկացվող 1000 դրամը:

Նշենք, որ այս պահին շուկայում վաճառվող ամենաէժան առանց զտիչի ծխախոտի տուփն արժի 110 դրամ, իսկ զտիչովի տուփը` 300 դրամ. զինվորները գլխավորապես օգտվում են վերջինից: Զորամասերում գտնվող խանութներում ապրանքները սովորաբար ավելի թանկ են վաճառվում: Ծխախոտի փոխարեն զինվորներին տրվող գումարը, փաստորեն, կարող է բավականացնել միայն 3 տուփ զտիչով ծխախոտ գնելու համար:

Ինչ վերաբերում է 2017թ-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող որոշմանը, նշենք, որ դրանով նախատեսվում է մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին տրամադրել օրական միջինը 265 դրամ՝ որպես նախկինում տրվող 20 գլանակ զտիչով ծխախոտի փոխհատուցում:

Նկատենք, որ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը իր պարզաբանման մեջ գրել էր նաև պայմանագրային զինծառայողներին տրամադրվող «համապատասխան լուցկու» մասին, մինչդեռ կառավարության որոշմամբ նրանց միայն ծխախոտ է հատկացվել:

Լուցկի տրամադրվում էր միայն ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողներին, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողներին՝ արտակարգ իրավիճակներում: Նոր որոշմամբ ԱԱԾ ծառայողները լուցկի չեն ստանա, սակայն փրկարարները կշարունակեն ստանալ ամսական 6 տուփ լուցկին:

լուսանկարը` Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter