HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցարարներն այդպես էլ չստացան «Հաց բերող»-ին Եռաբլուրում հուղարկավորելու նամակի պատասխանը

Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի աջակիցներն այսօր կրկին հավաքվել էին  Ազատության հրապարակում։ Նրանք երթով շարժվեցին դեպի դատախազություն, արդարադատության նախարարություն եւ կառավարություն։ Երթի սկզբում ցուցարարները փորձեցին փակել Մաշտոցի պողոտայի մի հատվածը, դա լարված իրավիճակ ստեղծեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին հորդորեց բացել փողոցը՝  չխանգարելով երթեւեկությանը։

Այնուհետեւ երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ամիրյան փողոց, որտեղ ցույցի կազմակերպիչ Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ երեկվա համեմատ այսօր քիչ են եւ երեւանցիներին կոչ արեց դուրս գալ փողոց․ «Անմասն չմնալ սահմանվող իրադարձություններին, իրենց ներդրումն ունենալ ճշմարտության բացահայտմանը, հանցագործների պատժմանը և, ի վերջո, հզոր, ազատ ու արժանապատիվ երկիր ստեղծելու կարևորագույն և սրբազան գործին։ Կոչս հստակեցնեմ՝ տարածում ենք այն գաղափարը, որ ամեն օր պետք է հավաքվենք և պետք է շատանանք, ոչ թե քչանանք։ Նախորդ անգամ ավելի շատ էինք։ Այնքան ենք անելու, որ թնդացնենք ամբողջ Երևանը։ Ամբողջ Երևանի փողոցներով պետք է Հայաստանի արժանապատիվ քաղաքացին դուրս գա փողոց։ Կանգնի ու Արթուրի  հիշատակը վառ պահելով թույլ չտա հանցագործ ռեժիմին շարունակել իրենց գոյությունը»։

Այս հայտարարությունից հետո երթը բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ շարժվեց դեպի դատախազություն և արդարադատության նախարարություն։ Այս ճանապարհին ցուցարարները վանկարկում էին. «Արթուր», «Հաց բերողին սպանել են», «Մարդասպան»։

Դատախազության դիմաց ոմանք ճեղքեցին ոստիկանական պատը և մոտեցան դատախազության շենքին` վանկարկելով «Հաց բերող»։ Ցույցի մասնակիցները  մեղադրանքներ հնչեցրին դատախազության հասեցին` ասելով, որ Արթուր Սարգսյանին սպանեցին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ դատախազության միջոցով։

Շահեն Հարությունյանը կոչ արեց գլխավոր դատախազին հրաժարական տալ, քանի իրենք քիչ են և հանգիստ ձևով զգուշացնում են, հակառակ դեպքում հետագայում այլ «պայմաններ կթելադրեն»։

Ապա ցուցարաները շաժվեցին կառավարության շենք, որտեղ նրանց սպասում էին բազմաթիվ ոստիկաններ և լարված իրավիճակ։

Այստեղ ցուցարարները պահանջեցին վարչապետի օգնականին երեկ փոխանցած իրենց նամակի պատասխանը։ Հիշեցնենք, որ երեկ Արթուր Սարգսյանի աջակիցները Կարեն Կարապետյանին նամակ էին փոխանցել՝ պահանջելով Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում։

Տեւական ժամանակ վարչապետի օգնականից եւ կառավարությունից ցուցարարները պատասխան չստացան, և Շահեն Հարությունյանը զգուշացրեց, որ 10 րոպե ժամանակ են տալիս՝ կառավարության պատասխանը ստանալու համար։ 10 րոպե անց ցուցարարները շարժվեցին Նալբանդյան փողոց և նստեցին թաց ասֆալտին` կրկին կառավարության ներկայացուցիչներին ժամանակ տալով։ Նրանք նաև զգուշացրին, որ պատասխան չստանալու դեպքում այլ քայլերի կդիմեն։ Ապա Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա որևէ լուր ունի կառավարության պատասխանի մասին, ով հայտենց, որ նրանց հետ չի զրուցել և տեղեկատվություն չունի։

Կրկին կառավարությունից լուր չստանալով` երթի մասնակիցները շարժվեցին կառավարության դիմաց և փակեցին գլխավոր փողոցը։ Այս հանգամանքը բարկացրեց ոստիկաններին և նրանք, շղթա կազմելով, փորձեցին բերման ենթարկել փողոցում նստած ցուցարարներին, ինչն էլ ավելի լարեց իրավիճակը։ Սկսվեց հրմշտոց ցուցարարների և ոստիկանների միջև։

Ցուցարարները սկսեցին վանկարկել «Շահեն»` ենթադրելով, թե Շահեն Հարությունյանին բերման են ենթարկել։ Ապա Շահեն Հարությունյանի մայրը բարձրախոսով հայտարարեց, որ եթե երեխաների «գլխից մի մազ պակասի», իրենք կդառնան մահապարտներ և այդ ամենի պատասխանատվությունը կընկնի կառավարության ուսերին։

Ապա ոստիկանական շղթային հաջողվեց րոպեների ընթացքում նստացույցի մասնակիցներին դուրս բերել երթևեկելի փողոցից և թույլ տալ երթի մասնակիցներին մոտենալ միմյանց։

Այդպես էլ կառավարությունից պատասխան չստանալով՝ ցուցարարները շարժվեցին Ազատության հրապարակ նստացույցի՝ վաղը ժամը 18։00-ին կրկին հանդիպելու պայմանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter