HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Another Brick in The Wall. Օպերա փինքֆլոյդյան հայտնի «Պատի» մասին

Անցնող շաբաթվա երաժշտական հետաքրքիր իրադարձություններից մեկը «Another Brick in The Wall: L'Opéra» օպերայի երկար սպասված համաշխարհային պրեմիերան էր: Այն տեղի ունեցավ կանադական հայտնի «Opéra de Montréal» –ում, մարտի 11-ին  : Ասում են՝ դասական ձևաչափով և մոդեռն լուծումներով կառուցված այս օպերան հոտընկայս ծափահարություններով է դիմավորվել անգամ մինչև նվագախմբի երաժշտական մուտքը: Դահլիճը ոտքի է կանգնել, երբ հայտարարվել էր, որ պրեմիերային ներկա է նաև Ռոջեր Ուոթերսը՝ այս անգամ որպես լիբրետիստ և, իհարկե, «The Wall»-ի հեղինակ: «Another Brick in The Wall: L'Opéra» -ն հիմնված է «Փինք Ֆլոյդի» հանրահայտ «The Wall» («Պատը») ռոք օպերայի հիման վրա: Մտահղացման հեղինակը ռեժիսոր Դոմինիկ Շամպանն է (Dominic Champagne) , կոմպոզիտորը՝ Ժուլիեն Բիլոդուն (Julien Bilodeau)  :

Դեռևս 2016թ. Մոնրեալի օպերային թատրոնի տնօրեն Պիեր Դյուֆուրն ասել էր, որ մասշտաբային նախագիծ է ներկայացվելու՝ նվիրված Մոնրեալի հիմնադրման 375-ամյակին: Երեք տարվա աշխատանքի արդյունքը սպասված էր բոլոր երկրպագուների, այդ թվում՝ Դյուֆուրի համար, ով, ինչպես խոստովանել է, շարունակ լսում է «The Wall»-ը՝ իր թողարկման առաջին տարվանից մինչ հիմա (1979թ. է թողարկվել):

Իր բծախնդրությամբ և բարդ խառնվածքով հայտնի Ռ. Ուոթերսը սկզբում անհավանական է համարել գրեթե 40-ամյա պատմություն ունեցող այս ստեղծագործության նոր մեկնաբանությունը և, ինչպես սպասելի էր, մերժել է: Սակայն Շամպանի համառ պնդումներից հետո ի վերջո համաձայնել էր աշխատելու հնարավորություն տալ: Իհարկե, իր վերահսկմամբ: Ուոթերսի դեպքում, այլ տարբերակներ գրեթե բացառվում են: «Rolling Stone» ամսագրի փոխանցմաբ՝ Ուոթերսը տեղի էր տվել, երբ ծանոթացել էր երաժշտությանը: «Ես մտափոխվելու ակնկալիք բացարձակ չունեի,- ասել է նա,- բայց այն հուզիչ էր և սկսեցի մեծ ոգևորությամբ մոտենալ գործին»  : Օպերան այդ թատրոնի բեմում կշարունակվի ներկայացվել մինչև մարտի 27-ը:

Ռոջեր Ուոթերս. Լուսանկարը վերցված է www.independent.co.uk-ից

Եթե հիշում եք, «Պատը» ստեղծվեց կանադական մի համերգային պատմության ազդեցությամբ: Խմբի «Animals» ձայնասկավառակին սատարելու նպատակով կազմակերպված համերգային շրջագայության ընթացքում մի անցանկալի միջադեպ տեղի ունեցավ, որը հետագայում ծանր ազդեցություն թողեց Ռ. Ուոթերսի կյանքում: Աշխատանքային ծանր ու հյուծիչ գրաֆիկը երաժիշտների վրա թանկ արժեցավ. Մոնրեալում տեղի ունեցող համերգի ընթացքում, չդիմանալով երկրպագուների աղմուկին և անկարգությանը՝ Ուոթերսի գերլարված նյարդերը տեղի տվեցին, և նա թքեց բարձր գոռացող երիտասարդներից մեկի վրա: Իր այս արարքի պատճառով նա խորը դեպրեսիաների մեջ ընկավ, որից հետո ծնվեց պատ ստեղծելու գաղափարը: Սկզբում այն իրական պատ էր երաժշտի և հանդիսատեսի միջև՝ խուսափելու նման խնդիրներից, իսկ հետո՝ «Պատ»-գլուխգործոց՝ անհատի և  հասարակական նորմերի միջև բախմամբ:

Եվ ահա տարիներ անց, այսպես ասած, նույն միջավայրում Ուոթերսը կրկին հանդիպում է իր ունկնդիրների հետ՝ նոր պատասխանատվությամբ ու սպասելիքներով:

«Pink Floyd»-ի «The Wall»-ն արդեն վաղուց դասական է: Այս գործի կենդանի համերգները վստահաբար կփաստեն, որ մշտապես ահռելի աշխատանք և երևակայական ներդրումներ ընդգրկող շոու-բեմադրություններ են եղել՝ տպավորիչ էֆեկտներով ու չափազանց ազդեցիկ երաժշտությամբ: Այն իր տեսակով, գաղափարախոսությամբ և կատարմամբ հաստատուն, անխախտ կառույց է: Ուստի դրան ձեռք տալը խենթության հասնող համարձակություն է: Հետևելով համաշխարհային մամուլի անդրադարձերին և հատվածաբար հրապարակված ձայնագրություններին՝ մեծ մասամբ պարզ է դառնում, որ հանրահայտ և պատմության մեջ վերջնականապես ամրագրված այս գլուխգործոցն իր նոր «հագուստի մեջ» գեղեցիկ տեսք է ունեցել: Ուրեմն բեմադրությունն ՝ իր նոր մեկնաբանությամբ, հաջողված կարելի է համարել. փինքֆլոյդականներ, կարող ենք թեթևացած և խորը շունչ քաշել:

Օպերային այս մեկնաբանությունն, ինչ խոսք, տարբեր է հիմնական գործից. Նախ՝ այն իր հիմքի ամբողջական վերարտադրությունը չէ, թեպետ գաղափարական առումով հնի ու նորի միաձուլում է: Բայց մեծ իմաստով, «Another Brick in The Wall»-ը մեկնաբանել են որպես օպերա՝ «The Wall»-ի մասին: Այստեղ առանձնացված են բնօրինակի հայտնի գործեր, որոնք կազմել են օպերային ձևաչափի բուն առանցքը: Նոր ձևաչափի մեջ ոչ շատ կտրուկ, նրբորեն ընդգծված պահպանվել են հեղինակի ընկալումներն ու վերաբերմունքը քաղաքականությանը, սոցիալական, հասaրակական նորմերին: Ունկնդրի լսողության մեջ արդեն վաղուց մեխված ռիթմերն ու պատկերները այստեղ ներկա են, բայց միևնույն ժամանակ սահուն տեղափոխվում են ետին պլան՝ իրենց տեղը զիջելով օպերային երաժշտությանն ու ներկայացմանը հատուկ էլեմենտներին, թատերական հնարքներին՝ լուսային էֆեկտների համապատասխան լրացումներով: Հնարավորինս մանրամասն բնութագրելով այս օպերայի կառուցվածքն ու էությունը՝ brain-damage.co.uk կայքը նշում է, որ «Another Brick in The Wall»-ը մեզ քաջ հայտնի «Պատը»-ը  հուզական խոր տեսանկյունով է ներկայացրել՝ երբեմն այն հասցնելով  հոգևոր աստիճանի: 

Օպերային «Պատի» պրեմիերայից առաջ Ռոջեր Ուոթերսը տարբեր լրատվամիջոցներում հանդես է եկել մի քանի հարցազրույցներով, որտեղ պատմել է իր զգացողությունների, ակնկալիքների և նոր ներկայացման հանդեպ իր վերաբերմունքի մասին:

Երբ առաջին անգամ նա կարդաց Մոնրեալի օպերային թատրոնի տնօրեն Պիեր Դյուֆուրի՝ իրեն ուղղված նամակը, որում ասվում էր օպերա ստեղծելու մտահղացման մասին, Ուոթերսը արձագանքեց շատ արագ՝ հակիրճ ու բավականին կտրուկ պատասխանով.  «Ռոքնռոլային նյութի՝ սիմֆոնիկ կամ օպերային որևէ բանի փոխակերպման փորձերը անզիջում աղետներ են, միշտ»: Դյուֆուրն իհարկե չհամաձայնեց՝ կատակելով, թե դա սարսափելի գաղափար է: Հետո, երբ Շամպանի «հետապնդումներից» ազատվելու համար ցանկություն հայտնեց ծանոթանալ երաժշտական որոշ կտորների, նա, այլ կերպ ասած, զինաթափվեց: Նույնիսկ ասաց, որ չի խառնվելու ընթացքին: «Մասնավորապես այն պատճառով, որ ես տեսակով վերահսկող մարդ եմ և բացի այդ՝ նրանք լավ են աշխատում: Այպես որ, անհամբեր սպասում եմ նրան»,- ասել է Ուոթերսը:

Սակայն վերահսկող բնույթով այս երաժիշտը բնականաբար չէր կարող հանգիստ իր տեղում նստել ու սպասել: Ուստի շուտով հանդիպեց անձնակազմի հետ, մանրամասն ծանոթացավ նախապատրաստական աշխատանքներին, երաժշտական մասին, բեմական ձևավորմանը, ոգևորվեց և հիացավ ներկայացման մեջ ընգրկված հսկա երաժշտակազմով, ճշտեց, թե ինչ տեսանյութեր են առանձնացվել և այլն: Մարտի 11-ին Մոնրեալի օպերային թատրոնը հոտընկայս ծափահարում էր «Another Brick of The Wall: L'Opéra»-ի ողջ ստեղծագործական խմբին. Ծափահարություններն առավել բուռն ու բարձրաձայն կոչերով հնչեցին, երբ բեմից խոնարհվում էր ինքը՝ Ռոջեր Ուոթերսը:

Երաժշտի խոստովանությամբ՝ ինքն ամենևին մտահոգված չէ, որ նոր՝ օպերային ձևաչափով «Another Brick in The Wall»-ը կարող է ինչ-որ բան փոխել արդեն դասական ընկալվող բնօրինակի կյանքում: Նա գտնում է, որ այս տարբերակն առավելապես օպերային հանդիսատեսի համար է, ոչ թե ռոքին հավատարիմների: Եվ հիմա, ծափահարությունների և օվացիաների արձագանքներն իր հոգում՝ սպասում է օպերայի ամերիկյան պրեմիերային: Այն տեղի կունենա 2018թ. հուլիսին` Ցինցինատիի համերգասրահում՝ սիմֆոնիկ նվագախմբի, 8 սոլիստների և  48 հոգանոց կազմով երգչախմբի կատարմամբ: « Երաժշտության առումով ամեն ինչ անթերի է,- ասել է Ցինցինատիի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը՝ անդրադառնալով մտահոգիչ՝ ուղևորություն ռոքից դեպի օպերա խնդրին,- բացահայտումն այն է, թե ինչպես է հաջողվել այդ մեղեդիները փոխակերպել իրական օպերային խոսքի»: 

Լուսանկարները՝ Իվ Ռենուի (Yves Renaud)

Մեկնաբանություններ (1)

Artur Khachatryan
Շնորհակալություն ինֆորմատիվ և գեղեցիկ հոդվածի համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter