HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեի պատասխանը Արթուր Սարգսյանի դիահերձումը հետաձգելու մասին հրապարակմանը

«Գրավոր որևէ միջնորդություն` փորձաքննության կատարումը հետաձգելու մասին չի ստացվել»,- պատասխանելով Արթուր Սարգսյանի դիահերձումը հետաձգելու վերաբերյալ հրապարակմանը՝ արձագանքել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Սակայն, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից Դավիթ Գյուրջյանը տեղեկացրեց, որ Տիգրան Եգորյանն առձեռն է միջնորդությունը փոխանցել քննիչին, իսկ Դավիթ Գյուրջյանը էլեկտրոնային փոստով է ուղարկել այն: Տիգրան Եգորյանի փոխանցմամբ` քննիչը ստորագրել է, որ ստացել է միջնորդությունը:  

Բացի այդ, Սոնա Տռուզյանը նշել է, որ մարտի 17-ի առավոտյան քրեական գործի հարուցումից հետո վարույթն իրականացնող մարմինը պարբերաբար կապի մեջ է եղել իրավահաջորդների ներկայացուցիչների հետ, շարունակել են քննարկումները փորձագետների մասնակցությունն ապահովելու համար` իրազեկելով նաև դիահերձումն իրականացնելու ժամկետների սահմանափակումների մասին:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականն անդրադարձել է նաև դիահերձման ժամկետներին՝ ընդգծելով, որ, ըստ մասնագետների, դիահերձումը պետք է կատարվի 12 ժամ հետո, բայց 48 ժամվա ընթացքում, այլապես մասնավորապես բջջային կազմն է վերանում, ձևաբանական փոփոխություններ են տեղի ունենում, ինչն աղավաղում է օբյեկտիվ պատկերը: «Բայց փորձագետներն այդպես էլ չեն ժամանել Հայաստան, իսկ դիահերձման ձգձգումը կարող էր վտանգել փորձաքննության կատարումն ընդհանրապես»,- նշված է Քննչական կոմիտեի պատասխանում:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդել էին դիահերձումը հետաձգել՝ հրապարակելով նաև միջնորդության տեքստը: Նպատակը այդ պրոցեսում միջազգային անկախ փորձագետների ներգրավման ապահովումն է:  

«Համապատասխան սառեցման ռեժիմ ապահովելու պայմաններում դին կարելի է պահպանել մինչև շաբաթ: Ըստ մասնագետների, դա չի հանգեցնի հյուսվածքների այնպիսի քայքայման, որn անհնարին կդարձնի անհրաժեշտ հյուսվածքաբանական հետազոտությունների կատարումը: Ուստի, միջազգային անկախ փորձագետների մասնակցությունն ապահովելու համար միջնորդել ենք ևս մի քանի օրով հետաձգել դիահերձման կատարումը»,- «Հետքին» փոխանցել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: 

Սակայն ժամեր անց դիահերձումը տեղի էր ունեցել: Մենք խոսեցինք նաև տուժողի իրավահաջորդ ճանաչված Արսեն Սարգսյանի՝ Արթուրի եղբոր հետ, ով նշեց, որ գրավոր իր բողոքն է հայտնել դիահերձմանը միջազգային փորձագետներ չհրավիրելու, նրանց մասնակցությունը ապահովելու կապակցությամբ դիահերձումը չհետաձգելու վերաբերյալ: Արսենը չի մասնակցել դիահերձմանը: Պրոցեսն արդեն ավարտվել է: Այս մասին մեզ տեղեկացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: 

Մեկնաբանություններ (1)

Խաչիկ
Անհնար է մեկնաբանել, առանց հայհոյանք հնչեցնելու, ուստի կսպասենք պաշտոնական հրապարակուներին: Մենք հո գիտենք, որ մեր իրավապահ մարմինները :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter