HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցազրույց «Նուբարաշեն» կլոր բանտի 5-րդ հարկում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Բախտակից Արթուր Մկրտչյանի հետ հանդիպել ինձ չթույլատրեցին, թեև երկուսս էլ նույն բանտում ենք փակված արդեն 21-րդ տարին: Փոխարենը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը թույլատրեց գրավոր ուղարկել նամակս ու հարցերս նրան ու ստանալ գրավոր պատասխանները: Ահա, թե ինչ եմ գրել ու ստացել.

Բարի օր, Արթուր

Շուրջ 21 տարի առաջ քե՛զ էլ, ի՛նձ էլ՝ ամիսների տարբերությամբ, դատապարտեցին մահապատժի: Անցած դարից մի քանի մետր հեռավորության վրա ենք գտնվում իրարից, բայց ցմահները նույնիսկ զբոսանքի ժամանակ չեն կարող մեկը մյուսին հանդիպել՝ ի տարբերություն գաղութային ռեժիմի բանտարկյալների:

Հեռուստացույցով ու մամուլից տեղեկանում եմ քո համառ պայքարի մասին թե՛ գործիդ վերաբացման, թե՛ այժմ պայմանական վաղաժամկետ ազատման համար:

Քո առաջարկը՝ հարցազրույց անելու, կարծում եմ, որ աննախադեպ է, երևի, ամբողջ աշխարհում. երկու ցմահ ազատազրկվածների «պաշտոնական» հարցազրույց: Ժամերով, եթե ոչ՝ օրերով կարող ենք զրուցել՝ անցած դարի «Նուբարաշեն» կլոր բանտի դժոխքի հատվածից մինչև մեր օրերը: Բայց քանի որ այս ձևաչափն ունի սահմանափակումներ, անցնեմ հարցերիս.

Ազատություն քեզ

Ընտանիքիդ՝ համբերություն

Ողջույն Մհեր

Իրավացի ես, գրեթե նույն ծաղկուն տարիքում հայտնվեցինք «բորենիների արդարադատության» ճիրաններում: Այո՛, անվերջ կարելի է խոսել այն դժոխքից, որի միջով անցել ենք և շարունակում ենք անցնել, սակայն առավել կարևոր է, որ հիմա յուրաքանչյուրս մեր ուժերից եկած ամենն անենք, որպեսզի հնարավորինս բացառվի անարդարն այս երկրում, որ ոչ ոք իր մաշկի վրա չզգա անարդարության խարազանի դժոխային հարվածները, որի չսպիացող հետքերը կրում ենք մեր վրա ես, դու և շատերն այստեղ:

Հարցազրույց անցկացնելու առաջարկը նաև դրան է միտված: Այս հարցազրույցի օրինակով դու կարող ես հարցազրույցներ վերցնել դատաիրավական և արդարադատության համակարգի պատասխանատուներից, ծառայությունների ղեկավարներից և այն: Օգտագործելով գիտելիքներիդ պաշարը և անցած ճանապարհդ՝ ճշգրիտ դիտարկմամբ վեր հանես համակարգի այն խոցելի բացերն, որոնք խեղում են արդարադատությունը: Դու առավել քան որևէ լրագրող, կարող ես արձանագրել և գնահատական հնչեցնել՝ տվյալ պաշտոնյան լրջախոհ աշխատանք է կատարում, թե զուտ դատարկաբանությամբ է զբաղված, քանի որ դու տեսնում և սեփական մաշկիդ վրա զգում ես համակարգը ներսից:

Շնորհակալությունս եմ հայտնում «Հետք»-ի խմբագրությանը`քեզ այսպիսի հնարավորություն ընձեռելու համար: Որպես թղթակից դու շատ ավելի զորեղ ես հանուն արդարության պայքարում, քան որպես դատապարտված քաղաքացի: Իսկ այժմ փորձեմ հնարավորինս հակիրճ պատասխանել քո հարցերին:

-Եթե չեմ սխալվում, ցմահներից ամենաշատը դու ես հացադուլներ արել, այն էլ մինչև մեկ ամիս՝ պատժախցում ու սոված: «Ցմահների խնդիրը» ինչպե՞ս կձևակերպես:

-Այո՛, բավականին հաճախ եմ հացադուլի միջոցով բողաքի ձայն բարձրացրել հանուն արդարության և օրինականության: Առաջինը 1998թ-ին էր, որով պահանջում էի ստի դետեկտոր անցկացնեն ինձ. դե՛, շատ երիտասարդ էի և միամտորեն հավատացած էի, որ ուղղակի չեն հավատում, որ ես ոչ ոքի չեմ սպանել և դրա համար էլ ինձ դատապարտեցին: Այդ ժամանակ ինձ պատասխանեցին, որ դա չի դիտարկվի որպես ապացույց և հիմք չէ վճիռը բեկանելու: Վերջինն էլ 2015թ. դեկտեմբերին էր`մի քանի տասնյակ դատապարտյալներով պահանջում էինք, որ օրենքները գործեն և ցմահների խնդիրները լուծեն օրենքի համապատասխան: Եկան, խոստացան լուծում տալ մեկ տարվա ընթացքում և կրկին անգամ ոչինչ չփոխվեց:

Ցմահների խնդիրն, ըստ էության, այն է, որ չի աշխատում օրենքը, լրիվ կամայականություն է տիրում, որի հետևանքով ցմահների համար քրեակատարողական համակարգը վերածվել է սպանդանոցի`մարդկանց տանում են դեպի մահ և ոչ թե վերափոխում կամ վերադարձնում ազատություն: Մինչ այսօր տասնյակ մահացածներ, և ոչ մի ազատություն վերադարձած դատապարտված:

-19 տարեկան դու էիր, 20 տարեկան՝ ես, երբ մեզ «գնդակահարեցին»: 21 տարի է անցել. մի ամբողջ կյանք: Դու, ես ու ևս մի քանի ցմահ ազատազրկվածներ պայքարում ենք դատական սխալի ուղղման համաև, իսկ մեկուսարանում կազմվում են ինչ-որ թերթիկներ, որտեղ նշվում է դատապարտյալի ուղղման աստիճանը, ինչն էլ ազդում է պայմանական ազատման վրա: Ի՞նչ կասես այս մասին:

Միայն կայացած, անկախ ու ուժեղ համակարգը կարող է կամք դրսևորել վերաբացելու կասկածելի գործերը և շտկելու դատական սխալը: Իսկ փորձը ցույց է տալիս, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգն անազատ է և թույլ, ուստի նրան վիճակված է կատարել զուտ գործիքի և դահճի դեր, բայց ոչ երբեք արդարադատություն կերտողի:

Ինչ վերաբերում է դատապարտվածի «ուղղման» աստիճանն որոշող թերթիկներին, ապա դրանք ամբողջովին կեղծ չափորոշիչներ են, աչքերին փոշի փչոցի. միակ նպատակը դատապարտյալին շղթայակապ և կամազուրկ դարձնելն է: Չեն գնահատվում բարոյական, մարդկային, հոգևոր արժեքները, այլ որոշիչ են համարվում առարկայական բաները: Օրինակ՝ ես հասարակության համար վտանգավոր եմ համարվել ոչ թե այն պատճառով, որ 21 տարիների ընթացքում թույլ եմ տվել վարմունք, որը վայել չէ մարդուն, հային, քրիստոնյային կամ տղամարդուն առհասարակ, ոչ թե, որ արժեհամակարգս խեղված կամ չձևավորված է, այլ որովհետև բջջային հեռախոսով կապ եմ պահել հարազատներիս հետ և չեմ մասնակցել աշխատանքային, սպորտային, կրթամշակույթային միջոցառումներին: Չնայած այստեղ ԱԺ փոխնախագահ պրն. Շահմազանովի ոճով ուզում եմ հարցնել. «Սուտը «շան տղա՞» է, թե նման միջոցառումներ են անցկացվել ցմահ դատապարտյալների համար:

- Մի կողմից օրենքում գրված է, որ կապն ընտանիքի հետ խրախուսելի է, իսկ մյուս կողմից, եթե հայտնաբերում են բջջային հեռախոս, չեն ներկայացնում պայմանական ազատման: Չի՞ ստացվում արդյոք հակասություն՝ պատժում են հարազատի հետ շփման համար:

-Այո՛, լրիվ հակասական մոտեցում է, և ինձ նույնպես պատժել են դրա համար`չներկայացնելով ՊՎԱ-ի «Հետք»-ն անդրադարձել է իմ դատական բողոքարկմանը այդ հարցի վերաբերյալ: Նշեմ, որ նման արգելանքով դատապարտյալին արհեստականորեն հեռացնում են ընտանիքից, որը հիմնական կապող օղակն է հասարակության հետ, որի գիրկն պիտի, ըստ օրենքի, վերադառնա դատապարտյալը սահմանված ժամկետը լրանալուց հետո, և որը պիտի հանդիսանա գլխավոր մոտիվացիան վերափոխվելու:

- Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը ցմահների նկատմամբ մեր երկրում երբևէ կգործի՞:

-ՊՎԱ (պայմանական վաղաժամկետ ազատման) ինստիտուտը ցմահների պարագայում կգործի, երբ համակարգը կղեկավարեն ոչ թե մարդիկ, ովքեր զուտ «տուն պահելով» են զբաղված, այլ ոլորտն ավելի կատարյալ դարձնելու կամք ու ներուժ ունեցող, խելամիտ ու բարոյական բարձր արժեքներ կրող հայրենանվեր ավանգարդիստները, ովքեր կհաստատեն օրենքի գերակայությունը և կստեղծեն համակարգ, որը կպաշտպանի մարդուն, այլ ոչ թե մարդը ստիպված կլինի պաշտպանվել համակարգից: Նշեմ նաև, որ անօրեն ու կամայական վիճակից տուժում են նաև քրեակատարողական ծառայության, արդարադատության համակարգի շատ իրապես բարեխիղճ աշխատակիցներ, և անօրեն վիճակը հոգեբանորեն կոտրում է այդ տեսակը, ստիպում դառնալ գործիք: Ինչու պիտի հայ սպան իմ առջև գլուխը կախի, քանի որ պարտադրված է անարդար որոշում կայացնել, այլապես կկորցնի թե տարիների քրտնաջան ձեռքբերումները, թե աշխատանքը: Դա անասելի վիրավորանք է հենց պետության հանդեպ, ում ուզում է արժանապատիվ ծառայել այդ սպան:

- Եթե հնարավորություն ունենայիր 3 րոպեով հանդիպելու երկրի նախագահին, ի՞նչ կասեիր:

-Ես ցանկություն չունեմ հանդիպել երկրի նախագահին (անձը կարևոր չէ), ցանկություն կունենայի միայն այն դեպքում, երբ Հայաստանում ժողովրդին վերաբերվեին ոչ թե որպես ծառայի, այլ որպես տիրոջ, և կհանդիպեի միայն շնորհակալություն հայտնելու նպատակով: Թե չէ այսօրվա դրությամբ ինքս էլ շատ լավ գիտեմ հարցերիս և առաջարկություններիս արձագանքը, որոնք պիտի հնչեցնեի նախագահի հետ հանդիպելով:

-Իրատե՞ս ես. արդարությունը կվերականգնվի՞ քո ճակատագրում:

-Դատելով իմ պատասխաններից պարզ է, որ ներկայիս Հայաստանում արդարադատությունը չի վերականգնվի ո՛չ իմ, ո՛չ քո և ո՛չ էլ մյուս անօրեն դատապարտվածների ճակատագրում: Եվ դա պարտադրում է, որ ավելի եռանդուն պիտի լինի մեր յուրաքանչյուրի պայքարը, որ գոնե վաղվա Հայաստանում դա իրատեսական դառնա:

Ես շնորհակալ եմ Աստծուն, որ չլքեց ինձ և այնքան խոհեմություն և ուժ տվեց, որ այսօրվա դրությամբ ես ստիպված չեմ ոչ ոքի առջև գլուխ խոնարհել և բարձր ճակատով շարժվում եմ առաջ: Շնորհակալ եմ սպանված տղաների ծնողներից, որ թույլ չտվեցին ահավոր վիշտը կուրացնի իրենց մարդկային տեսակը: Եվ իրենց նզովքից զերծ պահեցին ինձ, հավատացին իմ անմեղությանը: Դա ավելի կարևոր է ինձ համար, քան դատախազության մեղադրանքը:

Մհեր ջան, քեզ նույնպես քաջ առողջություն, անկոտրուն կամք և շուտափույթ ազատություն եմ մաղթում: Աստված պահապան բոլորիս ընտանիքներին և մեզ:

Հարգանքներով`Արթուր

 

Մեկնաբանություններ (5)

ՀԱՅՈՒՀԻ
Տղաներ ջան, ձեզ արդար դատավարություն ու ազատություն։
Հասմիկ Ա. Ա.
Տղաներ ջան, ես ուրախ կլինեմ ձեզ հանդիպել ազատության մեջ, հուսով եմ, շուտով: Ձեզ նման ԱԶԱՏ, արդար, պայքարող քաղաքացիների կարիքը շա՜տ ունի մեր ժողովուրդը:
Գագիկ
Տղերք ջան սա իրոկ պատմական հարցազրույց է, շարունակեք, մի կոտրվեք, շատ եք համբերել մի քիչ ել համբերեք լավա լինելու։
Վեհարի
Ինչքան կարգին մարդ կա, Սասնա Ծռերի նման հայրենասերներ կան` բանտերում են: Համոզված եմ եթե մեր բանտերում պատահականորեն հանդիպեք մի իսկական ստոր հանցագործի, ապա նրա կատարածի ստորության չափը չի կարող անց կենալ մեր իշխանավոր տականքների կամ այս օրերին ընտրվելու /երկիրի քանդելու/ նախապատրաստվողների ճնշող մեծամասնության ունեցած հանցանքներից:
Արթուր Համբարձումյան
Ազատվելու եք անպայման ախպեր ջան։ Գրագետ, բարոյական, անկոտրուն, արդար ու ազնիվ այդ տեսակն է, որ պետք է երկրին։ Ոչ թե ստրուկն ու տգետն կամ կեղտի մեջ թաթախված ճիվաղ իշխանավորն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter