Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Սյունիքի մարզպետի՝ ավելի քան 275 հազ. եվրո արժեցող բնակարանը՝ Միջերկրականի ափին



Վերջին շրջանում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անունը հիմնականում շրջանառվում էր թանկարժեք ժամացույցների ֆոնին: Նրա ունեցվածքին վերջերս «Հետքը» անդրադարձել է: Դրա մեջ առավել հետաքրքիր է նրա անշարժ գույքը, որի մի մասը գտնվում է Իսպանիայում:

Հիշեցնենք, որ Վահե Ալբերտի Հակոբյանը Սյունիքի մարզպետ է դարձել 2016-ի հոկտեմբերի 6-ին, իսկ մինչ այդ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ադմինիստրատիվ տնօրենն էր, ապա՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը: Այնպես չէ, որ ներկա մարզպետն իր ունեցվածքը կուտակել է մարզպետ աշխատելու այս կարճ ժամանակահատվածում, բայց ամեն դեպքում նրա կարողությունը չի կարող ուշադրության առարկա չլինել: Նշենք, որ այժմ էլ ՀՀԿ-ական մարզպետը պատգամավորության թեկնածու է Սյունիքի մարզից: Ընդ որում՝ մարզպետը ծնողների ու եղբոր հետ հաշվառված է Երեւանում՝ Օրբելի եղբայրների փողոցում:  

Պաշտոնը ստանձնելիս Վ. Հակոբյանն իբրեւ անշարժ գույք հայտարարագրել է բազմաբնակարան շենքում գտնվող մեկ բնակարան եւ մեկ հողամաս, այսինքն՝ դրանք նա ձեռք է բերել մինչեւ Սյունիքի մարզպետ դառնալը: 2016-ի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ բնակարանը նա գնել է հենց այդ տարում՝ վճարելով 275.875 եվրո: Մյուս կողմից՝ անցյալ տարի Վ. Հակոբյանը 55 մլն դրամով վաճառել է անհատական բնակելի տուն: Քանի որ պաշտոնը ստանձնելիս այս տունը չի հայտարարագրվել, հասկանալի է, որ այն վաճառվել է մինչեւ մարզպետ դառնալը:

Եթե ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գաղտնի է պահում անշարժ գույքի հասցեները, ապա դրանք հասանելի են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած տվյալներում:

Ինչպես վերը նշվեց, մարզպետ ու պատգամավորության թեկնածու Վահե Հակոբյանը երկու տեսակի անշարժ գույք ունի՝ բնակարան ու հողամաս: Վերջինս գտնվում է Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան 95/3 հասցեում: Հողամասի մակերեսը 0,17 հեկտար է: Հակոբյանը դրա միակ սեփականատերն է:

Իսկ 90 քմ մակերեսով բնակարանը, որը համատեղ սեփականություն է, գտնվում է Իսպանիայում, իսկ ավելի կոնկրետ՝ Վալենսիա ինքնավար համայնքի Ալիկանտե պրովինցիայի Էլչե մունիցիպալիտետի Արենալես դել Սոլ բնակավայրում: Միջերկրական ծովին հարող այս ափը հայտնի տուրիստական վայր է, որը կոչվում է Կոստա Բլանկա:

Շենքը, որտեղ գտնվում է բնակարանը, կառուցել է իսպանական «Euromarina» շինարարական ընկերությունը, շենքն էլ կոչվում է «Sea Coast»` ծովափ: Բազմաբնակարան կառույցը բավականին մոտ է ծովին, եւ այստեղից անմիջական տեսարան է բացվում դեպի լողափ:

Շենքում առաջարկվում են 66-122 քմ մակերեսով բնակարաններ, որոնք ունեն երկուական ննջասենյակ եւ լոգասենյակ, բակում կա շենքի բնակիչների համար նախատեսված լողավազան, մարզահրապարակ, հանգստի գոտի, այլ հարմարություններ:    


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ