HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ. «Մենք մեր ներքին բարոյականությանը հաշվետվություն տալու խնդիր ունենք»

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Ալավերդիում էր: Մշակույթի տանը ալավերդցիների հետ հանդիպմանը «Հետքը» երկու հարց ուղղեց վարչապետին.

-Առողջապահության ազգային ինստիտուտի վիճակագրական բաժնի տվյալներով՝ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում արդեն գրանցված է  քաղցկեղով 766 հիվանդ: Այս թիվն օրեցօր աճում է: Վերջին տարիներին Ալավերդիում մահացել  է 637 քաղցկեղով հիվանդ, միայն 2016թ.-ին մահացությունը կազմել 117 մարդ: Քաղցկեղով ալավերդցիների հիվանդացությունն ու մահը աճել է հատկապես 2012թ.-2016թ.-ին, երբ կառավարության թույլատվությամբ Ալավերդու պղնձաձուլական գործարանից կատարվել են  չնորմավորված արտանետումներ: Հասկանալի է՝ գործարանն ապահովում է 600 աշխատատեղ: Բայց  որտե՞ղ է գրված, որ ալավերդցիները պետք է գոյատևման փող աշխատեն իրենց կյանքի գնով: Հնարավոր չէ՞, բնակչության կյանքի անվտանգությունը գործարանի արտանետումներից պաշտպանել:             

-Երկու շաբաթ առաջ մեր թիմի մեջ, մեր կարծիքով ընդգրկել ենք երկրի ամենակտիվ էկոլոգներից մեկին: Նա եղել է հանքարդյունաբերության զարգացման օպոզիցիայից: Եվ այսօր նա իմ աշխատակազմում է: Եթե չզլանաք, նայեք երկու շաբաթ առաջ կառավարության հանձնարարական ենք կայացրել, որտեղ հստակ գրված է էկոլոգիական խնդիրները, հանքարդյունաբերության այն պահանջները, որ մեր առջև դնում ենք: Դուք շատ ճիշտ եք, որ մենք մեր ներքին բարոյականությանը հաշվետվություն տալու խնդիր ունենք: Էսօր աշխատատեղ ենք ստեղծում, որպեսզի ժողովուրդի սոցիալական վիճակը բարելավվի,  բայց, եթե մի մեծ ռումբ ենք դնում վաղվա սերնդի առջև, մենք դրա հետ ո՞նց ենք համերաշխ ապրելու: Հիմա մեր նպատակն  է գտնել այն կետը, որով և՛ սոցիալական խնդիրն ենք լուծելու, և՛ բնապահպանական անվտանգության: Եվ այստեղ  մենք ակնկալում  ենք համայնքի աջակցությունը:

-Վերջին տարիներին «Դսեղի ծովերի» ջրի մակարդակը բարձրացնելու և գյուղի 770 հա  վարելահողերը ոռոգելու նպատակով 302,2 մլն դրամ է ծախսվել, դրանից 222,2 մլն դրամով  Մոտկորի Սարբուլաղ գետակից սնվող 9,5կմ երկարությամբ և «Դսեղի ծովերից» սնվող 4,5 կմ երկարությամբ ջրագծեր են կառուցվել և թալանվել: 2016թ.-ին 80 մլն դրամ է ներդրվել կրկին Սարիբուլաղից 9,5կմ երկարությամբ նոր ջրագիծ կառուցելու համար, որը նույնպես այսօր չի գործում: Գումարները ծախսվել են, Դսեղ համայնքը չի զարգանում: Մինչև ե՞րբ են համայնքների զարգացման ուղղված գումարները անարդյունավետ ծախսվելու:

-Ասեմ: Քիչ առաջ Ախթալայում դրա մասին խոսել եմ, ու շատ եմ ասել, կարող է կրկնվեմ: Տեսեք, նախ և առաջ անարդյունավետ փող ծախսելը և դրա համար որևիցե մեկի  պատասխան չտալը մեր պրակտիկայում մենք պետք է դադարեցնենք: Մենք պետք է հստակ իմանանք՝ փողը որտեղ ենք դնում և «ինչու» հարցին պատասխան ունենանք:

Համայնքային զարգացում: Չափազանց կարևոր հարց եք տալիս, որովհետև, պնդում եմ, մեր  փոփոխությունների արագությունն ու որակը շատ խիստ կախված է նրանից, թե մեր համայնքներն ինչպես կզարգանան: Ալավերդի համայնքը ճիշտ կզարգանա, թե ճիշտ չի զարգանա՝ կախված է նրանից, թե Ձեր ավագանին և Ձեր համայնքապետը  ունի՞ երազանք, ունի՞ պատկերացումներ, ունի՞ ռազմավարական ծրագիր և զարգացման ծրագիր: Որովհետև համայնքապետի փոխարեն, ես, Երևանում նստած իմ գործընկերները չենք անելու: Եվ կախված նրանից, թե ինչ հստակ իրատեսական ծրագիր է, որտեղ ասում է՝ ես  սա եմ անելու, մարզպետից՝ էս եմ  ակնկալում, կառավարությունից՝ էս եմ ակնկալում, էդ ամեն  ինչի տակ դրվի տրամաբանություն: Մենք ուզում ենք  համայնքի ղեկավարին շահագրգռենք հետևյալում՝ (սա դեռ թղթի վրա գրված չէ, մեր գլխում է) ինքն այսօր գույքահարկ, հողի հարկ  է հավաքում: Ասենք՝ լսի, այս ելակետային վիճակից, եթե վաղը-մյուս օրը քո մոտ  աշխատատեղ ստեղծվի, հավելյալ արժեք ստեղծվի, էս  հարկից մեկ տոկոսը քեզ կտանք, և ինքը շահագրգռված լինի, որպեսզի կարողանա իր  սեփական եկամուտների բյուջեն  կարգավորի, որպեսզի կարողանա համայնքը զարգացնի: Սա է մեր ռազմավարությունը:

Կարեն Կարապետյանը հանդիպմանը ալավերդցի հանրապետականներին նաև տեղեկացրեց.  «2017թ.-ը մենք հայտարարել ենք մեզ համար ախտորոշման տարի, սանիտարիզացիայի, դեզինֆեկցիայի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների սկիզբ  և որոշում կայացման  համակարգի վերանայման ու ստաբիլացման տարի»:

Նրա  խոսքով,  Լոռու մարզում կառավարության ներդրումային ծրագրերը 2017թ.-ին կազմելու է 151 մլն դոլար:  Նախատեսված են 45 ծրագրեր: Բոլոր այդ ծրագրերն ուղղված են  տնտեսավարող ստեղծագործ մարդուն, դրանք պետք են ստեղծեն կայուն  աշխատատեղեր: «Ինչո՞ւ կարելի  է մեր ծրագրերին հավատալ, որովհետև մենք  ինչ  պլանավոր ենք 6 ամսվա  համար, կատարել ենք»,- բացատրեց  նա:

Պարզվեց՝ ի  սկզբանե  աշխատանքերը ծրագրավորելիս շատ գործընկերներ վարչապետին զգուշացրել են. «Շատ ես գրում, հետո հաշվետվություն տալու ժամանակ կարող է տակից դուրս չգանք»: Կարեն Կարապետյանի խոսքով՝ կառվարության 2017թ.-ի  երկու ամիսներին պետբյուջեի սեփական եկամուտներն աճել են նախորդ տարվա նկատմամբ մոտավորապես 16 միլիարդ  դրամ: Առևտրային ակտիվությունը, համեմատած նախորդ տարվան, 145 տոկոս է, արտահանումը՝ 38 տոկոս:

Բանախոսը դահլիճին տեղեկացրեց այլ թվեր, նշեց, որ իր հրապարակած թվերը մոտավոր  են, քանի որ  վիճակագրական պաշտոնական տվյալներ դեռ չի ստացել, կստանա մոտ օրերս: «Մենք հարկային դաշտում պրինցիպիալ համակարգված կոոռուպցիոն ռիսկերը նվազեցրել ենք: Մենք չենք ասում, որ էնտեղ էլ անելիք չունենք: Դուք կարող եք ասել այդ ամենը լավ է, բայց մեր կյանքի որակը մեր վրա չենք զգում: Դա ճիշտ եք, և դեռ որոշ ժամանակ մենք քայլեր պետք է անենք,  որպեսզի  մեր բոլոր  փոփոխությունները վերածվեն որակի»,- բացատրեց վարչապետը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter