HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու գյուղական դպրոցներում 200 թափուր աշխատատեղ կա

Գայանե Սարգսյանը

Լոռու մարզի Լուսաղբյուր ու Հարթագյուղ համայնքների դպրոցների երկու ուսուցչուհիներին՝ Հասմիկ Եղիկյանին ու Օֆելյա  Սահակյանին  հանդիպեցինք Լոռու մարզպետարանում: Վանաձորցի ուսուցչուհիները եկել էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ ամեն աշխատանքային օր քաղաքից գյուղ տեղափոխման ծախսերը հոգալու հարցում աջակցություն խնդրելու:

«Մենք ցածր աշխատավարձ ենք ստանում, իսկ ճանապարհածախսը 15.000 դրամ է կազմում: Մենք  ի վիճակի չենք վճարելու, խնդրեցինք, որ մարզպետն աջակցի, ճանապարհածախսը փոխհատուցի»,- ասում է Հ. Եղիկյանը:

Աշխատանքի վայր հասնելու ու հետադարձ ճանապարհն անցնելու համար ուսուցչուհիներն ամեն օր ստիպված են լինում վճարել նվազագույնը 700 դրամ: Ըստ նրանց, արդյունքում ճանապահածախսի վրա ծախսվում է աշխատավարձի շուրջ 25 տոկոսը:

«Սա այն դեպքում, երբ գործող երթուղու տրանսպորտից ենք օգտվում, սակայն լինում են դեպքեր, երբ մեքենան փչացած է լինում, չի գնում, և ստիպված ենք լինում օգտվել տաքսիներից ու վճարել ավելի շատ»,- նշում է Օ. Սահակյանը:

Երիտասարդ մասնագետները զարմանքով են նշում՝ իրենց դպրոցում կան ուսուցչուհիներ, ովքեր որոշակի գումարներ են ստանում որպես փոխհատուցում, սակայն թե ինչ կարգով է այն նրանց տրվում, չգիտեն:

Ուսուցչուհիների կարծիքով՝ քաղաքից գյուղեր գնացող մասնագետները պետական աջակցության կարիք ունեն, հատկապես որ գյուղերում առկա բազմաթիվ թափուր աշխատատեղերը լրացնելու խնդիր կա:

Լոռու մարզպետարանի կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը տեղեկացրեց, որ մարզպետին ճանապարհածախսի փոխհատուցման խնդրանքով գրավոր դիմել են ոչ միայն վերը նշված ուսուցչուհիները, այլև ևս 5-ը:

Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղ, Լուսաղբյուր ու Խնկոյան համայնքներում աշխատող Սպիտակից ու Վանաձորից նշված գյուղեր մեկնող թվով 7 ուսուցիչներ միավորվել ու համատեղ դիմել են մարզպետին՝ նշելով, որ դժվարանում են վճարել ճանապահածախսը և խնդրում են ճանապարհածախս տրամադրել:

Մարզպետի կողմից այս գրությանը դեռևս պատասխան չի ուղարկվել: Մարզպետարանում վստահեցրին՝ ուսուցիչները մարզպետի պատասխանը կստանան օրենքով սահմանված ժամկետներում:

Ինչ վերաբերում է գյուղերում աշխատող որոշ ուսուցիչների դրամական աջակցության հարցին, պարզվեց, այդպիսիք, իրոք կան:

Մարզպետարանի ֆինանսական ու սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը պարզաբանեց, որ այն իրականացվում է ՀՀ կառավարության 2003թ.-ի սեպտեմբերի 25- թիվ 1412-Ն որոշման շրջանակներում:

Թիվ 1412-Ն որոշմամբ  կարգավորվում է  Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ (այսուհետ` հաստատություն) մանկավարժական կադրերի աշխատանքի գործուղման գործընթացը:

Ըստ որոշման՝ մարզպետարանները հաստատությունների տնօրեններից ստանում ու ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում նշված բնակավայրերի հաստատություններում մանկավարժական կադրերի պահանջարկի մասին հայտերը (առնվազն 0,5 դրույք` ըստ առարկաների)` տարվա ընթացքում: Ապա ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ամփոփում է հայտերը և կազմակերպում մանկավարժական կադրերի գործուղումը:

Ընդ որում, գործուղվել կարող են բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև բարձրագույն մանկավարժական ուսումնական հաստատությունների նախավերջին և ավարտական կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները:

Որոշման համաձայն՝ մանկավարժ ընտրելիս նախապատվությունը տրվում է`

ա) մանկավարժի որակավորում ունեցող մասնագետին,

բ) տվյալ մարզի բնակչին,

գ) հավասար պայմանների դեպքում` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր ունեցողին:

Ընտրություն կատարելուց հետո ԿԳ նախարարությունը  մանկավարժների ընտրության արդյունքների մասին ծանուցում է հավակնորդներին և ընտրված մանկավարժներին առաջարկում 5 օրվա ընթացքում ներկայանալ համապատասխան բնակավայրի հաստատություն` գործուղման ուղեգրի հիման վրա աշխատանքային պայմանագիր կնքելու համար:

Հաստատության տնօրենը գործուղված մանկավարժի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` 3 հավասարազոր օրինակից, նվազագույնը 2 ուսումնական տարվա ժամկետով, և եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է մարզպետին:

Հենց ընտրված մանկավարժներին էլ ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին տվյալ ուսումնական հաստատությունը լրացուցիչ վճարում է  գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ, ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ, բնակարանի վարձ` ամսական 10.000 դրամ և կեցության այլ ծախսեր` ամսական 5000 դրամ:

Հ. Պապոյանի խոսքով՝ 2015թ.-ին այս որոշման ընձեռած հնարավորություններից  Լոռու մարզում օգտվել ու փոխհատուցում է  ստացել թվով 17, 2016-ին՝ 21 ուսուցիչ: Այս տարվա համար նախատեսված է փոխհատուցում տրամադրել 21 ուսուցիչների, որոնց համար տրամադրվող տարեկան գումարի ֆոնդը կազմում է շուրջ 3 մլն դրամ:

Թե ինչպես է ստացվել, որ ընդամենը 21 ու հենց այս ուսուցիչներն են օգտվել որոշման ընձեռած հնարավորություններից, Լոռու մարզպետարանում դժվարանում են ասել:

Լոռու մարզպետարանի կրթության բաժնի պետ Գ. Տոնոյանի խոսքով, թափուր աշխատատեղերը մեծ թիվ են կազմում հատկապես ծայրամասային, սահմանամերձ ու հեռավոր գյուղերում: Սրան զուգահեռ կան նաև քաղաքային կամ քաղաքային համայքներին կից գյուղերի դպրոցներ, որտեղ ևս տարիներ շարունակ ուսուցչի թափուր աշխատատեղերը չեն լրացվում:

Ներկայումս մարզի դպրոցներում առկա է շուրջ 200 թափուր աշխատատեղ: Առավել մեծ թվով կայուն թափուր աշխատատեղեր ունենք Ջիլիզա, Կաթնաղբյուր  Ուռուտ, Ամրակից, Մեծ Այրում, Բլոգոդարնոյե, Բովաձոր, Ձորագյուղ, Վահագնաձոր, Շենավան, Կաճաճկոււտ, Ֆիոլետովո, Ագարակ, Մեծավան, Արդվի, Ուրասար, Մեծ Պարնի, Քարկոփ, Ահնիձոր, Անտառամուտ, Ուռուտ, Ճոճկան, Ծաթեր, Մարց, Սարատովկա, Ձյունաշող, Բովաձոր, Ձորագյուղ, Շենավանի, Արմակից, Ուրասար ու էլի մի շարք համայնքների դպրոցներում:

«Պատկերը նույն է մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններում: Հաշվի առնելով ճանապարհածախսի ու ցածր աշխատավարձի գործոնը՝ մասնագետներին ուղղակի ձեռնտու չէ գյուղ մեկնել այլ համայնքներից»,- նշում է Գ. Տոնոյանը:

Մարզի հատկապես գյուղական համայնքներում մշտապես թափուր աշխատատեղերի խնդրին այս տարվա  հունվարի 18-ին Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում համայնքապետերի ու մարզպետարանի բաժինների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վերջինս Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանին առաջարկել էր խնդիրը լուծել քաղաքի ուսուցիչներից գյուղ ուղարկելու հաշվին: Վարչապետը նաև ուղարկելու տարբերակներն էր առաջարկել.

«Քիչ վճարելով, կրճատելով, օպտիմալացմամբ ծախսերը նվազեցնելով ասեք՝ գիտե՞ս ինչ, ուզում ես աշխատես, գնա կողքի գյուղում աշխատի»:

Վարչապետի առաջարկին Մ. Սայադյանը հակադարձել էր. «Մեր համոզելու բոլոր փորձերն անիմաստ են: Երևի գյուղական համայնքների անհրապույր պայմանները…»:

«Վստահ եմ, որ բոլոր փորձերը չեք անում»,- ընդհատել էր վարչապետը:

Թափուր աշխատատեղերի թիվը մարզում պատասխանատուները փորձում են մեղմել ոչ թե համընդհանւոր մոտեցմամբ  պետական աջակցության, այլև տարբեր ծրագրերի հաշվին: Գ. Տոնոյանի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շնորհիվ մարզի գյուղական համայնքներում լրացվել է շուրջ 10 թափուր աշխատատեղ:

«Մեր ծանր խնդիրը փոքր-ինչ մեղմել է այդ ծրագիրը: Այսինքն՝ մենք 210-220 թափուր տեղ ենք ունեցել, որի գոնե 5 տոկոսը լրացվել է,- նշում է բաժնի պետն ու հավելում,- վերջին 4 տարիների ընթացքում թափուր աշխատատեղերի թիվը մարզի հատկապես գյուղական համայքներում շարունակում է աճել»:

Ոլորտի պատասխանատուի խոսքով խնդիրը լուծման մեկ տարբերակ ունի. «Իմ սուբյեկտիվ կարծիքով խնդիրը կարող է լուծվել պետական ֆինանսավորման ավելացման միջոցով»,- ասում է նա:

Մեկնաբանություններ (1)

Մամյան Նարինե
Ավարտել եմ պոլիտեխնիկ ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետի ՀՏ բաժինը: Այս պահին աշխատում եմ Երևանի 143 հիմնական դպրոցում որպես ինֆորմատիկայի, մաթեմատիկայի ուսուցչուհի: Հանդիսանում եմ նաև դպրոցի օպերատորը: Ցանկություն ունեմ կտրվել քաղաքի թոհուբոհից և աշխատել գյուղում: Նախօրոք նշեմ, որ 62 տարեկան եմ և շատ առույգ ու կենսախինդ եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter