HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ակնհայտ անարդար ու ապօրինի դատական ակտ կայացրած դատավորին ենթարկել թե' քրեական ու գույքային, թե' կարգապահական ու գույքային պատասխանատվության

Դատական համակարգը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում

ԱԺ ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից ու դաշինքներից 5-ը կարեւորում են դատական համակարգի անկախությունը, սակայն նրանցից միայն երկուսը՝ ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն են ներկայացնում անկախության երաշխիքների ապահովման իրենց հայեցակարգը:   

ՀՀԿ-ն միանգամայն ճիշտ է ախտորոշել Հայաստանի դատական համակարգի բացերը`

  • դատավորների անկախության ոչ բավարար մակարդակ,
  • արդարադատության ոչ պատշաճ իրականացման համար դատարանի եւ դատավորների պատասխանատվության արդյունավետ մեխանիզմների բացակայություն,
  • դատական գործերի՝ ողջամիտ ժամկետներում քննության պահանջներից շեղում,
  • դատարանների ծանրաբեռնվածություն:

«Դատարանների նկատմամբ վստահությունը ցածր է եւ, անգամ դատավորների մեծամասնության զգալի ծանրաբեռնվածության պայմաններում, առկա է վստահության այդ մակարդակից բխող ցածր դիմելիություն»,- նշվում է կուսակցության նախընտրական ծրագրում: ՀՀ քաղաքացիները եւ տնտեսավարողները հաճախ նախընտրում են գործ չունենալ դատարանների հետ եւ իրենց շահերը պաշտպանելու համար փնտրում են ոչ օրինական ճանապարհներ: Արտադատարանական ճանապարհները սահմանափակելու եւ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար ՀՀԿ-ն առաջարկում է վեճերի լուծման արտադատական ընթացակարգերի, մասնավորապես արբիտրաժային տրիբունալների զարգացում, դատարանի որոշ լիազորությունների վերապահում նաեւ այլ մարմինների (օրինակ՝ նոտարներին):

Դատական համակարգի ցածր վարկանիշը ՀՀԿ-ն պայմանավորում է նաեւ ոչ միասնական դատական պրակտիկայով եւ դատարաններում կոռուպցիայի վերաբերյալ տարածված պատկերացումներով: Դատական համակարգում միասնական դատական պրակտիկա ձեւավորելու պարտավորությունը Վճռաբեկ դատարանին է: Իշխող կուսակցությունն, ըստ էության, փաստում է, որ Վճռաբեկ դատարանը չի կատարել իր անմիջական պարտավորությունը, սակայն ինչպես այս դեպքում, այնպես էլ մնացած դեպքերում, «ցածր վարկանիշ ունեցող դատական համակարգից դեպի արդար, վստահելի եւ արդյունավետ դատական համակարգին» անցումը պայմանավորում է օրենսդրական երաշխիքներ ստեղծելով: Մասնավորապես, նախատեսում են իրավական ակտով յուրաքանչյուր դատական ատյանի գործառութային լիազորությունների շրջանակի հստակ սահմանում եւ դատավորի թույլ տված էական խախտումների համար կարգապահական պատասխանատվության գործուն մեխանիզմների սահմանում:

Արդարադատության անկախությունը եւ իրավական կանխատեսելիության ապահովումը կարեւորում է նաեւ «Ելք» դաշինքը, եւ միայն այդքանը:

«Ազատ դեմոկրատներ» դաշինքը չափազանց հակիրճ է անդրադարձել արդարադատությանը՝ ասելիքը կենտրոնացնելով միայն «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների աներկբա եւ ժամանակին կատարումը ապահովելուն, ինչն էապես կզսպի դատարաններին ակնհայտ անարդար վճիռներ կայացնելիս»։

Բացի նշվածից, առաջարկում է «ՄԻԵԴ-ի վճիռներով նախատեսված քաղաքացիներին փոխհատուցման բեռը պետության փոխարեն դնել անարդար վճիռ կայացրած դատավորի վրա»։

Նշենք, որ ՄԻԵԴ-ի` ընդդեմ Հայաստանի կայացված առաջին վճիռը հրապարակելու օրից ի վեր հարկատու քաղաքացիներն ընդվզում են, որ դատավորների կատարած ապօրինությունների համար փոխհատուցումը պետք է վճարեն իրենց հարկերից: Արդարությունը պահանջում է, որ փոխհատուցումը վճարեն անարդար դատական ակտեր կայացրած դատավորները, սակայն մասնագիտական բացատրությունն այն է եղել, որ աշխարհում նման պրակտիկա գոյություն չունի եւ դա հարվածի տակ կդնի արդարադատությունը: 

Ի տարբերություն «Ազատ դեմոկրատներ» դաշինքի, որոնք անօրեն դատավորներին պատժելու միայն գույքային պատասխանատվություն են նախատեսում, «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքն «արդարացի ու նպատակահարմար է համարում» ակնհայտ անարդար ու ապօրինի դատական ակտ կայացրած դատավորի համար նախատեսել թե' քրեական ու գույքային, թե' կարգապահական ու գույքային պատասխանատվություն` կախված դրա հետեւանքների ծանրությունից:

«Հայկական վերածնունդ» դաշինքի նախընտրական ծրագրում արդարադատության համակարգի վերաբերյալ տեղ են գտել մտքեր, որոնք, հավանաբար, ուղղակիորեն  փոխանցվել են «Օրինաց երկրի» նախորդ ԱԺ ընտրության նախընտրական թեզերից: «Օրինաց երկիր»-ը ներկայացված է գործող խոհրդարանում եւ, հավանաբար, կողմ է քվեարկել «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի ընդունմանը (ընդունվել է 2016 թ·-ի մայիսի 17-ին), սակայն իր նախընտրական ծրագրում խոսում է պրոբացիոն ծառայություն ներդնելու, սահմանադրական փոփոխություններ կատարելու եւ առհասարակ միայն կատարված ու ավարտված գործողությունների մասին: Իրե՞նք են այդքան այնտեղյակ, թե՞ ընտրազանգվածի մասին նրանց պատկերացումներն են այդպիսին:

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքն ավելի քան 20 էջանոց նախագիծ է ներկայացրել (ՀԱԿ-ի պետա-իրավական հանձնաժողովի շրջանակում մշակած դատաիրավական բարեփոխումների հայեցակարգն է) դատական համակարգի վերափոխման վերաբերյալ, որով առաջարկում է հանրապետությունում ձեւավորել դատական նոր կառուցվածք եւ ընդունել նոր օրենսգրքեր: Այսինքն` մի կողմ դնել անցած 18 տարիներին ձեւավորված դատական համակարգը եւ ամեն ինչ սկսել սկզբից:

Առաջարկվում է ստեղծել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների երկօղակ (երկաստիճան) կառուցվածք (տեղական, մարզային եւ թաղային): Գործերի ծանրաբեռնվածությունից ելնելով` երկու մարզի կամ թաղի համար կարելի է կազմակերպել մեկ միջմարզային կամ միջթաղային դատարան: Մարզային եւ թաղային դատարաններում գործերը կքննվեն կոլեգիալ` երեք դատավորի կազմով: Ըստ նրանց` դա կփոխարինի երդվյալ ատենակալների ինստիտուտին:

Վերաքննիչ դատարանների կառուցվածքը նպատակահարմար են համարում պահպանել նույն ձեւով` ընդհանուր իրավասության վերաքննիչ քրեական եւ վերաքննիչ քաղաքացիական դատարաններ:

Վճռաբեկ դատարանը դարձնել եռապալատ՝ քրեական գործերով, քաղաքացիական-տնտեսական գործերով եւ վարչական գործերով դատական պալատներ:

Նախագծում խոսվում է եռաստիճական դատական կառուցվածքի մասին, սակայն ըստ էության դատական չորս ատյան են նախատեսում: «Իրավաբանական առանձնակի բարդություններ ներկայացնող բողոքների քննությունը, դատական որեւէ պալատի որոշմամբ, կարող է հանձնվել վճռաբեկ դատարանի լիագումար նիստի քննությանը»,- առաջարկում է «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը:

Բացի նշված ատյաններից, հայեցակարգն առաջակում է ունենալ նաեւ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության դատարաններ հետեւյալ կառուցվածքով՝ տեղական դատարաններ, որոնք կգործեն նախկին շրջկենտրոններում, Երեւանի թաղամասերում: Վերաքննիչ դատարան՝ Երեւանում (մեկը): Այս մասնագիտացված դատարանների համար` որպես վճռաբեկ ատյան հանդես կգա Վճռաբեկ դատարանի քրեական գործերով դատական պալատը:

Տարաբնույթ դատարաններ ստեղծելու, դատարանների եւ դատավորների թիվը կտրուկ ավելացնելու հիմնավորումներից հետո նախագծում ասվում է, որ մասնագիտացված դատարանի ստեղծումը չի պահանջում ոչ դատավորների թվի ավելացում, ոչ էլ` շենքային նոր պայմաններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter