Հինգշաբթի, 17 օգոստոսի

Հակառակ ձմռան եղանակային անբարենպաստ պայմաններին՝ օդանավակայանում աշխատանքներն անխափան են իրականացվել



ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ թեև 2016 թվականի ձմռանը, նախորդ տարիների համեմատ, 3 անգամ ավելի առատ ձյուն է տեղացել, սակայն, օդանավակայանի աշխատակիցների, վարորդների և տեխնիկների արհեստավարժության և կիրառված սարքավորումների շնորհիվ, օպերատիվ կերպով ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են ինքնաթիռների հակասառեցման աշխատանքներ և ապահովվել է թռիչքների անվտանգությունը:

Այդ իսկ պատճառով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, բարձր գնահատելով օդանավակայանի աշխատակիցների աշխատանքը, այսօր՝ մարտի 20-ին, շնորհակալագրեր հանձնեցին վերջիններիս:

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը, կարևորելով յուրաքանչյուրի աշխատանքը, շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին նման ծանր եղանակային պայմաններում անվտանգ թռիչքներ ապահովելու և աշխատանքներն անխափան իրականացնելու համար:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն ևս իր գոհունակությունը հայտնեց աշխատակիցներին՝ նշելով, որ անգամ Ամանորի տոներին նրանք բարձր մակարդակով շարունակում էին կատարել իրենց աշխատանքը՝ անտեսելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները:

Շեշտվեց նաև, որ մեծ ուշադրություն է դարձվում աշխատողների վերապատրատումներին, նորագույն տեխնիկայով ապահովվելուն:

Աշխատակիցները ևս իրենց շնորհակալությունը հայտնեցին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մեծ թիմի անդամ լինելու համար:

Նշենք նաև, որ վազքուղու ձնամաքրման աշխատանքներն իրականացնելու համար 24 ժամ ներգավված են եղել 30 վարորդ և տեխնիկներ, օգտագործվել է Scania-Vammas, Iveco տեսակի հակասառեցման և Skiddometr տեսակի շփման գործակցի չափման սարքավորումներ, 56 աշխատակից մատուցել են ինքնաթիռների հակասառեցման ծառայություններ, օգտագործվել է II, Kilfrost ABC-K plus տեսակի 190 000 լիտր հակասառեցնող, ինչը 3 անգամ գերազանցել է միջին քանակը:

Ձմռան ընթացքում օգտագործվել են նաև 45 320 կգ KA-HOT տեսակի հեղուկ և 51 000 կգ ANS տեսակի պինդ հակասառեցման նյութեր:

 «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձմեռային ժամանակահատվածի համար կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար:

Հավելենք նաև, որ 2016 թվականի ձմռանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չեղարկվել է 5 չվերթ, և շուրջ 70-ը՝ գրանցել է ուշացում, որը, բացառապես, պայմանավորված է եղել մառախուղով և ցածր տեսանելիությամբ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ