ՈՒրբաթ, 23 հունիսի

Բլոգերների միջազգային ֆորում՝ Արցախում


Աշխարհի 11 երկրներից բլոգերներ, մեդիափորձագետներ ու լրագրողներ այսօր Ստեփանակերտում Արցախֆորումի շրջանակներում քննարկել են հակամարտության թեմայի լուսաբանումը սոցիալական մեդիայում, ազատ տեղաշարժման ու ազատ արտահայտման իրավունքները։

Ֆորումի առաջին մասում հակամարտության թեմյով հանդես է եկել փորձագետ Հրաչյա Արզումանյանը, իսկ Արցախի զբոսաշրջության թեմայով՝ ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը։ 

Ֆորումի մասնակիցների մի մասը խոստովանեց, որ իրենց այցելությունը համերաշխության նշան է, ի պատասխան ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանը։ 

Բելառուսից լրագրող, ճանապարհորդ Ալեքսանդր Հոյշիկը համոզված է, որ Լապշինը մանր խաղաքար է դարձել աշխարհաքաղաքական խաղում, որովհետև ներկա դրությամբ պաշտոնական Ռուսաստանի ու Բելառուսի մինչև հարաբերությունները լարված են։ Սա բելառուսցի լրագրողի երրորդ այցելությունն է Արցախ:

«Բելառուսի իշխանություններն իրենց գոյությունը պահպանելու համար գումարի խիստ կարիք ունեն և ցանկացած հնարավոր ուղիներով փորձում են այդ գումարները հայթայթել։ Դա լավ հնարավորություն էր` Ալիևից նավթ ստանալու։ Իրականում դա երկրի տնտեսական իրավիճակը չփոխեց: Հակառակը, միջազգային հանրության աչքում ընկավ իմ երկրի վարկանիշը: Առաջին անգամ  10 տարի առաջ եմ եղել այստեղ։ Այսօր կարող եմ ասել, որ շատ է փոխվել ամեն ինչ։ Արցախը զարգանում է։ Երեկ եղել ենք նաև «Թումո» կենտրոնում, և ես հիացած էի։ Դա խոսում է այն մասին, թե ինչպես եք այստեղ պատկերացնում ձեր  ապագան»,-ասում է Հոյշիկը: 

Հայաստանից բլոգեր Սեդրակ Մկրտչյանը, սակայն, համոզված է, որ այս ֆորումը ավելի շատ ուղղված է Արցախի միջազգային ճանաչմանն ու միջազգային հանրության ուշադրության կետնրոնում պահելուն:  

«Ես չեմ համարում, որ այս ֆորումը պատասխան քայլ է  Լապշինի ձերբակալությանն ու Ադրբեջանին արտահանձնելու դեմ։ Ճիշտ է, Լապշինի դեպքը դեռ երկար է քննարկվելու ու քննադատվելու, բայց ֆորումի մասնակիցների՝ այստեղ լինելու հիմնական պատճառն այն է, որ իրենք սիրում են Արցախը, ընդունում են մեր տեսակետը, ցանկանում են աջակցել Արցախին ու Հայաստանին»,- ասում է Սեդրակ Մկրտչյանը։ 

Ռուս մեդիափորձագետ Անտոն Մերկուրովի (հայտնի խորհրդային քանդակագործ Սերգեյ Մերկուրովի ծոռը) կարծիքով, մարդիկ պետք է առանց վիզաների հնարավորություն ուենան ազատ տեղաշարժվելու ամբողջ աշխարհում։ «Իմ կարծիքով մենք՝ որպես մեդիադաշտի ներկայացուցիչներ, կարող ենք այդ հարցը մեռյալ կետից շարժել։ Մեր գործը խոսքով ու քննարկումներով հարաբերություներ պարզելն է։ Այս ֆորումը լավ հնարավորություն է նստել ու զրուցել մեզ հուզող թեմաներից՝ առանց որևէ մարդկային զոհի»։

Արցախ այցելողների ադրբեջանական սև ցուցակը Անտոն Մերկուրովը հիմարություն է համարում։

«Բաքվում այսօր պահպանվել է խորհրդային տարիներին իմ նախապապի հեղինակած քանդակներից մեկը, որը բնականաբար ես կուզենայի տեսնել իմ աչքով։ Հուսով եմ, որ մի օր դա հնարավոր կլինի անել։ Կարծում եմ, անմտություն է խոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժմանը։ Մենք կարող ենք այս մասին խոսել նաև ադրբեջանական կողմի հետ»,- ասում է Անտոն Մերկուրովը։ 

Իսրայելցի լրագրող Գիլադ Հալփերնն (Gilad Halpern) ասում է, որ Արցախ գալու պատճառը մեկ այլ հակամարտությանը ծանոթանալու ցանկությունն էր։ «Ես ինքս համակարտության գոտում եմ ապրում և ինձ շատ հետաքրքիր էր տեսնել, թե Արցախում ինչպես են մարդիկ ապրում և ինչպես է հակամարտությունը անդրադառնում  մարդկանց առօրյա կյանքի վրա։ Ես շատ ոգևորված եմ, Արցախը շատ տպավորիչ բնակավայր է»,-ասում է Գիլադ Հալփերը։

Ադրբեջանական հայտնի սև ցուցակին Գիլադը հումորով է վերաբերվում՝ ասելով որ ինքը վաղուց շատ սև ցուցակներում է։ 

«Մեկով ավել, մեկով պակաս, ինչ կարևոր է»,- ծիծաղելով ասում է իսրայելացի լրագրողը։

Ռուս հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը երեկվանից իր բլոգում լուսանկարներ ու գրառումներ է հրապարակում։

«Պլանավորում եմ հնարավորինս շատ հրապարակումներ անել։ Իսկ ինչ վերաբեում է ինչ-որ կոնկրետ հոդված գրելուն, ապա դա պարզ կլինի իմ այցելության վերջում։ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իմ պատկերացումները շատ վաղուց են ձևավորվել, Սումգայիթի դեպքերի ժամանակ ես 22 տարեկան էի, իսկ Բաքվի կոտորածի ժամանակ՝ 24։ Այդ ամենն իմ կյանքի ֆոնն են կազմում։ Այն, ինչ մենք տեսել ենք Բաքվում և Սումգայիթում, ադրբեջանական պրոյեկտի դատավճիռն էր, և թույլ է տալիս եզրակացնել, որ Բաքուն չպետք է ղեկավարի Ադրբեջանի տարածքում ապրող ոչ մի ազգային փոքրամասնության։ Այս իրականությունում պարզ է՝ հայերի դժկամությունն ապրել ադրբեջանական նման ռեժիմում»։ 

Ֆորումի վերջում ընդունվել է հռչակագիր, որը կազմապերպիչները կհրապարակեն ավելի ուշ։ 

Բլոգերների միջազգային ֆորումը կազմակերպել է  «Արցախակերտում» ՀԿ-ն Արցախի ժուռնալիստների միության հետ համատեղ։ «Արցախակերտում»-ի համանախագահ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ մեծ էր նաև տեղական ու սփյուռքի կառույցների և անհատների աջակցությունը։

 


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Aram09:26 - 21 մարտի, 2017
KUDOS. A good step in the right direction for the free media
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։