HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ադամանդի արտահանումն աճել է

2016 թվականին Հայաստանի ադամանդագործության ոլորտում  դրական տեղաշարժ է գրանցվել. ավելացել են արտադրության ու արտահանման ծավալները։ 

Ադամանդի արտադրության, այս դեպքում՝ մշակման ծավալները մեկ տարում կրկնակի աճել են՝ 2016 թվականին կազմելով 30,4 մլրդ դրամ։ Թեև խոսքը ոչ մեծ ծավալների ու դեռևս թույլ բազայի մասին է, սակայն վերջին 10 տարիներին սա ոլորտում գրանցված ամենաբարձր  ցուցանիշն է, վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալները։ 

Ըստ ԱՎԾ-ի՝ նախորդ տարվա վերջի դրությամբ Հայաստանում ադամանդի մշակմամբ զբաղվող ընկերությունները 9-ն են։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը նախորդ տարեվերջին հայտարարեց, որ հետխորհրդային տարածքում ադամանդի վերամշակման ամենախոշոր ձեռնարկությունը` հայաստանյան «Շողակն»-ը, կվերսկսի իր գործունեությունը։ Թե երբ ու ինչ ծավալներով, առայժմ հայտնի չէ։ «Շողակն»-ը դադարեցրել էր գործունեությունը 2000-ականների վերջին։ Այդ ժամանակ ադամանդագործության հայաստանյան ոլորտում սկսվել էր  ճգնաժամը։ Հաջորդող տարիներին այն խորացավ։   Չնայած ադամանդագործությունը ճանաչված էր տնտեսության  գերակա ճյուղ, որի մասին բազմիցս բարձրաձայնել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և ոչ միայն նա, սակայն այդպես էլ արդյունավետ քայլեր չեն արվել այն ճգնաժամից դուրս բերելու համար։ Ու չնայած  2016-ին ոլորտում աճ է գրանցվել, սակայն այն դեռևս հեռու է լավագույն տարիներին գրացված արդյունքներից։ Իսկ լավագույն տարիները այս ոլորտում անկախությունից ի վեր եղել են 2002-2003 թվականները, երբ արտադրության ծավալները գերազանցել են 300 մլն դոլարը։ 


Create line charts

Հայաստանն աշխատում է հետևյալ սկզբունքով՝ ներմուծում է էժան հումք (ալմաստի տեսքով), որի մի մասը վերամշակում է և ավելի թանկ արտահանում, մյուս փոքր մասը` սպառում տեղական շուկայում: Ներմուծվում է նաև արդեն վերամշակված և թանկարժեք ադամանդ, որը սպառվում է տեղական շուկայում՝ ոսկերիչների կողմից: Այլ խոսքով՝ Հայաստանն աշխատում է դրսից ստացվող պատվերների հիման վրա։ Ու այս առումով բավականին խոցելի է։

2016 թվականին ներմուծվող հումքի քանակն ավելի շատ ու միջինում ավելի էժան է եղել, ինչն էլ հավանաբար նպաստել է արտադրության ծավալների աճին։ 

ԱՄԷ-ն հումքի ամենախոշոր մատակարարն է 

Հայաստանից ադամանդի արտահանման և ներմուծման տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ ոլորտում գրանցված աճի վրա որոշիչ ազդեցություն է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) էժան ալմաստի ներմուծման ավելացումը։ ՌԴ-ից ներմուծումը ևս ավելացել է և չնայած, որ ռուսական հումքը շատ ավելի թանկ է, քան ԱՄԷ-ից գնվածը, սակայն նկատելի է, որ այն  ևս որոշակի չափով էժանացել է։ 

Ըստ Մաքսային ծառայության տվյալների՝ 2016 թվականին Հայաստանը ներմուծել է  մոտ 130 մլն  դոլարի 418 հազար կարատ ադամանդ։  Ներմուծման արժեքը, 2015-ի համեմատ, աճել է մոտ 50%-ով, իսկ քանակը՝  1,7  անգամ։ Նախորդ տարի ներմուծված ադամանդը միջինում ավելի էժան է եղել։ Եթե 2015-ին դրա 1 կարատի միջին գինը կազմել է 360 դոլար, ապա 2016-ին՝ 310 դոլար։ 

Նախորդ տարի Հայաստանին ադամանդի հումքի ամենախոշոր մատակարարը հանդիսացել է  ԱՄԷ-ն։ Ներմուծված  ընդհանուր 418 հազար կարատ ադամանդի 45%-ը  Արաբական Միացյալ Էմիրություններից է գնվել, 16%-ը՝ Բելգիայից, 13%-ը՝ Ռուսաստանից, 9,5%-ը՝ Հնդկաստանից, 4%-ը՝ Կանադայից, 4%-ը՝ Հարավային Աֆրիկայից։ Փոքր քանակությամբ ներմուծվել է նաև Իսրայելից, Շվեյցարիայից, Ավստրալիայից և այլն։ 

Ընդ որում՝ ԱՄԷ-ից ներմուծվող ադամանդի քանակը կրկնակի է աճել 2015 թվականի համեմատ, մինչդեռ արժեքը՝ 41%-ով է ավելացել։ Այսինքն՝ միջին գինը  նվազել է։ Եթե  2015-ին այս երկրից ՀՀ ներմուծված ադամանդի 1 կարատի միջին գինը կազմել է 260 դոլար, ապա 2016-ին՝ 180 դոլար։ 

ԱՄԷ-ից ներմուծված հումքը շատ ավելի էժան է, քան օրինակ՝ ՌԴ-ից ու Բելգիայից։ Համեմատության համար նշենք, որ ՌԴ-ից ներմուծված ադամանդի 1 կարատի միջին գինը կազմել է 550  դոլար, Բելգիայից՝ 430  դոլարով։   

ՌԴ-ից ներմուծվող ադամանդի քանակը ևս զգալի աճել է՝ 14  հազ. կարատից հասնելով 54 հազարի։  1 կարատի միջին գինն էլ 790  դոլարից դարձել է 550 դոլար։ Հիշեցնենք, որ 2014-ին Հայաստանը վավերացրեց Ռուսաստանի հետ կնքած համաձայնագիրը, որը ենթադրում է Ռուսաստանից Հայաստան արտահանվող չմշակված ադամանդի 6,5% մաքսատուրքերի զրոյացում:  Ենթադրվում է, որ հենց մաքսատուրքերի զրոյացումն է նպաստել ՌԴ-ից ստացվող հումքի էժանացմանը։ 

Փոքր-ինչ պակասել է ներմուծումը Բելգիայից։  Գրեթե կրկնակի ավելացել է  ներմուծումը Հնդկաստանից ու Շվեյցարիայից, սակայն այստեղ խոսքը ոչ մեծ ծավալների մասին է։ 

Հայաստանի ադամանդագործության ոլորտի գլխավոր խնդիրներից են ոչ միայն  էժան ու որակյալ հումքի ձեռքբերման հետ կապված բարդություններն, այլև՝ արտահանման կենտրոնացվածությունը, որակյալ մասնագետների պակասը, ստվերը, հարկային ու մաքսային խոչընդոտները և այլն։ 

Նախորդ տարվա նոյեմբերին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել ադամանդագործության և ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Նախարարության տարածած մամուլի հաղոդագրության մեջ նշված է. «Սուրեն Կարայանը ներկաներին հայտնել է, որ ռուս գործընկերների հետ համագործակցության միջոցով կձգտեն ստանալ հնարավորինս որակյալ և մատչելի հումք, նաև տեղեկացրել, որ բանակցություններ կընթանան Անգոլայից նույնպես ադամանդի հումքի ձեռքբերման ուղղությամբ»։ 

Ուշագրավ է, որ այս ոլորտում հումքի ձեռք բերման մասին խոսելիս պետական մարմիններում առավել հաճախ, որպես հումքի մատակարար, շեշտվում են Ռուսաստանն ու ռուս գործընկերները։ Բայց մաքսային տվյալները ցույց են տալիս, որ նախորդ տարի ԱՄԷ-ից ներմուծվել է ավելի շատ ու ավելի էժան ադամանդ, քան ՌԴ-ից։ Մինչդեռ ԱՄԷ-ն, որպես մատակարար, չի շեշտվում։ Եվ տպավարություն է, որ ոլորտում գրանցված աճը պետական մարմինները փորձում են ներկայացնել որպես Ռուսաստանի հետ կնքված պայամանգրի բացարձակ արդյունք։ 


Create line charts

Հայաստանում մշակված ադամանդի խոշորագույն գնորդը Ռուսաստանն է

2016 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 105 մլն դոլար մաքսային արժեքի 167 հազ. կարատ ադամանդ։  Քանակն աճել է 78%-ով, մինչդեռ  արժեքը՝ 55%-ով։ Այսինքն՝ արտահանված ադամանդի միջին գինը ևս նվազել է։ 

Հայաստանում մշակված ադամանդի ամենախոշոր գնորդը Ռուսաստանն է։ Նախորդ տարի արտահանված ադամանդի 44%-ն, ըստ քանակի, առաքվել է ՌԴ, 17%-ը՝ ԱՄԷ, 13%՝ Բելգիա, 11%-ը՝ Շվեյցարիա։ Ինչպես նաև ոչ մեծ քանակությամբ առաքվել է Իսրայել, Կանադա, ԱՄՆ և այլն։ Ոչ մեծ չափով ավելացել է դեպի Բելգիա և Շվեյցարիա արտահանումը։ 

Էական աճ կա Ռուսաստանի մասով. դեպի այս երկիր ադամանդի արտահանման թե քանակը, թե մաքսային ընդհանուր արժեքը աճել է 5  անգամ։ Արտահանվել է հասնելով 75  հազ. կարատ ադամանդ՝ 26,1  մլն դոլար արժեքով։ Հենց դեպի ՌԴ արտահանման աճով էլ հիմնականում պայմանավորված է արտահանման ընդհանուր ցուցանիշի աճը։ 

Լուսանկարը՝ www.diamondhedge.com-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter