Կիրակի, 23 սեպտեմբերի

«Մենք ու նորեկները», ոչ թե «մենք ու փախստականները»



Ֆոտոցուցահանդես «ՆորեկներըՍիրիացիները Հայաստանում»

Փետրվարի 24-ին «Հոդված 3» ակումբում բացվեց «Նորեկները․ Սիրիացիները Հայաստանում» ֆոտոցուցահանդեսը, որն ընդգրկում է լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի լուսանկարչական աշխատանքները, համադրողը՝ Աննա Կամայն է։ Ընդհանուր առմամբ գրեթե մեկ տարի Աննան եւ Անուշը աշխատել են նախագծի կոնցեպտի մշակման եւ գաղափարն ամբողջացնելու ուղղությամբ։

Հանդիպում եմ Աննային «Հոդված 3»-ի բակում․ առանց շունչ քաշելու, դետալային, մտահոգ եւ անընդհատ մեջբերումներով սկսում է պատմել նկարներում պատկերվածների ընտանեկան ու անհատական պատմությունները․ «դրանք բոլորը նման են իրար ինչ-որ կերպ եւ միեւնույն ժամանակ խիստ տարբեր»․ ասում եմ։ « Այդպես է»․ հաստատում է Աննան։

Անցնում ենք ակումբի երեք հատվածներով։

Անուշ Բաբաջանյանի լուսանկարները ընդգծում են սիրիահայ ընտանիքներին բնորոշ կենցաղի դետալները, դրան գումարվում է հայաստանյան միջավայրի ինտեգրման (կամ դրա փորձի) հնարավորությունը։ Այդպիսի պատում ունեցող լուսանկարներից մեկում Անուշը ֆիքսել է ընտանիքներից մեկը բակը, որտեղ երեկոյան անդորր է, եւ տիպիկ երեւանյան լվացք՝ մի պատից մյուսը ձգվող լարին՝ գունավոր ամրակներով կախված։

Մի այլ լուսանկարում Անուշը ներկայացնում է մանկահասակ Մարալի ստվերը՝ խոհանոցի պատին, որտեղ երեւում է, որ աղջնակը, դանակը ձեռքին, կեղեւազրկում է միրգը։ Մարալը բազմազավակ ընտանիքի իգական սեռի միակ ներկայացուցիչն է՝ ապրում է հոր ու երեք եղբայրների հետ (ընտանիքի մասին՝ այստեղ

Լուսանկարների շարքում նաեւ հաջողված պատմություններն են․ դրանք հիմնականում ներկայացնում են երիտասարդներին (20-30 տարեկան), ովքեր ավելի շուտ են կարողացել ինտեգրվել միջավայրին, ունեն աշխատանք։ Նրանցից մեկի ձեռքին դաջվածք կա՝ հինգ նետեր, որոնք խորհրդանշում են ընտանիքի հինգ անդամներին։

Աննա- Իրականում ակումբի տարածքը այնքան էլ մեծ չէ, որ կարողանայինք բոլոր  աշխատանքները ցուցադրել, բայց այս տարածքը հատուկ ընտրություն է՝ այն որեւէ քաղաքական դիրքորոշում չունի, չի առանձնանում իր պարտադրողականությամբ այդպես նաեւ ազատ հույզերի տեղ է տալիս։ Իմ նպատակներից մեկը հենց դա էր, որ այս պատմությունները՝ լուսանկարների տեսքով, այսպիսի ազատ ու չպարտադրող միջավայրում  ցուցադրվեն։

Աննայի աշխատանքը ինչ-որ կերպ տարբերվում է համադրողի կոնկրետ աշխատանքային բնույթից․ նա մեկ տարի շարունակ (2015-2016 սեպտեմբեր) «Հայկական ռեդվուդ» նախագծի  շրջանակներում շփվել է սիրիահայերի հետ, ծանոթացել բազմաթիվ ընտանիքների, անմիջական մասնակցությունն ունեցել առաջացած խնդիրների ու հարցերի դեպքում։ Նման պայմաններում, երբ հատկապես ձեւավորվում են որոշակի հարաբարերություններ՝ սոցիալական, մշակութային, այս դեպքում նաեւ ընկերական, ինչ-որ առումով դժվարանում է օբյեկտիվ դիրքից ներկայացնել միջավայրը կամ համադրությունը։  Աննան ավելի շուտ ներկայանում է ոչ թե համադրողի, այլ այս պատմություններից քաջատեղյակ մեկի դիրքերից, ով ինչ-որ կերպ ցանկացել է վավերացրած տեսնել «նորեկների» կյանքն ու կենցաղը։ Այս դեպքում Աննայի ներկայացրած ընտանիքների պատմությունը վավերագրում է Անուշը։

Անուշ Բաբաջանյան- առաջին անգամն էի աշխատում Աննայի հետ, բայց միմյանց շատ լավ ճանաչում ենք, ու դա նպաստեց, որ ընդհանուր եզրեր գտնենք։ Մենք լրացնում էինք իրար՝ Աննան կենտրոնանում էր ավելի խորը շփման եւ տեղեկություններ գրանցելու վրա, իսկ ես՝ լուսանկարելու։

Աննա- Մեկ-մեկ թվում էր, թե շատ եմ ներխուժում Անուշի աշխատանքի մեջ, խնդրում լուսանկարել այս կամ այն դետալը, հետո ինքս ինձ ասում էի՝ ինչ ես անում։

Ուղղակի այդ մարդիկ ինձ վստահում են այդ հարցում բախտս բերել է, որովհետեւ մի քանիսի հետ աշխատել եմ։ Իրենք սովորաբար չեն ուզում լուսանկարվել, խուսափում են մեդիաներից, որովհետեւ խղճուկ են ներկայացվում, իրենց արժանապատվությունը ինչ-որ ձեւ ոտնահարվում է։ Այս դժվարությունը հաղթահարելու համար նախ լուսանկարվել են իմ ընկերները, ապա ծանոթ ընտանիքները, ովքեր էլ նպաստել են մյուսներին գտնելու, շփվելու եւ պատմության մասը դարձնելու համար։

Անուշ Բաբաջանյան- կարող եմ առանձնանցնել Խաչիկի լուսանկարը նա նստած է Երևանում վարձած իր տան հյուրասենյակում, եւ գլխավոր իրը սենյակում պատին կախված նշանդրեքի լուսանկարն է, որն արվել է Սիրիայում։ Շատերի մոտ տեղի է ունենում որոշակի ինտեգրում, բայց հիշուղություններն ու այն, ինչ մարդը կոչում է տուն, մնում են անփոփոխ երկար տարիներ։

Նախասրահում ներկայացված լուսանկարներից երկուսում Աննայի ընկերներն են, ովքեր, ինտեգրվել են հայաստանյան միջավայրին, ունեն աշխատանք։ Նրանցից մեկը համաձայնվել է լուսանկարվել մի պայմանով միայն, եթե իրեն «փախստական» չանվանեն։ Աննան էլ այս եզրույթի հետ համաձայն չի․ ասում է, եթե մարդը եկել է իր հայրենիք, խոսում է նույն լեզվով, ինչ մենք, ունի աշխատանք, ընկերներ, չի դիմել կարգավիճակ ստանալու համար եւ ինտեգրվել է հասարակությանը, ինչու պետք է այդ մարդկանց «փախստական» անվանել։

Ընդհանուր առմամբ ցուցահանդեսի անվանումը («Նորեկները․ Սիրիացիները Հայաստանում») բանավեճի տեղիք է տվել․

Աննա- Այո՛, նորեկ, ոչ թե փախստական իրենք արդեն 5 տարուց ավելի է՝ այստեղ են, իրենք իրենց չեն համարում փախստական, որովհետեւ նախեւառաջ կարգավիճակի համար չեն դիմել։ Այնպես որ, եթե առանձնանցում ենք, ապա «մենք ու նորեկները», ոչ թե «մենք ու փախստականները»։  Ինչ վերաբերում է նրան, թե ինչու «սիրիացի», ոչ թե «սիրիահայ» չեմ ուզում կենտրոնացումը նրանց հայ լինելու վրա լինի, իրենք իրենց սիրիացի են ասում, իրենց տունն է եղել Սիրիան, իրենք 3-4 սերունդ ապրել են այնտեղ։  Բացի այդ «նորեկների» 10%-ը հայեր չեն ու հիմա գտնվում են շատ ծանր վիճակում։ Նրանց մասին գրեթե չի խոսվում։

Յուրաքանչյուր լուսանկարի մոտ Աննայի հետ կանգնեցինք 10-15 րոպե։ Բոլոր պատմություննեը Աննան ներկայացնում է ամենայն մանրամասնությամբ՝ երբեմն հուսահատական մի շնչով ափսոսում է, որ նրանք կարող են մեկնել, իսկ մի քանի րոպեից նորից կարեւորում, որ առանց աշխատանքի նրանց «պահելը», իհարկե, անարդարացի է եւ անհնար։

Մեր զրույցի ընթացքում Աննային զանգում է սիրիահայ մի կին, տեղեկացնում, որ ունեն Աննային անհրաժեշտ մթերքը։ Զրուցում են նաեւ խնդիրների մասին, Աննան անջատում է հեռախոսն ու ցուցահանդեսից դուրս, բայց նույն թեմայի մեջ, պատմում այս կնոջ ընտանիքի պատմությունը։

Երկուսս էլ լռում ենք 5-10 րոպե, հետո Աննան եզրափակում է․

Աննա- Ես հասկանում եմ, որ  Հայաստանում այս պահին շատ այլ արդիական հարցեր կան արտագաղթը, Գյումրիի եւ այլ քաղաքների սոցիալական ծանր վիճակը։ Այս խնդիրները կան տարիներով ու չեն լուծվել։ Իսկ այս մեկն առաջացել է լուրջ պատճառներով, ու, եթե չլուծվի, մեկընդմիշտ կփակվի այս հարցը։ Մարդիկ ուղղակի կգնան (ինչպես արդեն գնացին շատերը)։ Կար լավ բան ու էլի չի լինի այդ լավ բանը․․․ Իսկ իրենք հայ են, իրենց համար հեշտ կլիներ այստեղ մնալ, եթե աշխատանք գտնեին։ Իրենց խնդիրը հիմա դա է՝ աշխատանք ու բնակարան։ Նայենք մեր շուրջը ինչքա՜ն բան փոխվեց նրանց՝ այստեղ գալուց ի վեր, ինչ հետաքրքիր ու բազմազան մշակույթ նրանք բերեցին մեր միջավայր։

Բոլոր պատմությունները գլխիս մեջ են, դեռ 25-30 ընտանիքն ենք նկարել, բայց պետք է Արցախում ու մարզերում էլ շարունակենք լուսանկարել։                        

Հ․Գ․ Ներկայումս շուրջ 20․000 սիրիացի փախստական է բնակվում Հայաստանում։ Փախստականների մեծ մասն ունի հայկական ծագում․ այն հայերն են, որոնց նախնիները փախել են թուրքական ջարդերից 1915-1924 թվականներին եւ ապաստան գտել Սիրիայում։
Նրանք փախել են հակամարտությունից պատերազմի հենց սկզբից՝ 2011 թվականին։

Անուշ Բաբաջանյանը լրագրող եւ լուսանկարիչ է, ինչպես նաեւ «4 Պլուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի համահիմնադիրներից մեկը: 

Աննա Կամայը ԺԱԻ Երեւանի անդամ է․ որպես համադրող հիմնականում աշխատում է սոցիալական համատեքստով արվեստի նախագծերի շրջանակներում։

Լուսանկարները տրամադրել է Անուշ Բաբաջանյանը։ Երկրորդ լուսանկարում՝ 11-ամյա Մարալը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ