HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարո Եղնուկյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել

Ամալյա Մարգարյան

Վերաքննիչ դատարանում` նախագահությամբ Մխիթար Պապոյանի քննվում էր «Հիմնադիր խորհրդարնի» անդամ Կարո Եղնուկյանի բողոքի գործը` ընդդեմ քննչական ծառայության և դատախազության անգործության: Կարո Եղնուկյանը բողոք էր ներկայացրել առաջին ատյանի դատարան` նշելով, որ իրեն առաջադրված մեղադրանքները պարզ չեն: Կարո Եղնուկյանին մեղադրում են  պատանդներին պահելուն օժանդակելու (Քրեական օրենսգրքի 38-218 հոդված) ու զավթած շենքները և շինությունները պահելուն օժանդակելու (Քրեական օրենսգրքի 38-219 հոդված) մեջ: Առաջին ատյանի դատարանը մերժել էր բողոքը:

Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքում նշված է, որ նա ձգտել է «Սասնա ծռեր» խմբավորման համար առանց գաղտնալսման ռադիոկապ ապահովել, փորձել է հասարակության մի խումբ տեղափոխել ՊՊԾ գնդի տարածք, խոչընդոտել է իրավապաշտպան մարմինների աշխատանքը, նպաստել է,  այլ անձանց կողմից (որոնք բացահայտված չեն) ապատեղեկատվություն տարածելուն, որ «Սասնա ծռերը» իրավապահների կողմից տրամադրված սննդից թունավորվել են: Մեղադրական եզրակացության մեջ նշվել է նաև, որ Կարո Եղնուկյանը «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին տեղեկացրել է տեխնիկայի շարժի մասին: Այս մասին առաջին ատյանի դատարանում բողոքը ներկայացնելու ժամանակ հայտնել էր փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանը նշել էր նաև, որ քննիչը որևէ գործողություն չի կատարել, հարցերը մնացել են անպատասխան` նույնիսկ մեղադրանքը փոխելուց հետո:

«Հիմա մենք ծանոթացել ենք գործին, չկա որևէ նյութ այն մասին, թե ինչպես է Կարո Եղնուկյանի տարածած նյութն ազդել պատանդներ, շենք-շինություններ զավթած պահելուն կամ ինչպես է վիրավորել իրավապահ մարմիններին, խանգարել նրանց գործողություններին»,-նշել էր պաշտպանը։

«Կարո Եղնուկյանը բողոքում է, որ առաջադրված մեղադրանքի հիմքերը քննիչը , նույնիսկ դատախազը չեն պարզաբանում, մինչդեռ օրենքով այդպիսի պարտավորություններ ունեն: Կարո Եղնուկյանը դիմել էր առաջին ատյանի դատարան, սակայն դիմումը մերժվել էր, ուստի բողոք էր ներկայացրել  Վերաքննիչ դատարան: Այսօրվա նիստի ընթացքում մենք մանրամասն բացատրություններ ներկայացրինք, դատարանը հարցեր ուղղեց»,- «Հետքի» հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Այս գործով Վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակվի մարտի 27-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter