HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված ոչ մի զինվոր պետության աջակցությամբ չի բուժվել արտերկրում

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2016թ. ապրիլի 21-ին, կառավարությունն ընդունեց 410-Ն որոշումը, ըստ որի՝ պատերազմական գործողություններում վիրավորված զինվորները պետբյուջեի հաշվին հնարավորություն էին ունենալու մեկնել արտերկիր՝ անվճար բուժման:

Պաշտպանության և առողջապահության նախարարություններից մեզ փոխանցված տվյալների համաձայն` մինչ այժմ այս որոշումից օգտվել է միայն երեք զինծառայող։

Զինծառայողների` արտերկրում բուժման համար 2016թ. հատկացվել է տարվա բյուջեի ընդամենը 0,02 տոկոսը (երկու զինծառայողների բուժման ծախսն է)։ Իսկ 2017թ. բյուջեից առայժմ կառավարության որոշմամբ մեկ զինծառայող է ուղարկվել բուժման․ ծախսերը գնահատվել են 1,3 միլիոն դրամ։ Արտերկիր ուղարկված երեք զինծառայողները հրազենային վիրավորում են ստացել 2013 և 2014թթ. մարտական հերթապահության ժամանակ:

Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներից ոչ մեկի բուժումն արտերկրում չի իրականացվել պետական բյուջեի միջոցներով:

 Ապրիլյան պատերազմի մասնակիցները արտերկիր են մեկնել բարեգործությունների շնորհիվ

Զինծառայողի բուժումն արտերկրում անվճար իրականացնելու համար անհրաժեշտ է մասնագիտական եզրակացություն, որի համար, ըստ Կառավարության այս որոշման ստեղծվում է միջգերատեսչական հանձաժողով։ Այդ հանձնաժողովի մեջ են մտնում ինչպես ԱՆ մասնագետները, այնպես էլ՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։ Անհրաժեշտության դեպքում դիմումը քննելու հրավիրվում են զինծառայողին բուժող բժիշկները և այլ նեղ մասնագետներ։

Հետվերականգնողական բուժումը, ինչպես նշված է կառավարության որոշման մեջ, արտերկրում իրականացվում է միայն այն դեպքերում, երբ այն հնարավոր չէ իրականացնել Հայաստանում գործող բժշկական հաստատություններից որևէ մեկում։ Որոշման հենց այս տողին էր հղում կատարում առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, երբ իրեն հարց էին տալիս, թե ինչու այդ ժամանակ` քառօրյա պատերազմից հետո, Հայաստանի բուժում ստացող զինծառայողներին չեն ուղարկում արտերկիր։

 Ընդհանուր առմամբ, ըստ առողջապահության նախարարության, 2016թ․ ապրիլյան գործողությունների ժամանակ վիրավորվել է 159 զինվոր։ Մեզ տրամադրած տեղեկության համաձայն՝ առողջապահության նախարարությունը արտասահմանում բուժվելու 5 դիմում է ստացել, որոնցից 3-ին տրվել է դրական եզրակացություն։ Նախարարությունը մեզ չի հայտնել բացասական պատասխան դիմումատուների անունները՝ դա համարելով գաղտնի տեղեկություն։

Պաշտպանության նախարարությունից ևս «Հետք»-ին տեղեկացրին միայն դրական պատասախան ստացած զինծառայողների անունները՝ դարձյալ լռելով մերժվածների մասին։ Դրական պատասխան ստացած երեք զինծառայողներն են 2013 և 2014թթ․ մարտական հերթապահության ժամանակ հրազենային վիրավորում ստացած Աշոտ Գրիգորյանը, Մհեր Պետրոսյանը և  Ռուզվելտ Թորոսյանը։

Նրանց բուժման համար բյուջետային ծախսերից հատկացվել է ընդհանուր առմամբ՝ մոտ 28 մլն ՀՀ դրամ։ 2016թ․ին  զինծառայողներից Ա․Գրիգորյանը մեկնել է Ռուսաստան,Մ․Պետրոսյանը՝ Գերմանիա, 2017թ․ին Ռուսաստան է մեկնել նաև Ռ․ Թորոսյանը։

Ապրիլյան պատերազմի մասնակից զինվորներից արտերկրում, ըստ ՊՆ-ի պատասխանի,  գտնվում է 3 հոգի, որից 2-ը՝ հանգանակություններով, 1-ը՝ բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ։ Այսինքն՝ հանձնաժողովը նրանց բուժումը Հայաստանում հնարավոր է համարել՝ չհատկացնելով համապատասխան ֆինանսավորում։ Ոչ ՊՆ-ի, ոչ էլ առողջապահության նախարարության պատասխաններում նշված չեն հանգանակությունների միջոցով արտերկիր բուժման մեկնած զինծառայողների անունները։

Նրանցից մեկի՝ Արման Լազգիյանի մասին «Հետք»-ը գրել է։ Միքայել Լազգիյանը՝ Արմանի հայրը, ի վերջո կարողացավ որդուն տեղափոխել Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկա, սակայն  ոչ կառավարության վերը նշված որոշման, այլ բարեգործությունների և հանգանակությունների շնորհիվ։ Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներից Ռուբեն Առաքելյանն էլ բուժում է ստանում Գերմանիայի Բոն քաղաքի հիվանդանոցներից մեկում, սակայն դարձյալ ոչ պետական աջակցությամբ: Ռուբենն ու մայրը` Անահիտը, Բոն են մեկնել կրկին բարեգործական միջոցների շնորհիվ: Անահիտը, մեզ հետ զրույցում պատմեց, որ բուժման համար անհրաժեշտ մոտ 100 հազար եվրոյի մի մասը հատկացրել են պետական պաշտոնյաները իրենց անձնական միջոցներից, մի մասն էլ հավաքել են Ռուբենին օգնել ցանկացող մարդիկ, այդ թվում` թոշակառուներ:

    Լուսանկարում ձախից՝ Արմանը Լազգիյանը և Ռուբեն Առաքելյանը, Գերմանիայում։

Երկու զինծառայողների ծնողներն էլ այժմ կարծում են, որ արտերկրում բուժումը անկասկած արդյունք է տալիս։ Միքայել Լազգիյանի կարծիքով՝ որդու Արմանի առողջական վիճակում օրեցօր դրական փոփոխություններ են գրանցվում։ Ռուբենի մայրը՝ Անահիտը, դժվարանում է ասել՝ արդյոք նույնը հնարավոր էր անել Հայաստանում, քանի որ Գերմանիայում բուժումն իրականացվում է բարձրակարգ սարքավորումներով։ Ռուբենն այժմ տեղաշարժվում է էլեկտրական սայլակով, կարողանում է շարժել ձեռքը, որը Հայաստանում բուժման ժամանակ չէր կարողանում: Անահիտն ասաց, որ որդին շուտով պետք է տեղափոխվի Գերմանիայում գտնվող այլ հիվանդանոց` բուժման երրորդ փուլի համար:

Ծնողներն այժմ չեն քննարկում պետական աջակցության բացակայությունը ֆինանսների հայթայթման հարցում, քանի որ անհրաժեշտ գումարն ի վերջո հավաքվել է և բուժումն ընթացքի մեջ է(խոշոր գումարով աջակցել են նաև պաշտոնյաներ` անձնական միջոցներից): Սակայն նշենք, որ այդ բացակայությունը իր բացասական ազդեցությունն ունեցել է նաև կազմակերպչական հարցրում: Ռուբենի մայրը` Անահիտը, ասում է, որ Գերմանիա են մեկնել միջնորդ կազմակերպության միջոցով` արդյունքում հայտնվելով, իր խոսքով, խարդախության մի սխեմայի մեջ, որին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք:

Գլխավոր լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter