HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կուրսանտի սպանության գործով վկան ռազմական ոստիկանությունում երկու օր հաց չի կերել, չի քնել, հոգնած վիճակում ցուցմունքներ է տվել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտիուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին մեղադրող դատախազներից Կարեն Հարությունյանը պարբերաբար գլխի շարժումներով կարծես ինչ- որ բան էր հուշում վկային, հավանություն տալիս նրա պատասխաններին: Այն բանից հետո, երբ «Հետք»-ի լրագրողն այս ամենը նկատելով՝ տեսախցիկն ուղղեց  դեպի դատախազը, վերջինս սկսեց ավելի զգույշ լինել իր գործողություններում:

«Հետք»-ի լրագրողը դատական նիստի ավարտից հետո Հարությունյանից պարզաբանում խնդրեց իր գործողությունների վերաբերյալ, և վերջինս կտրականապես հերքեց իր կողմից նմանատիպ որևէ գործողության կատարումը:

Վկան դատարանում հայտնեց նաև, որ սպանությունից հետո, երբ իրեն և այլ կուրսանտների տարել են ռազմական ոստիկանություն, երկու օր հաց չի կերել, չի քնել, հոգնած վիճակում ցուցմունքներ է տվել:

«Երկու օր անց, երբ վերադարձանք ինստիտուտ, հաց կերանք ու քնեցինք»,- նկատի ունենալով իրեն և ոստիկանություն տարված մյուս վկաներին՝  ասաց  Պետրոսյանը՝ ոչ թե որևէ մեկին մեղադրելու միտում ունենալով, այլ բացատրելով, որ ինքն այդ ամենը բնական է համարել, քանի որ լուրջ հանցագործություն էր կատարվել, որը պիտի բացահայտվեր: Դատավորի հարցին՝ այդ վիճակում նաև ցուցմունքնե՞ր եք տվել, վկան դրական պատասխան տվեց՝ նշելով, սակայն, որ իր վիճակը ցուցմունքների բովանդակության վրա չեն ազդել: Դատաախազ Հայկ Հարոյանը  վկայի հայտարաության  վերաբերյալ «Հետքի»-ի  լրագրողի հարցին ի պատասխան ասաց հետևյալը.

«Իրենից առաջ հարցաքննված վկաներն էլ ասացին, որ լավ էլ քնել են, հացն էլ դրսից էին բերում» : Լրագրողի դիտարկմանը, որ վկայի կողմից արված հայտարարությունն,  ըստ էության,  քննություն իրականանցնող մարմնի կողմից խախտման մասին է, Հարոյանը պատասխանեց, թե վկան չի ասել, որ իրեն  թույլ չեն տվել հաց ուտել, քնել, այլ ասել է, թե ինքը հաց չի կերել, չի քնել:

Իսկ դատարանում այսօր ցուցմունք տված վկան Հովհաննես Պետրոսյանն էր, ով սպանված Հայկազ Բարսեղյանի հետ նույն ննջարանում է քնելիս եղել:

Վերջինս մանրամասներ է պատմել սպանության գիշերն իրենց սենյակում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նրա նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառվել, և շուրջ  8 ու կես ամիս վկան պահվել է ռազմական ոստիկանությունում: Այս ամիսների ընթացքում Պետրոսյանը, փաստորեն, չի շարունակել ուսումը, ապա, երբ արդեն հնարավորություն է ունեցել շարունակելու, հրաժարվել է վերադառնալ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. այժմ սովորում է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն  համալսարանի երկրորդ կուրսում:

Ցուցմունքը սկսելուց մոտ մեկ րոպե անց վկան լռեց, ապա դատարանին հայտնեց, որ կաշկանդվում է, հուզվում,  ինչից  հետո դատավորը ընդմիջում հայտարարեց:

Դատարանում վկան պատմեց հունվարի 28-ին ճաշարանում Կարեն Բաղրամյանի և Հայկազ Բարսեղյանի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, որն, ինչպես արդեն մի շարք վկարներ են հայտնել, տեղի է ունեցել Կարեն Բաղրամյանի ոչ գեղեցիկ ուտելու պատճառով: Այս կապակցությամբ Հայկազ Բարսեղյանը հերթական անգամ նկատողություն է արել Կարեն Բաղրամյանին: Բաղրամյանի և Բարսեղյանի հետ նույն սեղանի մոտ նստած է եղել նաև վկա Պետրոսյանը: Վերջինիս խոսքով` Բարսեղյանը Կարեն Բաղրամյանին զգուշացրել է, որ այուհետ կամ պիտի գեղեցիկ ուտի, կամ նստի այլ սեղանի մոտ, և նրանց միջև տեղի ունեցածը հարթելու համար սեղանին է մոտեցել ամբաստանյալ Վաչե Սահակյանը: Վերջինս ասել է, որ այս հարցի մասին երեկոյան կխոսեն:

Ապա ևս մեկ միջադեպն է տեղի ունեցել Կարեն Բաղրամյանի ու Հայկազ Բարսեղյանի միջև, որից հետո վկա Հովհաննես Պետրոսյանի խոսքով՝ ինքը տեսել է, թե ինչպես է Հայկազ Բարսեղյանը անձեռոցիկով սրբում բերանի հատվածը: Անձեռոցիկի վրա, Պետրոսյանի խոսքով, արյուն է եղել:

Վկայի խոսքով՝  նույն օրը՝ հունվարի 28-ին, «քուն» հրամանից հետո ինքը, ինչպես նաև կուրսանտ Հայկազ Բարսեղյանը գնացել են քնելու իրենց սենյակում: Ինքն արթնացել է գիշերը՝ այն բանից հետո, երբ Գնել Թևոսյանը մեկ այլ կուրսանտի հետ եկել է իրենց սենյակ ու Հայկազ Բարսեղյանին ասել, որ դուրս գա, քանի որ հետը խոսելու բան ունեն: Հայկազը պատասխանել է, որ ինքը խոսելու բան չունի: «Մենք ունենք»,- եղել է Գնելի պատասխանը, որից հետո, ըստ վկայի պատմածի, Հայկազը դուրս է եկել, ապա քիչ անց վերադարձել, հայհոյանք հնչեցրել՝  ասելով՝ «ի՞նչ ես սրանք ինձնից ուզում» ու պառկել: Պետրոսյանի խոսքով՝ ինքը չի հետաքրքվել, թե ում կամ ինչու է հայհոյում Հայակազ Բարսեղյանը:

Քիչ անց, ըստ վկայի, ննջարան են մտել գործով չորս ամբստանյալները՝ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանն ու Մովսես Ազարյանն ու գնացել դեպի Հայկազի մահճակալը: Ամբաստանյալներն, ըստ վկայի, չեն նկատել, որ ինքը նայում է, թե ինչ է կատարվում սենյակում: Իսկ սենյակում, ըստ Պետրոսյանի՝ ամբաստանյալները ծեծի էին ենթարկում Հայկազնին, ով դիմադրում ու հայհոյում էր նրանց:

«Հետո Նորիկը ձեռքով փակեց բերանը, Գնելը հարվածում էր,  Վաչեն ու Մովսեսը բռնել էին նրա ոտքերը»,- պատմեց վկան, ում խոսքով՝  այս ամենին հաջորդել է գնելի ձեռքի ինչ- որ կտրուկ շարժում, ու Հայկազի ձայնն այլևս չի լսվել: Ապա Հայկազին շոր են հագցրել ու տարել դուրս:

Վկայի՝ դատարանում տված ցուցմունքի համաձայն՝ ինքն այդ պահին չի գիտակցել, որ Հայկազը մահացած է, մինչդեռ նախաքննության ընթացքում տված ցուցմունքի համաձայն՝ ինքը նման տպավորություն ունեցել է:

«Տպավորություն էր, որ եթե Հայկազին չբռնեն, նա կընկներ»,- գրել է Հովհաննես Պետրոսյանը:

Այս հանգամանքին ուշադրություն հրավիրեց Նորիկ Սահակյանի փաստաբան Հովիկ Արսենյանը`հարց հնչեցնելով, թե ինչպե՞ս կարող էր վկան նախապես տպավորություն ունենալ, որ Հայկազնին սպանել են, ապա գալ և դատարանում հայտնել, թե կարծել է` նրան բուժկետ են տանում: Արսենյանը կասկած հայտնեց, որ սա խոսում է այն մասին, որ վկային նախաքննության ընթացքում ուղղորդել են, և դա է պատճառը, որ վերջինս չի հիշում, թե ինչ ցուցմունք է տվել նախկինում:

Նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներում  վկան գրել է նաև, որ Գնելի ձեռքի շարժումից հետո, որով ամենայն հավանականությամբ կտրել էր Հայկազի ձեռքը, վերջինս փսխել է, և Վաչե Սահակյանն ասել է՝« վսյո, էսի մեռավ»:

Ապա, ըստ վկայի ցուցմունքի, ամբաստանյալները սկսել են մտածել՝ ինչ անել:

«Նորիկն ասել է` բերեք տանենք բալկոնից գցենք, Գնելն առաջարկել է բուշլատի քողերը հանել (ըստ մեղադրանքի` Հայկազ Բարսեղյանին կախել են զինվորական  համազգեստի քողերով-խմբ),  Վաչեն առաջարկել  է  գրել, որ ինքն է իրեն սպանել, Մովսեսն էլ ասել է, որ ինքը  կկեղծի ձեռագիրը»,- գրել է Հովհաննես Պետրոսյանը:

Վկայի հարցաքննությունն ավարտվեց:

Նշենք, որ այսօր դատարան էր մուտքագրվել ամբաստանյալ Նորայի Սահակյանի մոր գրությունն`ուղղված ՀՀ գլխավոր դատախազին: Մայրը խնդրում էր որդուն ազատել կալանքից ու թույլ տալ գնալ բանակ:

«Թող թեկուզ գնա և զոհվի, բայց իմանամ՝ ինչի համար է»,- նամակում գրել է մայրը՝ շեշտելով, որ որդին ապօրինի է գտնվում կալանքի տակ: Դատավոր Դավիթ Հարությունյանը դիրքորոշում հայտնեց, որ հասցեատերը ոչ թե դատարանն, այլ դատախազությունն է, ուստի դատական նիստի ընթացքում նամակն, ըստ էության, քննարկման առարկա չդարձավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter