HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Աթաբեկյան. «Ինձ կիսող պատի երկու կողմերում ոչ ոք չմնաց արդեն կենդանի...»

LIBERA ME

Ձեռքը սրտի մեջ, ու սիրտը՝ բաց,
Ու բաց սրտի մեջ ձեռք ու թախիծ.
-Ու՞մ ուրվականն է՝ կողից խոցված
Մեղմորեն ճոճվում առաստաղից-
Վերապատմածի վերապատմում,
Նախացնորում ետցնորման,
Ու ձայն են տեսնում անապատում
այս մարդիկ՝ այսքան իրար նման։

Ու լույս են լսում անապատի,
Ու լույսը արդեն ետ է ձայնից.
-Եբրայեցի է ամեն պատիճ,
Եւ ուրվական է ամենայն ինչ-
Սիրտը ձեռքի մեջ, ու ձեռքը բաց.
Ու ինչ էլ անես, պիտի մնան
ունկերը՝ ձայնի, աչքերը՝ թաց
այս մարդիկ՝ այսքան իրար նման։

Սրանից ավել ի՞նչ կար վերջին,
Ի՞նչ կար՝ առաջին, սրանից զատ.
Եւ ուրվականն ու եբրայեցին
Ժպտում են իրար անհարազատ,
Այս աղմուկի մեջ ի՞նչ էր պիտո,
Եւ ի՞նչ էր պիտո, որ իմանան
Իրենց ու իրար սիրահետող
այս մարդիկ՝ այսքան իրար նման։

Դու իզուր նրանց հըմայեցիր։
Նրանք՝ ոհմակով, դու՝ միշտ մենակ,
Քեզ համարեցին մեկն իրենցից՝
Կցելով քեզ կյանքն անժամանակ,
Ու մինչ դու՝ հեռու քո բանտերում,
Նրանք ապրում են դեմ-հանդիման
Քո մարմինն անտեր, ու անտերունչ
այս մարդիկ՝ այսքան իրար նման։

VOCA ME

Ինձ կիսող պատի երկու կողմերում
ոչ ոք չմնաց արդեն կենդանի,
Եւ օրացույցի ներհակ զնդանից
չկամությամբ են օրերը ելնում։

Եվ օրացույցի ներփակ շրջանից
դեւ ու ջրահարս, չարք ու բարեկամ
ելնում են դանդաղ նույն չկամությամբ
ու ինձ հեզանազ հրաժեշտ տալիս։

Հողեղեն գոյի ցուցափեղկերից
մանեկեններ են լալիս ժպտադեմ
մի ձեռքում՝ սառույց, մյուսում՝ կավիճ,
ու կատարյալը անցյալ է արդեն։

Ու հարակատար ներկայում ահա,
ուր հողագունդը էլ չի երևում,
Քեզ եմ սպասում ես շունչս պահած։
Տաք կհագնվես. ցուրտ է վերևում։

Վահագն Աթաբեկյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter