HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կնյազ Հասանով. «Եթե քրդական փոքր գյուղերը խոշորացնեն, ապա դրանք կփոշիանան»

Մարտի 21-ին քրդերը տոնում են իրենց Նոր տարին՝ Նովրոզը: Հայաստանում վերջին մարդահամարի տվյալներով ապրում է ավելի քան 2000 քուրդ:

Ազգային ժողովի համար պայքարող քաղաքական ուժերից միայն երկու կուսակցություն է իր ծրագրում հիշատակել ազգային փոքրամասնությունների մասին:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների կենսագործման շրջանակներում նշում է, որ Հայաստանը պետք է կայանա որպես երկիր և հասարակություն, որտեղ մարդու իրավունքները ձևավորված ամուր արժեքային համակարգ են։ «Հայաստանի քաղաքացիները՝ հայերը, եզդիները, ռուսները, ասորիները, քրդերը, հույները և մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ունեն լիարժեք ինքնադրսևորվելու հնարավորությունն»,- ասված է ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում:

Ազատ դեմոկրատներն էլ առաջարկում են մշակույթի, արվեստի բնագավառում խթանել ազատ մրցակցությունը, բացառել հովանավորչական կամ խտրական քաղաքականությունը, ներառյալ՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի կազմակերպման, ճանաչելիության ու ներկայացվածության համար:

Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը ՀՀԿ ցուցակով առաջինն է քուրդ թեկնածուների շարքում: 72-ամյա թեկնածուն ասում է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը Ազգային ժողովում թույլ կտա ԱԺ ամբիոնից հնչեցնել ազգային փոքրամասնություններին հուզող հարցերը: Չնայած թեկնածուն նշում է, որ իրենք իրենց համայնքում եղած խնդիրները բարձրաձայնել են պետական տարբեր կառույցներում, սակայն պատգամավորն ավելի հստակ կարող է ձևակերպել և հնչեցնել այդ հարցերը ԱԺ ամբիոնից:

«Մեր գյուղերում ջրի խնդիրը շատ խիստ է, ջուր չեն ստանում բնակիչները: Կամ՝ համայնքի ներկայացուցչի ինչ-որ իրավունքի խախտում է եղել: Բոլոր այս հարցերը ԱԺ ամբիոնից բարձրացնելը շատ կարևոր է և համայնքի, և բոլորի համար»,- ասում է Կնյազ Հասանովը:

Մեր հարցին, թե կառվարությունն ինչպիսի ներդրումներ պիտի կատարի, որ քրդական համայնքը Հայաստանում զարգացում ապրի, թեկնածուն շեշտում է, որ միշտ էլ դիմել են կառավարությանը և աջակցություն ստացել: Օրինակ՝ քրդերեն դասագրքերի տպագրման համար դիմել է կառավարությանը և անցյալ տարի վերջին դասագրքերի շնորհանդեսն է անցկացվել: Կնյազ Հասանովի խոսքով, այսուհետ դասագրքերի հարցը լուծված է քրդական համայնքում: Տպագրված դասագրքերը բավարարել է քուրդ երեխաների ուսման գործընթացը մայրենիով կազմակերպելու համար:

Բացի դրանից, 87 տարի է՝ քրդերեն լույս է տեսնում «Ռյա-Թազա» թերթը Հայաստանում: Հրատարակվում է նաև հայալեզու, բայց կրկին քրդական «Զագրոսը»՝ պետության և այլ միջոցների հաշվին:

«Կրթության ոլորտում կարևոր հարցերից մեկը լուծվել է, բայց հարցեր կան նաև կենցաղային բնույթի: Գյուղերում հիմա խոշորացումներ են: Մենք այս հարցը կբարձրացնենք, որ քրդական փոքր գյուղերը չխոշորացնեն, այլապես դրանք կփոշիանան: Իրարից հեռու, սարի գյուղեր են, որտեղ 6 ամիս ձմեռ է լինում, ու այս գյուղերում պիտի առանցձին գյուղապետ լինի»,- ասում է Կնյազ Հասանովը:

Հիշեցնենք՝ գալիք ազգային ժողովում լինելու է ազգային փոքրամասնության 4 ներկայացուցիչ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter