HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնողի համայնքապետը գնել է համայնքի ամբուլատորիայի հարկաբաժինը

Նոյեմբերի 7-ին ծնունդով շնողցի Կարինե Հանիսյանը «Հետքին» տեղեկացրել է «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի շենքի 2-րդ հարկը, մշակույթի տան առանձին տարածքներ համայքապետ Հայկազ Քոչինյանի կողմից սեփականաշնորհելու եւ Շնողի գործող մանկապարտեզի մասնաշենքը վաճառելու մասին: 

«Գործող մանկապարտեզը, որի վարիչը համայնքապետի կինն է, նմանվել է մանկատան: Երեխաներն այստեղ անելիք չունեն անկիրթ դաստիարակների ձեռքում: Ես չեմ ուզում խորանալ, բայց վերոհիշյալ փաստերն ինձ ցնցել են: Գուցե մեր գյուղացիները անճար են, բայց ես կարծում եմ, որ «Հետքը» կարող է օգնել մեր գյուղին»,- գրում է Կարինե Հանիսյանը: Վերջինիս ուղարկած նամակում առկա փաստերը ճշտելու նպատակով աարված մեր հարցմանը Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման ղեկավար Դավիթ Թարմինյանը գրավոր հայտնել է. «Համաձայն ՀՀ Կառավարության 14.03.1997 թ. թիվ 51 որոշման, որպես Շնող համայնքի սեփականություն են հանդիսանում մշակույթր տունը, N1, N2 նախադպրոցական հիմնարկները եւ «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ն, որոնցից Շնողի բժշկական ամբուլատորիայի շենքի նկատմամբ կատարվել է գույքի բաժանում 2 մասի, բաժանված մի մասը օտարվել է Հայկազ Ջումշուդի Քոչինյանին` համաձայն 24.03.2005 թ. առուվաճառքի պայմանագրի: Թիվ 1 մանկապարտեզի մասնաշենքի նկատմամբ 20.11.1996 թ. կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում Արթուր Լյովայի Շահնազարյանի անվամբ»:

Շնողի համայնքապետ Հայկազ Քոչինյան

Կադաստրի ստորաբաժանման տեղամասի ղեկավարի տեղեկացմամբ` Շնողի մշակույթի տան տարածքում սեփականության պետական գրանցում չի կատարվել: «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի վարիչ Հերմինե Առաքելյանը  հայտնեց, որ բժշկական ամբուլատորիայի 2-րդ հարկն օտարելու ժամանակ ինքը ֆիզարձակուրդում է եղել, շենքի 2-րդ հարկի պետական գրանցումը կատարվել է այն ժամանակ ամբուլատորիայի վարիչի պաշտոնում իրեն փոխարինող բժիշկ Կարեն Ազարյանի մասնակցությամբ: Այդուհանդերձ, Հերմինե Առաքելյանն ասաց, որ ամբուլատորիայի 399,1քմ տարածքը համայնքապետը գնել է 600 հազար դրամով: «Չգիտեմ, Հայկազ Քոչինյանը վճարե՞լ է այդ գումարը համայնքի բյուջե, թե՞ ոչ, սակայն որ ամբուլատորիայի հաշվեհամարին այդ գումարը չի փոխանցվել, դա հավաստի կարող եմ հայտնել»:

Ամբուլատորիայի վարիչն ասաց, որ, ճիշտ է, ամբուլատորիայի բաժնետոմսերն ամբողջությամբ 1999 թ.-ից անհատույց հանձնվել են Շնող համայնքին, բայց ամբուլատորիան առանձնացված գույքով բաժնետիրական ընկերություն է, ունի իր կանոնադրությունը, գույքը եւ սեփականությունը: «Ամբուլատորիայի շենքն ամբուլատորիայի հաշվեկշռում է, շենքի կադաստրային վկայականում շենքի սեփականատերը հենց ամբուլատորիան է, ոչ թե համայնքը: Թե ինչպե՞ս է այս դեպքում համայնքապետին կադաստրի վկայական տրվել, ես չեմ կարող ասել»,- ասաց ամբուլատորիայի վարիչը:

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ որպես ամբուլատորիայի վարիչ համայնքապետից չի պահանջում ամբուլատորիայի օտարման 600 հազար դրամը, Հերմինե Առաքելյանը պատասխանեց. «Մենք ունենք պայմանագիր, որի 5.2 կետում նշված է. «Նախատեսված վճարի կետանցի դեպքում գնորդը վաճառողին վճարում է տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա վճարման ենթակա գումարի 0,1%-ը, մինչեւ գումարի վճարումը կամ պայմանագրի լուծումը: Պրն Քոչինյանը կարող է այդ գումարը 100 տարի հետո վճարել, բայց տուգանքի հետ միասին»:

«Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի առուվաճառքի անշարժ գույքի պայմանագրից տեղեկանում ենք, որ առուվաճառքն իրականացվել է «վաճառող» «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Ազարյանի եւ «գնորդ» Հայկազ Քոչինյանի միջեւ: Համաձայն պայմանագրի` գնորդ Հ. Քոչինյանը որպես սեփականություն ձեռք է բերել ամբուլատորիայի շենքից 399,1քմ տարածք, որը գտնվում է 0,0166 մակերեսով հողի վրա: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է վաճառողին: Գույքի վաճառքի գինը համաձայնեցված է կողմերի միջեւ»:

Կարեն Ազարյանը, ով պայմանագրով հանդես է գալիս որպես գույքի սեփականատեր եւ վաճառող, ներկայումս Ախթալա քաղաքի բժշկական ամբուլատորիայի տնօրենն է: «Ինչպե՞ս կարող էի ես լինել «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի սեփականատեր, երբ շենքը, որպես անշարժ գույք, 1999 թ.-ից Շնողի համայնքապետարանի սեփականությունն է: Ես փոխարինող տնօրեն էի, ինձ համայնքի ավագանին է որոշել ճանաչել որպես ամբուլատորիայի ներկայացուցիչ»,- ասաց Կ. Ազարյանը: Ապա ավելացրեց, թե տեղյակ չէ` Հայկազ Քոչինյանը առուվաճառքի պայմանագրով նախատեսված 600 հազար դրամ գումարը վճարե՞լ է, թե՞ ոչ:

Մեր ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Շնող համայնքի ֆոնդային բյուջե 2005 թ. անշարժ գույքի օտարումից 600 հազար դրամ չի մուտքագրվել: Մինչդեռ Հայկազ Քոչինյանի այս գործարքի պայմանագիրը վավերացվել է ոչ միայն Շնող համայնքի ավագանու եւ կադաստրի Ալավերդու ստորաբաժանման կողմից, այլեւ 2005 թ. մարտի 24-ին նոտարական վավերացում է ստացել Թումանյանի նոտար Սամվել Մայիլյանի կողմից:

Շնողի ամբուլատորիայի 399,1 քմ տարածքի սեփականաշնորհման անօրինականության մասին շնողցիները գրավոր բողոք են ներկայացրել ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժին: Թումանյանի ոստիկանապետ Արթուր Հարությունյանն ասաց, որ գործն ուղարկվել է Թումանյանի քննչական բաժին: Քննչական բաժնի պետ ՌուդոլՖ Ստեփանյանն էլ հայտնեց, որ գործը փորձագետների մոտ է, առայժմ հավաստի տեղեկատվություն չի կարող հայտնել:

Ներկայումս համայնքապետ Հայկազ Քոչինյանի սեփականությունը հանդիսացող ամբուլատորիայի տարածքում բնակվում է նրա աղջկա ընտանիքը: «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի շենքի 2-րդ հարկի տարածքի սեփականաշնորհման մասին մենք Հայկազ Քոչինյանին հարցեր չուղղեցինք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պրն Քոչինյանը, ինչպես մեր նախորդ` 2010 թ. սեպտեմբերի 6-ին հրապարակած «Դուք դատախազության աշխատող չեք, որ Ձեր հարցերին պատասխանեմ» հոդվածում էինք նշել, պատասխանում է միայն դատախազության աշխատողների հարցերին:          

Մեկնաբանություններ (2)

Zara
Եթե այսքան անպատժելի է, ինչը կարող է լինել, իհարկե եղբայրը:
MNO
Canot metod e tesnes naxkin marzpetin inch barekam e H.Kochinyan@ ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter