HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

18 տարի Հայաստանում իշխող ՀՀԿ-ն մշակույթի ոլորտը «հիվանդ» է համարում

«Ելքն» ու ՀԿԿ-ն ծրագրում մշակութային կետեր չեն ներկայացրել

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից միայն երկուսը մշակութային ոլորտի փոփոխություններ չեն առաջարկել իրենց նախընտրական ծրագրերում: Դրանք են «Ելք» դաշինքն ու Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: «Ելքի» ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Լենա Նազարյանը նշեց, որ նախընտրական ծրագրում շատ ոլորտներ բաց են մնացել, թիմի անդամներից որևէ մեկը հետաքրքիր առաջարկ չի արել մշակույթի վերաբերյալ, դրա համար էլ այն ներառված չէ: Հակառակ դեպքում, ըստ Լ. Նազարյանի, անպայման կընդգրկվեր:

Ըստ ՀԿԿ ցուցակի երկրորդ համար Վազգեն Սաֆարյանի՝ կոմունիստների նախընտրական ծրագրում մշակութային ոլորտին չանդրադառնալը վրիպում է եղել: Սակայն, նրա կարծիքով, իրենք ունեն մշակութային ոլորտում փոփոխությունների իրենց առաջարկները, որոնք ներկայացնում են քաղաքացիների հետ հանդիպումներում, հեռուստատեսային հաղորդումներում:

ՀՅԴ-ն՝ թռուցիկ, ՀՎԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը՝ սպորտի հետ միասին 

ՀՅԴ-ի նախընտրական ծրագրում մշակույթի ոլորտը մեկ տողով է հիշատակվում՝ սոցիալական քաղաքականության շրջանակներում. «Ընդլայնել հանրային ծառայության սոցիալական փաթեթից օգտվողների շրջանակը՝ ներառելով առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատակիցներին»: Այսինքն՝ խիստ վերապահումով կարող ենք ասել, որ ՀՅԴ-ն անդրադարձ է կատարել մշակույթին:  

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագիրը կոչվում է «30 քայլ»: Այստեղ մշակույթը և սպորտը ներկայացված են միասին: Կուսակցությունն առաջարկում է այս ոլորտների պետական աջակցության մեծացում, Երևանում և մարզերում մշակութային օջախների և սպորտային հաստատությունների պայմանների բարելավում, այդ ոլորտներում ժամանակակից շուկայական մեխանիզմների ձևավորում, օտարերկրյա ներդրումների ապահովում, մասնավորապես, կինեմատոգրաֆիայի բնագավառում:

ՀՎԿ-ի նման «Ծառուկյան» դաշինքը ևս մեկ բաժնով է ներկայացրել մշակույթն ու սպորտը: Առաջարկվում է գալիք 10 տարիներին վերականգնել Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակությաին բոլոր կոթողները՝ սահմանելով դրանց առաջնահերթությունները, ապա նշվում է, որ բացառիկ ծրագրերի ներդրմամբ պետք է ձեռնարկել Արևմտյան Հայաստանում հայկական պատմամշակութային կոթողների վերականգնման ու պահպանման նախագծեր:

ՀՀԿ-ի «ախտորոշումը»

ՀՀԿ-ի կայքում նախորդ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագիրը չկա, փոխարենը տեղադրված է 2013-ին Սերժ Սարգսյանի ծրագիրը: Ըստ դրա՝ ստեղծելու էին նպաստավոր պայմաններ հայ հոգևոր, պատմական ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների զարգացման համար, երաժշտության, ֆիլմերի, հեռուստահաղորդումների, գրահրատարակչության ասպարեզում պետական պատվերի տեղադրման միջոցով նպաստելու էին ազգային և համամարդկային արժեքների տարածմանը, ապահովելու էին մշակութային ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունը, բազմազանությունը, համաչափությունը՝ հանրապետության ամբողջ տարածքում ազգային ինքնության պահպանման և մշակութային դրսևորման համար:

Այս ընտրություններին ՀՀԿ-ն ներկայացրել է մշակույթի ոլորտի «ախտորոշումը» (նշվում է այսպես՝ «մեր ախտորոշումը»): Փաստորեն, 1999-ից իշխանության առանցքում գտնվող ՀՀԿ-ն մշակույթի ոլորտը «հիվանդ» է համարում և արձանագրում է կետեր՝ դրանց վերաբերյալ ներկայացնելով առաջարկներ:

ՀՀԿ-ի «ախտորոշմամբ» մեր երկրում առկա է մարզերի մշակութային անհամաչափ զարգացում, աշխարհասփյուռ հայության մշակութային ներուժի միասնական դրսևորումների անբավարար մակարդակ, մշակութային ոլորտի զարգացման տնտեսական բաղադրիչի ցածր սակավություն, այլ մշակույթների անբավարար ներկայացվածություն:

Մարզերում մշակույթի համաչափ զարգացման համար Հանրապետականը նախատեսում է իրականացնել «Մշակույթը մարզերում» ծրագիրը, արդիականացնել ոլորտում դրամաշնորհային ծրագրերի և պետական պատվերի մեխանիզմները, նոր թափ հաղորդել մշակութային, հուշանվերային արտադրանքի մշտապես թարմացվող, ժամանակի պահանջներին համապատասխանող տեսականու ստեղծման և տարածման գործընթացին, փոխել ժամանակակից հայ գրողներին պետական աջակցության տրամադրման ձևաչափն ու սկզբունքները, աջակցությունը ոչ թե ուղղակիորեն տրամադրել գրքի հրատարակմանը (բացառությամբ առաջին գրքերի և սփյուռքահայ գրականության), այլ գրողի և նրա ստեղծագործության ճանաչելիության բարձրացմանը: Նախատեսվում է նաև ստեղծել հայ գրականության թարգմանական ծրագրերի աջակցության հատուկ ֆոնդ:

Շարունակելի

Մեկնաբանություններ (1)

Ռիփսիմե
Էտ «Ախտորոշման» գաղափարը երևի ծագել է ՀՀԿ-ական «փայլուն» նախարարի՝ Արմեն Ամիրյանի լուսավոր ուղեղում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter