HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորության թեկնածուն չի հայտարարագրել իր առևտրային ընկերությունը

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, որոշել է պատգամավոր դառնալ: Նա զբաղեցնում է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 139-րդ հորիզոնականը: Նաիրի Սահակյանը տեղ է գտել նաև տարածքային ցուցակում և առաջադրվել է 7-րդ ընտրատարածքում՝ Արագածոտնի մարզում: Նաիրի Սահակյանի պատգամավոր դառնալու մտադրությունների մասին Արագածոտնում խոսվում էր վաղուց:

«Հետքը» բազմիցս անդրադարձել է Նաիրի Սահակյանին պատկանող «Ես և Նա» ՍՊԸ-ի գործունեությանը Արագածոտնի մարզում: Ն. Սահակյանը օգտվելով մարզպետ եղբոր դիրքից, Արագածոտնում իրականացնում էր դպրոցաշինական և այլ խոշոր ծրագրեր: Ավելին, մարզպետարանը տարիներ շարունակ խոշոր պայմանագրերը կնքել է հենց «Ես և Նա» ՍՊԸ-ի հետ: Որոշ դեպքերում հենց Սարգիս Սահակյանն է եղբոր հետ կնքել պետական գնման պայմանագրերը:

Սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Նաիրի Սահակյանը չի նշել, որ որևէ առևտրային ընկերությունում բաժնետեր է: Մինչդեռ, ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ 2006թ. նոյեմբերին հիմնադրված ընկերության 100% բաժնետերը Նաիրի Սահակյանն է: ՍՊԸ-ն զբաղվում է հիմնականում առևտրի սպասարկման և շինարարության ոլորտներում:

Նաիրի Սահակյանը տնօրինում է թվով 37 անշարժ գույք, որից 3-ը առանձնատուն է: Դրանցից մեկը  Արագածոտնի մարզի Դիան գյուղում է, երկուսը՝ Աշտարակ քաղաքում: 97քմ մակերեսով բնակարան ունի նաև Երևան քաղաքում՝ Կիևյան փողոցում: Մնացած գույքը անասնագոմեր են, գյուղնշանակության հողեր, արոտավայրեր և այլն:

Նաիրի Սահակյանին պատկանող հողամասերի զգալի մասը գտնվում է Դիան գյուղում: Դիանը Սահակյանների ծննդավայրն է: Սակայն, միայն Դիանով չի սահմանափակվել. Տարածքներ ունի նաև Կաքավաձոր, Սաղմոսավան, Օթևան, Արուճ, Կարբի, Աշտարակ և այլ համայնքներում:

Մարզի Կաքավաձոր համայնքում Նաիրի Սահակյանը, որպես սեփականություն ունի մոտ 472քմ մակերեսով ռեստորանային համալիր և 705քմ մակերեսով հյուրանոց:

Նաիրի Սահակյանը հայտարարագրել է 4 ավտոմեքենա՝ «Վազ 21063», 1987թ.  արտադրության «Մազ 5549», «Նիսսան Արմադ» և 2013թ. արտադրության «Ինֆինիտի QX 56»:

Որպես եկամուտ հայտարարագրել է 10 միլիոն 540 հազար դրամ, որից 10 միլիոն 220 հազար դրամը հողերից ստացված շահույթն է, իսկ 320 հազար դրամը՝ աշխատավարձը:

Գլխավոր լուսանկարը՝ fnews-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter