HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Բաղդասարյանի չհայտարարագրած ընկերությունները և կապը օֆշորների հետ

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը որպես թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իր ունեցվածքի մի մասը: Մասնավորապես, նա չի հայտարարգրել իրեն պատկանող ընկերությունները: 

Արթուր Բաղդասարյանը հայտարարագրել է ավելի քան 215 քմ զբաղեցնող համատեղ սեփականություն հանդեսացող Երեւանի Բայրոնի փողոցի բնակարանը, որտեղ գրանցված է ինքը և ընտանիքի անդամները: Հայտարարագրել է նաև նույն հասցեի 35 քմ տարածքով ավտոտնակը:

2016-2017թթ. հաշվետու ժամանակաշրջանում Արթուր Բաղդասարյանը եկամուտ է ստացել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից՝ 4,8 մլն դրամի չափով: Եվս 5,4 մլնի չափով էլ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանից:

12 մլն ռուսական ռուբլի Արթուր Բաղդասարյանը փոխհատուցում է ստացել «Ռոսնեֆտ Իտեռա» և «ՄՏՍ բանկ»-ից:

Հայտարարագել է նաև 12 մլն դրամ, 20 հազար դոլար և 3 մլն ռուսական ռուբլի: 

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահը, սակայն, չի հայտարարագրել ընկերություններում ունեցած իր բաժնեմասն ու այդտեղից ստացված եկամուտները:

Արթուր Բաղդասարյանը 100% բաժնեմաս ունի «Գավեքս գրուպ» ՍՊԸ-ում: Այս Ընկերությունը Հ3 հեռուստաընկերության հիմնադիրն է:

Չհայտարարագրելով «Գավեքս գրուպ» ընկերությունը` Արթուր Բաղդասարյանը թաքցրել է նաև կոնյակի գործարանից ստացած եկամուտները, քանի որ նույն «Գավեքս գրուպ»-ը նաև կոնյակի արտադրությամբ զբաղվող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի միակ բաժնետերն է:

«Հայասի գրուպ» ՍՊԸ-ում Արթուր Բաղդասարյանի անունը` որպես բաժնետեր է եղել մինչև 2010թ., որից հետո այս ընկերության բաժնեմասը տրվել է Կիպրոսում գրանցված «Դոնթհարդ Հոլդինգս» ՍՊԸ-ին:

Համաձայն Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրի` օֆշորային այս ընկերության տնօրեններից մեկը Կարեն Նորիկի Սարգսյանն է` Հեղինե Բիշարյանի որդին: Իսկ վերջնական բաժնետերը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված NCA INVESTMENTS Ltd-ն է:

2013-ի հուլիսին, երբ հանրապետությունում բուռն քննարկվում էր Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի և Աշոտ Սուքիասյանի օֆշորային պատմությունը, Արթուր Բաղդասարյանը որոշել է իր կոնյակի գործարանը մաքրել օֆշորներից, և դրա փոխարեն ընկերության բաժնեմասը տրվել է «Գավեքս գրուպ»-ին:

«Ձեր քթից գա, չվայելեք էդ փողերը։ Մենք որևէ կապ չենք ունեցել որևէ օֆշորի հետ, սա է մեր տարբերությունը, իշխանության մեջ մենք ծառայել ենք ժողովրդին։ Մեզ անողնաշարավորներ պետք չեն, իրենց որոշումների վրա թքող ղեկավարներ պետք չեն, իսկ մեր Արթուր Բաղդասարյանը կրթված է, նրան ոչ մեկ չի կարող ասել` ինչ անել»: Սա փետրվարին կայացած «Հայկական վեածնունդ» կուսակցության  համագումարին ՀՀ ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի ելույթից մի հատված է: Հեղինե Բիշարյանը երրորդն է ՀՎԿ ցուցակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter