HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ֆինանսների նախարարը չի բացառում, որ առաջիկա ամիսներին տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլանա

Այս տարեսկզբից Հայաստանում տնտեսական աշխուժություն է նկատվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը «լավ լուրերի» շարքով հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նա մեջբերեց պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ հունվար-փետրվարին երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 6.2%-ով, որը պայմանավորված է ծառայությունների, արդյունաբերության և առևտրաշրջանառության ոլորտներում գրանցված ծշավալների աճով։

Արամյանը նաև շեշտեց, որ 7.2%-ով աճել են պետական բյուջեի եկամուտները, որը պայմանավորված է հարկային եկամուտների 9.7%-ով։ Մյուս ցուցանիշները, որ ներկայացրեց ֆինանսների նախարարը, արտահանման 20.1% աճն է և ներմուծման 23.5% աճը։

Դիտարկմանը, թե տնտեսական ակտիվության 6.2% աճը կասկածներ է առաջացնում, քանի որ տեսակետ կա, որ նախընտրական շրջանում իշխանությունները փորձում են հանրության ներկայացնել իրենց համար նախընտրելի պատկեր ու ցույց տալ տպավորիչ աճեր, Վ. Արամյանը նախ արձագանքեց, որ վիճակագրությունը վարվում է միջազգային չափանիշներով։

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում նախընտրական շրջանում տնտեսական ակտիվությունը բարձր է լինում։ Իսկ տեսակետին, թե այս աճն ընտրությունների անմիջապես հետո դադարելու է, Վ. Արամյանը պատասխանեց. «Չեմ կարծում, բայց որոշակի նվազումներ կարող են լինել՝ միայն պայմանավորված բազային էֆեկտով։ Նախորդ տարի հունվարից մինչև հունիս ամիսները գրանցվել է ՏԱՑ-ի բարձր աճ՝ մինչև 5.7%  ու սկսել է կտրուկ նվազել։ Զուտ բազային էֆեկտով պայմանավորված՝ այդ ամիսների նկատմամբ այս տարվա նույն ամիսներին, հնարավոր է, որոշակի նվազում գրանցվի։ Ամեն դեպքում, բյուջեով նախատեսված տնտեսական աճի ցուցանիշը 3.2%-ն և մենք ամեն ինչ անում ենք, որ այն ավելի բարձր լինի տարվա վերջում»։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 0.5%-ով։  Տարեկան նման ցածր աճից հետո միանգամից գրանցված 6%-ից ավելի  աճը ևս պաշտոնական վիճակագրության նկատմամբ  թերահավատության պատճառներից մեկն է։

Առանձին անդրադառնալով հարկերի հավաքագրմանն ու գրանցված աճին` ֆինանսների նախարարը շեշտեց, որ դրան նպաստող գլխավոր գործոններից մեկը ստվերի կրճատումն է։ Կոնկրետ որ ոլորտներից է  ստվերը կրճատվել, նախարարը չնշեց։ «Եթե հարկերի աճը համահունչ է տնտեսական աճին, ապա նշանակում է, որ տնտեսական աճի հետևանքով է գրանցվել հարկերի աճ։ Իսկ եթե դու լրացուցիչ ջանքեր ես գործադրում և ստվերից դուրս ես բերում, ապա հարկերի աճի տեմպն ավելի բարձր է լինում, քան տնտեսական աճինը։ Այդ պարագայում, երբ հարկեր/ՀՆԱ ցուցանիշն աճում է, դա վկայում է, որ համարիչն ավելի արագ է աճել, քան հայտարարը։ Մենք այս տարի պլանավորել ենք հավաքագրել 1 տրլն 135 մլն դրամի հարկ»,- ասաց նա։

Մեր հարցին, թե արդյոք կհաջողվի՞ հարկերի աճը ապահովել նաև ապրիլ-մայիս ամիսներին՝ հաշվի առնելով այն, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում հարկերի կտրուկ աճ գրանցվեց, հետևաբար՝ այս տարի խնդիր է դրված բարձր բազայի նկատմամբ աճ ապահովել, Վ. Արամյանը վստահաբար նշենց, որ դա իրենց կհաջողվի՝ հաշվի առնելով որ ապրիլ-մայիսը ֆինանսական հաշվետվությունների ժամանակահատված է ընկերությունների համար,  սեզոնայնությունը և այլն։

լուսնկարը` ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter