HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչպես պարտադրել «Թղթե շերեփի» կոնցեպտը, կամ «ավազակապետության» լեգիտիմացումը

Նախընտրական քարոզչության անցած ողջ ընթացքում և դրանից առաջ Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ասում էր, որ Հայաստանն ունի երկու հիմնական խնդիր. ԼՂ հիմնահարցը և հայաստանյան իշխանությունների հեռացումը: Սակայն նախօրեին երկար բացակայությունից հետո Հանրային հեռուստատեսությամբ ունեցած հարցազրույցով այդ կուսակցության ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտեց, որ իրականում իրենց համար երկրորդ խնդիրը գոյություն չունի. գործող իշխանությունը միանգամայն լեգիտիմ է:

Այնքան լեգիտիմ, որ կարող է ու պարտավոր է ցանկացած գնով լուծել ղարաբաղյան հարցը, և քանի որ ժողովուրդն է նրան ընտրել, նա էլ պետք է պահանջի ցանկացած գնով լուծել այդ հիմնախնդիրը: Մինչդեռ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց հետո 10 տարի շարունակ նա պնդում էր, այդ հիմնահարցը չի կարող արժանապատիվ լուծել մի իշխանություն, որը չունի ժողովրդի վստահությունը և լեգիտիմ չէ: Այսպես է Լևոն Տեր-Պետրոսյանն ուրանում իր իսկ նախաձեռնությամբ 2008-11թթ. Հայաստանում արթնացած համաժողովրդական շարժման նպատակներն ու իդեալները: «Քաղաքագիտական վերլուծության» նոր էջ բացելով՝ նա սահուն կերպով դառնում է իր բնորոշմամբ «ավազակապետական» և «թաթար-մոնղոլական» իշխանության շարքային լոբիստը:

Տեր-Պետրոսյանն այդ հարցազրույցով ավելորդ անգամ բացահայտեց, որ իր խնդիրը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գործող իշխանությանն արցախյան հարցում զիջողականության մեջ մեղադրանքներից ձերբազատելն է: Նա ճնշումների ու մեղադրանքների սլաքներն իր վրա է ուղղում և ՀԱԿ-ին, հանուն արցախյան հարցում մադրիդյան փաստաթղուղթը ստորագրելուն պատրաստ իշխանության վերարտադրության, մղում քաղաքական ինքնասպանության:

Սա ոչ թե ԱԺ գնացողի, այլ ԱԺ-ից կամավոր հեռացողի վարքագիծ է: Պրագմատիկ Տեր-Պետրոսյանը չի կարող չհասկանալ, որ նման ուղերձներով նախընտրական պայքարի մեջ մտնող ուժը, հատկապես ապրիլյան պատերազմից հետո և դրա ֆոնին, ոչ միայն խորհրդարանական մեծամասնություն կազմելու, այլև նույնիսկ խորհրդարան անցնելու շանսեր չունի: Եվ դրա պատճառը ոչ թե Սերժ Սարգսյանի նկատմամբ հանկարծակի ի հայտ եկած ակնածանքն է, այլ այն պարզ իրողությունը, որ ներկայիս քաղաքական ներկապնակում չի տեսնում որևէ այնպիսի քաղաքական ուժ կամ ղեկավար, որն ունի իշխանությունն ատամներով պահելու բավարար ռեսուրս ու ճկունություն և  միաժամանակ պատրաստ է ստորագրել Արցախի անկախությունը միջանկյալ կարգավիճակով փոխարինելու, արցախցիների անվտանգության տեսանկյունից գերռիսկային նոր բնագծերի գնալու և Շահումյանի շրջանն ընդմիշտ Ադրբեջանին թողնելու հանձնառություն պարունակող փաստաթղթի տակ:

Ի դեմս Սերժ Սարգսյանի՝ առաջին նախագահը տեսնում է մարդու, ով կարող է 19 տարի անց վերջապես հաստատել, որ ինքը «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը գրելիս ճիշտ էր: Մարդու, ով կդառնա 1998թ.-ին իրեն իշխանությունից հեռանալ ստիպողներից վերջապես վրեժ լուծելու գործիք:

Եվ հանուն դրա՝ նա ուրանում է ոչ միայն 1988թ. ղարաբաղյան շարժումը, որն անձամբ էր ղեկավարում ազգային ինքնագիտակցության վրա հզոր ու կախարդական ազդեցություն ունեցած «Միացում» կարգախոսի ներքո, այլև արցախյան ամբողջ հերոսամարտը՝ վերջապես բացահայտելով, որ իր ընկալմամբ ոչ թե հայ ժողովուրդն է սարսափելի զրկանքների, իր լավագույն զավակների արյան գնով Արցախի համար նվաճել փաստացի անկախությունը, ինքնորոշման իրավունքը, այլ այն մեզ զիջել է Ադրբեջանը, որին, փաստորեն, դրա համար պետք է շնորհակալ լինել: Եվ այս խոսքերը հնչում են մի անձի շուրթերից, ում նրա թիմն այս օրերին անդուլ հետևողականությամբ հագցնում է արցախյան պատերազմը գործնականում միայնակ հաղթողի դափնեպսակը:

Առաջին նախագահի հարցազրույցին գուցե հնարավոր լիներ անտարբերությամբ վերաբերվել, եթե չկիրառեր վտանգավոր մանիպուլյացիաներ: Նա ստեղծում է կարգավորման կանխորոշվածության շատ կոնկրետ պատրանք՝ մի քանի անգամ կրկնելով, թե հարցը վճռված է, հայկական և ադրբեջանական կողմերը համաձայն են մադրիդյան սկզբուքններին, և փաստորեն հիմնարար փաստաթղթի ստորագրումը եթե ոչ օրերի կամ շաբաթների, ապա մի քանի ամսվա հարց է: Սա զուտ «խաղաղության» քարոզչություն չէ. սա հասարակությանը փաստի հետ համակերպվելուն հոգեբանորեն նախապատրաստելու արշավ է:

Սա գործող իշխանության կողմից Արցախի «տարածքներ Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց» կամ որ նույնն է՝ «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքի վրա խարսխված շրջանակային փաստաթղթի ստորագմանը հանրային կանխատեսելի դիմադրությունը նվազագույնի հասցնելու նախապատրաստություն է: Եվ նման «ուղեղային լվացքի» հանդեպ իշխանության արդեն տևական անտարբերությունն ընկալվում է իբրև այդ արշավին լուռ համաձայնությամբ հետևելու և զորակցելու ազդանշան:

Որպես այս համոզմունքն ամրապնդելու «շաղախ»՝ նախկին նախագահը շարունակում է զարգացնել դեռ 1997-ից հետևողականորեն առաջ մղվող այն թեզը, թե մեր հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ միջազգային հանրությունը կամ այսպես կոչված աշխարհակարգը: Ասել է թե՝ այդ պայմաններով կարգավորմանը համաձայնելու պարտադրանքը թելադրում է մի կողմ, որին հաղթահարել հնարավոր չէ: Իբր՝ մեր հակառակորդն Ադրբեջանը չէ, այլ աշխարհը:

Սա հարմարվողականության, անզորության, «թղթե շերեփի» փառաբանում է: Այդ ծեսում Տեր-Պետրոսյանն աղոթում է՝ մոռանալով, որ թե՛ Ղարաբաղյան շարժումն սկսելիս, թե՛ ՄԱԿ-ի 4 բանաձևերն ընդունելուն զուգահեռ, գրեթե հազարամյա դադարից հետո հայրենի հողի հերոսական ազատագրումն իրագործելիս, այս ժողովուրդը, որի նախագահը լինելու պատիվն է ուենցել, թքած ուներ այդ աշխարհակարգի վրա և սեփական երկաթե շերեփն էր կռում:

Ամենատարօրինակն այն է, որ աշխարհակարգի անհաղթելիության մասին առաջին նախագահը որոշել է հիշեցնել մի ժամանակահատվածում, երբ միջազգային հանրությունն ավելի ընկալողունակ է հայկական կողմի պահանջների նկատմամբ և տանում է Ադրբեջանի դիվանագիտական մեկուսացման, նրա մաքսիմալիստական ձգտումները չափավորելու քաղաքականություն:

Պատերազմ հաղթած և ձեռք բերածով հպարտացող, այն ամեն գնով պահելու դիրքերից հանդես եկող ցանկացած նախագահ այս իրավիճակում գործող իշխանությունից կպահանջեր օգտվել ստեղծված հնարավորությունից և դիվանագիտական ռեսուրսներն ուղղել Արցախի ինքնորոշվածության, անկախության միջազգային ճանաչմանը: Եթե Տեր-Պետրոսյանը հրաշք է համարում Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հնարավորությանը հասնելը 1994-98թթ., ապա ինչու չի կարող նման մի հրաշք էլ տեղի ունենալ Արցախի անկախության ճանաչման հնարավորությանը հասնելու հարցում:    

Բայց դրա փոխարեն նա հայտարարում է, թե չնայած կարգավորման մադրիդյան սկզբուքններին տված գրեթե լիարժեք համաձայնությանը՝ կողմերը չեն գնում փաստաթղթի ստորագրմանը, որովհետև ուզում են ստանալ առավելագույնը: Ընդ որում Արցախին որպես սուբյեկտ` Տեր-Պետրոսյանն ընդհանրապես չի ճանաչում: Ասում է՝ չկա բանակցություններին նրա միանալու օրակարգ:

Փաստորեն Տեր-Պետրոսյանն ընդունում է, որ մի կողմից Հայաստանն ագրեսոր է, իսկ մյուս կողմից, որ Ալիևը ճիշտ է անում, որ չի բավարարվում նրանով, ինչին հասնում է մադրիդյան փաստթղթով: Պարզ տրամաբանությունը հուշում է՝ ինչո՞ւ նա պետք է համաձայնի ստորագրել կարգավորման որևէ փաստաթուղթ, եթե ի դեմս Հայաստանի առաջին նախագահի՝ ունի այնպիսի դաշնակից, որը չի ճանաչում Արցախը և սեփական ժողովրդին մղում է զիջումների՝ նրան մոլորեցնելով աշխարհակարգի թելադրած պայմաններին համակերպվելու անխուսափելիության և դրա դեմ անզորության հուսահատեցնող, քայքայող գաղափարով:

Տեր-Պետրոսյանն այսպես ոչ թե մոտեցնում է կարգավորումը, այլև զգալիորեն հեռացնում, որովհետև ապացուցում է Ալիևին, որ արդարացված է ավելին ու ավելին պահանջելու պատերազմի շանտաժի նրա քաղաքականությունը:

լուսանկարը` www.1tv.am-ի

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Բարձր մակարդակով հիանալի վերլուծություն, այո Ալիևը և Համաշխարհային ստվերային աշխարհակարգը հայաստանում ունեն իրենց դաշնակիցները, կամ ավելի ճիշտ դավաճան գործակալները: Այս ելույթից հետո ԼՏՊ-ին սատարողները կամ պետք է դավաճան կամ անմեղսունակ լինեն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լ.Տեր-Պ.-ի ասածը վերաբերում է անցյալի՛ն: Թրամփի օրոք ՆՈՐ իրավիճակ է: Ուկրաինան էլ իր միջուկային զենքերը հետ տվեց՝ միջազգային հանրության գրավոր «երաշխավորության» դիմաց. որ երկրի տարածքային ամբողջականությունը կապահովեն (երաշխավորներից մեկը հենց Ռուսաստանն էր): Եթե Ռուսաստանն իրականու՛մ Արցախի խնդրի լուծում ցանկանար, ԱՅԴՔԱՆ հարձակողակա՛ն զենք չէր վաճառի Ադրբեջանին: Մինսկի խմբի համանախագահ միակ երկիրը, որ հակամարտող կողմերին հարձակողական զենքեր է տալիս: Պարոն Տեր-Պետրոսյան,ես գիտեմ խնդրի լուծման ուղին. ԵՏՄ մտնելիս ՀՀ իշխանությունները պաշտոնապե՛ս հայտարարեցին, որ ԼՂՀ-ն «դե յուրե ՀՀ մաս չէ»: Ուրեմն՝ թողեք,որ (ձեր գնահատմամբ՝ միջազգային հանրության կողմից հակամարտության կողմ ճանաչված) Արցախն ի՛ր հարցերը լուծի Ադրբեջանի հետ,իսկ Հայաստանը թող աջակցի Արցախին, բայց ոչ Արցա՛խի անունից գործի: ՀԳ. 99%-ը «ոչինչ չի հասկանում»,միայն Լ.Տեր-Պետրոսյանն ու մնացած 1%-ն է «ամեն ինչ հասկանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter