HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վահան Հարությունյանի չհայտարարագրած ընկերությունը. օֆշորից Հայաստան բերած մասնաբաժինը

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակի 23-րդ համարը Վահան Հարությունյանն է։

Համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի՝ պատգամավորի թեկնածուն ունի 600 000 դոլար, 435 միլիոն դրամ։ Այսինքն՝ նրա դրամական միջոցները կազմում են մոտ 1,5 միլիոն դոլար։

Վահան Հարությունանը նաև հանդիսանում է «Միկմետալ» ընկերության 75 տոկոսի բաժնետերը։ Այդ ընկերությունից ստացել է մոտ 17 միլիոն դրամի աշխատավարձ։

Նախորդ տարի, «Պանաման նվաճած հայ գեներալը» վերնագրով հետաքննությունում «Հետք»-ը հայտնել էր, որ «Միկմետալ» ՓԲԸ-ն 718 մլն դրամ կանոնադրական կապիտալով ունի։ Դրա բաժնեմասերի 25%-ը պատկանում է Վահան Հարությունյանի հորը՝ Միխաիլ Հարությունյանին, իսկ 75% բաժնեմասը այն ժամանակ պատկանում էր կիպրոսյան օֆշորում գրանված մի ընկերության:

Արդեն Վահան Հարությունյանի ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ օֆշորային գոտում գրանցված ընկերության այդ 75% բաժնեմասը պատկանել են նրան։ Այսինքն` պատգամավորի այս թեկնածուն Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված իր բաժնեմասը բերել է հայկական ռեգիստր՝ այն հայտարարագրելով որպես արժեթուղթ։

Հիշեցնենք, որ Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրում հրապարակված փաստաթղթերով այս ՓԲԸ-ն պատկանում էր «Մորակո հոլդինգս» ՍՊԸ-ին, որն էլ, նույն ռեգիստրի համաձայն, տիրապետում էին Կիպրոսում գրանցված այլ ընկերություններ՝ «Կիպրոնավուս»-ը (Cypronavus Limited), «Կիպրոփուբլիկո»-ն (Cypropublico Limited) և «Կիպրոսերվուս քո.»-ն (Cyproservus Co. Limited):

Բացի այդ, Վահան Հարությունյանին են լիազորված Պանամայում գրանցված մեկ այլ ընկերության՝ «Ֆարլեն ռեալ իսթեյթ քորպ.» (FARLEN REAL ESTATES CORP.)-ի հետ կապված բոլոր գործարքների իրականացումը։ Շվեյցարիայի LGB Bank (Suise) SA բանկում բացված ընկերության հաշվեհամարն էլ տնօրինում է Վահան Հարությունյանը։

Վահան Հարությունյանին է պատկանում նաև «Կագա-Քրեդո» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը։ Այս ընկերությունը զբաղվում է մանրածախ առևտրով։ Սակայն «Կագա-Քրեդո»-ն Հարությունյանը ԿԸՀ-ից թաքցրել է՝ չհայտարարագրելով։

Վահան Հարությունյանը նաև ունի մեկ բնակարան և ավտոտնակ, երկու հողամասեր՝ Արաբկիր և Ազատության փողոցներում։ Պատգամավորի թեկնածուն նաև հայտարարագրել է 5 ավտոմեքենա՝ 2016 թվականի թողարկման Range Rover L405, 2011-ի Lexus RX 350, 2007-ի Hyundai Santa Fe և 2006 թվականի թողարկման 2 ավտոմեքենա՝ Range Rover և Toyota Camry մակնիշի։

Հավելենք, որ Վահան Հարությունյանի եղբորը՝ Տիգրան Հարությունյանին էր պատկանում նաև Երևանում գործող վճարովի ավտոկայանատեղիները սպասարկող ընկերությունը՝ «Փարքինգ սիթի սերվիսի» ՓԲԸ-ն։

Նշենք նաեւ, որ Վահան Հարությունյանը ԴԱՀԿ նախկին պետ, պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի քեռորդին է։

Լուսանկարը՝ Վահան Հարությունյանի «Ֆեյսբուք»-ի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter