HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ստեփանյան․ «Ամոջն իմ թագավորությունն է»

Ամոջը Օձունի գյուղական թաղամաս է: Գտնվում է Օձունից մեկ կիլոմետր հյուսիս-արևմուտք: Գյուղում 50 մարդ է ապրում:

Ամոջի ընտանիքներից մեկում է ծնվել ու մեծացել 31-ամյա Արման Ստեփանյանը: Ընտանիքի ապրուստը մի կով է եղել: Արմանը մենակ իր աշխատանքով հաղթահարել է իր ընտանիքի աղքատությունը. «Սկզբում ջոկեցի, որ կարգին ապրելու համար մեկ կովը քիչ է: Քիչ-քիչ եմ ստեղծել: Մեկը դարձրի 2-ը: Հետո հասկացա, որ կարգին ապրելու համար 2 կովն էլ է քիչ: Հիմա 5 կով և յոթ էրինջ ունեմ, երկու խոզ ունեմ, 10 հատ մեղու, 5 բադ։ 36 ոչխար եմ ունեցել, 30 վաճառել եմ: Նաև գառները հետը 12 ոչխար ունեմ: Այս տարի որոշել եմ ևս 10 կով գնել»,- պատմում է Արմանը։ Արմանը հիմա ապրում է հոր, քրոջ և 86-ամյա տատի հետ: Մայրը 2 տարի առաջ է մահացել:

Արման Ստեփանյանը

Կովերը խնամելու գործում Արմանին հայրն է օգնում: Անասունը սար չի տանում, Ամոջի հանդերում է արածեցնում: «Կարելի է ասելч ընտանիքի միակ աշխատողը ես եմ: Եղբայրս գյուղատնտեսական աշխատանքներ չէր սիրում, Ռուսաստանի Դաշնություն մեկնեց՝ աշխատելու: Նրա օգնության կարիքը չի լինում: Տնտեսությունս ես եմ ղեկավարում: Եթե ցանկություն ունես, տարիների ընթացքում էլի մի բանի հասնում ես։ Հաստատ գողություն չեմ արել: Ոչ մի պետական հիմնարկում, կամ որևէ մեկի համար չեմ աշխատել: Ինձ համար եմ աշխատում ու եկամուտներս հետ գցելով՝ ապրելու միջոց եմ ստեղծում»,- բացատրեց նա:

Արմանը Օձունի Եզնանիստ հանդամասում 10 հա հող է մշակում: Կարտոֆիլ, ցորեն, եգիպտացորեն և այլ մշակաբույսեր է ցանում: Հողերից 6 հա-ը իր սեփականությունն է, մնացածը վարձակալությամբ է վերցնում: Վարձակալում է նաև խոտհարքները: Վարձակալած հողերի ամեն հա-ի համար տարեկան 60 հազար դրամ է տալիս հողատիրոջը: Նա իր ձեռքով 2016թ.-ին 1200 տուկ խոտ է կուտակել: Կովերի և էրինջների համար 13 «սամասվալ» սիլոս է պատրաստել: Սիլոսը անձամբ է պատրաստում:

Օձունի մեղվաբույծները հաճախ են դիմում Արմանի օգնությանը։ «Մարդը պետք է բարի լինի: Մեղվաբուծության մասին գյուղացիների հարցերին լրիվ բացատրություն եմ տալիս»,- ասաց նա: Ծրագրավորել է այս տարի նաև գեղեցիկ տուն առնել կամ կառուցել: Երազում է նաև սեփական նոր տրակտոր գնել։ «Վարկերից օգտվում եմ, այս պահին էլ մեկ մլն դրամ է վարկս, բայց հիմնականում մարել եմ»,-ասաց Արմանը:

Պատմեց, որ իրեն հեշտ ոչինչ չի տրվում, ամեն ինչ չարչարանքով է ձեռք բերում: Արմանի խոսքով` ով էլ ցանկանա, աշխատանքով կարող է ապրուստ ստեղծել։

«Որ պարապ նստեն պատերի տակ, բողոքեն, թե գործ չունենք, դա սխալ մոտեցում է: Պետք է հարց տալ՝ ինչու չունես: Աշխատելու դեպքում կարելի է ամեն ինչ էլ ունենալ: Ուղղակի իմ կարծիքով մարդիկ ծուլացել են, սպասում են իրենց օգնեն: Չի լինի էդպես»,-ասաց նա:

Ֆերմերի ասելով` իր տնտեսության հետագա զարգացումը կախված է իր արտադրած գյուղմթերքների իրացումից: Գյուղմթերքը իրացնում է Ալավերդիում:

Հարցրի փողը խնայողաբար ծախսելու իր սկզբունքների մասին։ «Այսինքն' փողի խնայողությունը որի՞ հետ եք, որ ասեմ փողը հետ ա ընկնում'չէ: Դա չի լինում: Տան համար խանութից միայն սուրճ ու կոնֆետ ենք առնում, մնացածը իմ արտադրանքն ենք ուտում: Սովորական ջուրն էլ սեղանին ես դնում, մի օրվա մեջ 1սմ պակասում է, փողն էլ է էդպես»,- ասաց նա:

Իր տնտեսության հետագա զարգացումը Արմանը կապեց հաջողության հետ․ «Մարդը չգիտի' գիշերը քնելուց հետո առավոտը կարթնանա՞, թե՝ ոչ: Չեմ կարող ասել` վաղը ինչպիսի ֆերմեր կդառնամ, հաջողություններս մեծ կլինեն, թե չէ»:

Արմանի հայրը` Սամվելը և տատը` Աշխենը

«Արմանը էս նեղ պայմաններում, երկրի էս ծանր վիճակում կարողանում է բարիքներ ստեղծել՝ իր և մեր ընտանիքի համար: Որևէ խնդիր ունենալիս մեր գյուղացիներից շատերը Արմանից խորհուրդներ են հարցնում անասնապահությունից, մեղվաբուծությունից, կամ հողագործությունից: Տղաս հասնում է մարդկանց: Ես շատ գոհ եմ որդուս մարդկային տեսակից: Աշխատասիրությունը նրա մեջ բնատուր է: Արմանը դաշտի ամբողջ աշխատանքը մենակ է անում»,- հպարտացավ հայրը՝ Սամվելը:

Արմանն ընտանիք դեռևս չի ստեղծել: Կատակեց, թե դեռ չի հանդիպել իր երազած աղջկան: Նրա 86-ամյա Աշխեն տատն էլ խնդրեց թոռան համար մի լավ աղջիկ ճարել։ «Ինձ շատ է հարգում, վահ, էն է ոնց եմ հավանում, Արամանիս»,- ասաց տատը:

Արմանի հետ եղանք «Եզնանիստ» կոչվող տարածքի նրա դաշտերում: Աշնանացան ցորենի 6 հա արտերը արդեն կանաչին էին տալիս: Դժգոհեց «Եզնանիստի» հանդերի արտերում բույն դրած մկներից։ «Սարսափելի են փչացնում գյուղացու բերքը»,- ասում է Արմանը: Իր 1,5 հա վարելահողերում կարտոֆիլի ցանքսը սկսել է: Ցույց տվեց նաև իր այն դաշտերը, որտեղ եգիպտացորեն է ցանելու:

«Ամոջը իմ թագավորությունն է: Ինձ ուրիշ տեղ ապրելիս չեմ պատկերացնում: Հիմա ասենք, եթե ես Օձունում ապրեմ, չեմ ապրի: Շատ եմ սիրում Ամոջը: Հաստատ չեմ ապրի: Աշխարհի էս տարածքը ուրիշ կարգի եմ սիրում», ասում է Արմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter