HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահազանգում է «Սասնա Ծռերից» Արամ Հակոբյանի պաշտպանը

«Սասնա Ծռեր»-ից Արամ Հակոբյանը դեռևս 2012թ.-ին ենթարկվել է միզապարկի, ապա 2014թ.` ուղեղի քաղցկեղի հեռացման վիրահատությունների: Դեռևս 2016թ. դեկտեմբեր ամսին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ներկայացրել ենք դիմում Արամ Հակոբյանի առողջական վիճակը պարզելու նպատակով, նրա հետազոտությունն ապահովելու նպատակով, սակայն դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նման անհրաժեշտություն չկա, իսկ Արամ Հակոբյանի առողջական վիճակն, ըստ ՔԿՀ-ի բժիշկների, գնահատվում է բավարար:

Սույն թվականի փետրվար ամսին Արամ Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և նա ուղեղի կաթվածի (ինսուլտ) նախանշաններով, այն է՝ աջ վերջույթների անկառավարելիություն և խոսակցական ֆունկցիայի խանգարում, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության խախտում: Մեկ օր ներերակային ներարկումներ ստանալով՝ Արամ Հակոբյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ չի ստացել ոչ մի բուժում, այնուհետև, մոտ 6 օր անց՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ վերջինս ստացել է ներերակային ներարկումների 2 շաբաթվա կուրս: Ներարկումների կուրսից հետո վիճակը որոշակիորեն լավացել է, սակայն, ինչպես տեղեկացանք Արամ Հակոբյանի հետ վերջին տեսակցության ժամանակ, ոչ շարժողական, ոչ խոսակցական ֆունկցիաները լիովին այդպես էլ չեն վերականգնվել: Ավելին՝ 21.03.2017թ. դատական նիստին ներկայանալով, առերևույթ տեսանելի էր դարձել Արամ Հակոբյանի առողջական վիճակի վատթարացումը, հատկապես՝ դժվարությամբ տեղաշարժվելը:

22.03.2017թ. նշանակված՝ կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդության քննության նիստին դատարանին ենք ներկայացրել Արամ Հակոբյանի բժշկական փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև այն, որ ՔԿՀ-ում Արամ Հակոբյանի նկատմամբ պատշաճ բուժհսկողություն և բուժօգնություն չի տրամադրվում և չի էլ կարող իրականացվել, քանի որ նրան չեն ենթարկել անհրաժեշտ հետազոտությունների և նրա առողջական վիճակի վերաբերյալ լիարժեք տեղեկություններ չկան, ինչը լուրջ ռիսկ է ներկայացնում Արամ Հակոբյանի կյանքի համար:

Դատարանին խնդրել ենք Արամ Հակոբյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Որոշման հրապարակումը հետաձգվել և նշանակվել է 23.03.2017թ. ժամը 14:00-ին, հուսանք, որ նախագահող դատավոր Մարինե Մելքոնյանը կցուցաբերի հարցի լրջության և պատասխանատվության լիարժեք գիտակցում:

Հիշեցնենք, որ դեռևս 2015թ. հայտնի «Ապրիլի 24-ի» գործով հիշյալ առողջական խնդիրների մի մասի վկայակոչման արդյունքում Արամի նկատմամբ գրավ էր կիրառել:

Միաժամանակ հարցի հրատապությամբ և լրջությամբ պայմանավորված այս պահին արդեն պատրաստում ենք միջնորդություն Մարդու իրավունքների եվրոպական դատարան 39-րդ կանոնի հիմքով«:

Արամ Հակոբյանի փաստաբան՝ Դավիթ Գյուրջյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter