HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Դեմոյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել ջավախահայությունից

«Հետք»-ի խմբագրությունը հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Դեմոյանի հարցազրույցի առնչությամբ էլեկտրոնային նամակ է ստացել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Օրերս առցանց մամուլում հրապարակվեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժ.պ. Հայկ Դեմոյանի հարցազրույցը, որը հերթական անգամ դուրս եկավ գիտական բանավեճի շրջանակներից (թեև, վաղուց հետևելով Հ. Դեմոյանի՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և վերջինիս տնօրենի հասցեին հրապարակած անանուն նյութերին և հրապարակումներին, խիստ հեռու ենք դրանք գիտական բանավեճ որակելու մտքից)։ Հարցազրույցից հասկացանք, որ Հ. Դեմոյանը գրախոսություն է գրել  «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի վերաբերյալ։ Ծանոթանալով դրան՝ խիստ վտանգավոր երևույթ բացահայտեցինք: Պարզվեց, որ Հ. Դեմոյանը, կուրանալով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հանդեպ ունեցած իր չարությունից, իր այսպես կոչված «գրախոսականում» մեղադրում է նույն ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանին նաև այն բանի համար, որ վերջինս իր խմբագրած «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակում մեծապես տեղ է տվել Ջավախքին և, օրինակ, «…Անհասկանալի տրամաբանությամբ ռուսական զորքերի կողմից Ախալցխայի և Ախալքալակի (պետք է լինի՝ Ախալքալաքի) գրավման դրվագների մանրամասն նկարագրություններին ավելի շատ էջեր են տրամադրվել, քան, ասենք, Երևանի բերդի գրավման նկարագրությանը: Դրա ակունքները հասկանալի են: …Այսպիսով մանրակրկիտ տեղեկություններ են տրվում Ախալքալակ(ք)ի, Ջավախքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ու զարգացումների մասին՝ այսկերպ որոշակի անհամաչափություն ստեղծելով Հայաստանի մյուս շրջաններին վերաբերող պատմական դեպքերը նկարագրելիս…»:       

Նախ նշենք, որ սույն և այլևայլ «մեղադրանքներին» ի պատասխան՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հրատարակած «Հայոց պատմություն» բազմահատորյակի հեղինակները (որոնց թվում նաև Ա. Մելքոնյանը) տվել են սպառիչ պատասխան (ցանկացողները դրան կարող են ծանոթանալ Պատմության ինստիտուտի կայքում)։ Հեղինակները գիտական պատշաճ մակարդակով հիմնավորել են նաև, թե Ջավախքի անցյալին վերաբերող պատմական այդ դրվագներն ինչու և ինչպես են տեղ գտել շարադրանքում: Այդ մասով, բնականաբար, մենք ավելացնելու ոչ մի բան չունենք: Մեզ լրջագույնս մտահոգում է մեկ այլ երևույթ. իրենց հայրենի հողում ապրող և ինչպես հայ և վրաց, այնպես էլ այլ ժողովուրդների քաղաքակրթության մեջ իր տեղն ու դերն ունեցած ջավախահայության անցյալի էջերը ինչու՞ պետք է լավագույնս չարտացոլվեին հայոց պատմության կամ «Հայոց պատմության» էջերում: Ինչու՞ պետք է հայոց ցեղասպանության մաս հանդիսացող 1918 և 1921 թթ. Ախալքալաքի գավառի արյունալի իրադարձությունները, հայոց ռազմարվեստի փառահեղ դրսևորման օրինակ հանդիսացող Ախալցխայի հերոսապատումը (1918 թ. առաջին կես, ի դեպ, հայությանը բնաջնջելու սովոր թուրքական կանոնավոր բանակը ստիպված էր 1918 թ. մայիսին պայմանագիր կնքել ախալցխահայության ինքնապաշտպանության ղեկավարության հետ, որը կարելի է համարել այդ ժամանակաշրջանի պատմության մեջ եզակի իրադարձություն) և նման այլևայլ դեպքեր չներգրավվեին հայոց ազգային ակադեմիական հրատարակություններում: Եվ վերջապես՝ ինչու՞ պետք է այդ առթիվ բողոքեր իրեն ազգությամբ հայ և մասնագիտությամբ  պատմաբան համարող, Հայոց ցեղասպանության պատմությունն ուսումնասիրող հիմնարկի տնօրենի ժ.պ.  հանդիսացող Հայկ Դեմոյանը... Այս պարոնին հայտնի չե՞ն արդյոք, թե ներկայում ինչ ծանր օրեր է ապրում ջավախահայությունը: Ծանր՝ ոչ սոցիալական, այլ բարոյահոգեբանական հողի վրա: Տեղյակ չէ՞ արդյոք, թե սահակաշվիլիական թրքամոլ քաղաքականության դրսևորումներն ինչ ավերներ են գործել Ջավախքում, և այնտեղ դեռ ծխում է այդ կրակը (մենք լավագույնս գիտակցում ենք, որ Վրաստանի ներկա իշխանությունները փորձում են շատ բան շտկել, այդուհանդերձ, դժվար է վերջնականորեն արմատախիլ անել նախորդ վարչախմբի հետքերը), տեղյակ չէ՞ արդյոք, որ 13.000 հայ մանուկներ, համընդհանուր գրքարգելքի պայմաններում, ոչ մի հատիկ դասագիրք չեն ստացել ՀՀ-ից՝ սերտելու մայրենին և հայ գրականությունը։ Ջավախահայությունն իրեն օտարված է զգում համազգային նախագծերից, տեղյակ չէ՞… Եվ փոխանակ, որպես հայ, որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ պատմաբան, Հ. Դեմոյանը գործեր հանուն մեր հայրենի Ջավախքի խնդիրների լուծման, ճիշտ հակառակը՝ հանգելով նաև հետևյալ եզրահանգմանը, այն է՝ «…Նյութի ոչ համաչափ մատուցման հետևանքով այս հատորի առաջին գիրքը վերածվել է ջավախքակենտրոն (պետք է լինի ջավախակենտրոն) մի պատմության շարադրանքի…», պահանջում է շրջանառությունից հանել «Հայոց պատմության» հատորները:  

Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես ողջ գիտակցական կյանքն այդ երկրամասի խնդիրների լուծմանը նվիրած քաղաքացիներ, գտնում ենք, որ այս որակումները և ներկայացված պահանջները սովորական հերյուրանքներ չեն, որոնց, ինչպես նշեցինք, սպառիչ պատասխան են տվել «Հայոց պատմության» վաստակաշատ հեղինակները, այլ ծանրագույն վիրավորանք են` ուղղված նաև ջավախահայության հասցեին:

Մենք հաստատակամորեն հայտարարում ենք. օտար զավթիչները (հյուսիսկովկասյան ցեղեր, թուրքական խուժան և կանոնավոր զորքեր, Ալիև - Սահակաշվիլի – Թուրքիա դաշինք և այլն) տարբեր դարաշրջաներում և տարբեր մեթոդներով լծվել են ջնջելու ջավախահայության հետքը պատմության ասպարեզից, փորձել են, սակայն ապարդյուն, քանի որ այդ ժողովրդի ապրելու և արարելու կամքն անպարտելի է: Ջավախահայությունը հայ ժողովրդի մի մասնիկն է, որի անցյալի էջերը հաստատորեն կազմելու են հայ ժողովրդի պատմության մի էջը, կարևորագու՛յն, ոսկե՛ էջը, և ոչ մեկը, լինի դա Հայկ Դեմոյան կամ մեկ ուրիշը, ի զորու չէ պարտադրելու անկախ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային՝ «Հայոց պատմություն»-ից ջնջել այն:  

Ելնելով վերոնշյալից՝ Հ. Դեմոյան պարոնից պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել ջավախահայությունից և այդ մասով անհապաղ խմբագրել հերյուրանքների կույտ հիշեցնող իր գրախոսականը:

23 մարտի, 2017 թ.

Հ.Գ. Սույն տեքստի տակ, բնականաբար, կցանկանան ստորագրել շատերը, ուստի և հայտարարում ենք, որ այն բաց է բոլոր ցանկացողների համար»:

  1. Աբրահամյան Էդուարդ

Լեսթերի համալսարանի գիտաշխատող (Մեծ Բրիտանիա), պ.գ.թ.

  1. Ալվրցյան Հայկազուն

«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն, բ.գ.թ.

  1. Աղաբաբյան Արթուր

Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գ.թ., դոցենտ

  1. Այվազյան Էդուարդ

«Սամցխե-Ջավախքի մեդիա» վերլուծական կենտրոնի տնօրեն, Akhaltskha.net լրատվական կայքի գլխավոր խմբագիր (ք. Ախալցխա)

  1. Գաբրիելյան Արտակ

Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող (ք. Ախալքալաք)

  1. Գինոսյան Գագիկ

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

  1. Խոդիկյան Կարինե

«Դրամատուրգիա» հանդեսի խմբագիր դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս,

  1. Խումարյան Սամվել  

հասարակական գործիչ (Ծալկայի շրջան)

  1. Հովականյան Յուրա

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, փ.գ.թ.

  1. Մելքոնյան Վարուժան

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր - նախագահ

  1. Չախալյան Վահագն

հասարակական-քաղաքական գործիչ (ք. Ախալքալաք)       

  1. Պողոսյան Թովմաս

ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, բ.գ.դ.                                                                   

  1. Պողոսյան Սամվել

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի փոխդեկան, պ.գ.դ.

  1. Սարգսյան Դավիթ

գրող, հրապարակախոս

  1. Սարգսյան Վահե

պատմական գիտությունների թեկնածու

  1. Սիմոնյան Հակոբ

ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ  

  1. Ստեփանյան Խաչատուր

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, պ.գ.թ.

  1. Վարդապետյան Տաճատ   

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ

լուսանկարը` Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (8)

Նարինե Երանոսյան, ջավախահայ,
Ստորագրում եմ
Վաչե,աշխարհագետ
Միանգամայն համաձայն եմ և ստորագրում եմ, որ Ջավախահայության և Ջավախքի պատմության լուսաբանմանը անհամեմատ քիչ տեղ է հատկացված ժամանակակից պատմագիտական աշխատություններում, դասագրքերում։ Եվ այդ բացը ձգտել է ինչ֊որ չափով լրացնել ԳԱԱ Պատմության ինստիտուտը՝ հարգարժան Աշոտ Մելքոնյանի ղեկավարությամբ։ Առարկել նման երևույթի դեմ առնվազն հայրենասիրական չէ։ Ինչ վերաբերվում է բնակավայրերի անվանումներին, ես այլ կարծիքի եմ։ Պրոֆեսոր Թաթիկ Հակոբյանի «Հայկական տեղանունների բառարանում » , « Ախալքալաքի» անվանումը, որը չի գործածում ոչ մի ջավախահայ ուղղագրված է «Ախալքալակ» անվամբ։ Հայկական ուղղագրությամբ հետևյալ տեսքն ունեն նաև վրացական շատ տեղանուններ՝ Բաթում, Սուխում, Բորժոմ, Խաշուր, Զուգդիդ և այլն, բացառությամբ Վրաստանի մայրաքաղաքի, որը հայերենում նույնպես գրվում է Թբիլիսի։ Չնայած ցանկացած հայ խոսակցության մեջ կիրառում է միայն Թիֆլիս անվանումը։ Իմ Հարգարժան հայրենակիցներ՝ Ջավախահայեր միշտ հիշեք, որ մեր պատմության կերտողները մենք ենք, մեր ժողովուրդը, իսկ այդ պատմությունը լուսաբանող մշակներ և չարախոսներ միշտ կգտնվեն։
Գեւորգ
Դժվար եմ հասկանում թե ինչով է վիրավորել Դեմոյանը պատվասեր Ջավախցիներին գիրքը ,,ջավախակենտրոն,, անվանելով: Կամ ներողություն խնդրելով ի՞նչ պիտի ասի, երեւի որ այն հիմա ,,ջավախակենտրոն,, չէ՞: Չե որ դա տեսակետ է ընդամենը, որը կարող է եւ սուբյեկտիվ լինել: Իսկ որ տեխնիկական խոտանն է մատնացույց արվում, դրա մասին բան չի խոսվում: Կարծես հակառակը պիտի լիներ, չէ որ անհաջող ասվածը կմոռացվի կգնա, իսկ խոտանը կմնա: Կարծում եմ անտեղի եք զայրացել հարգելի Ջավախցիներ!
Վարդան Ալեքսանյան
ստորագրում եմ, Ջավախքից չեմ, սակայն ծանոթ եմ խնդրո առարկա հատորներին ամենայն մանրամասնությամբ, ներկա եմ եղել Դեմոյանի դոկտորականի ՛՛հերթական պաշտպանություններից՛՛ մեկին՝ պատմության ինստիտուտում, սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է.....
Ալիդա Կարախանյան
Ա.Կարախանյան, բժիշկ,Երեվանի,Միանում եմ
Կարինե Թադևոսյան
Ստորագրում և միանում եմ միանշանակորեն. Կարինե Թադևոսյան, Վրաստանի ՀՕՄ - ի վարչության ատենապետուհի, ք. Ախալքալաք
ՏԻԳՐԱՆ ՄՈՍԻՆԵԱՆ
Միանում եմ
19.Փիլոսյան Վաղարշակ
ստորագրում եմ. 19.Փիլոսյան Վաղարշակ Բժիշկ, ներքին հիվանդությունների մասնագետ (ԱՄՆ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter