HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեյտենանտին արդարացնելու պահանջին միացավ նաև տուժողը

«Ես ներկայացված բողոքին կողմ եմ, որպեսզի Արամ Աղայանը արդարացվի»,- Վերաքննիչ դատարանում այսօր հայտարարեց գործով տուժող ճանաչված զինվոր Ռուդիկ Գրիգորյանը: Նա միացավ Արամ Աղայանի ու նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի վերաքննիչ բողոքին:

Վերաքննիչ դատարանը՝ Արմեն Դանիելյան, Ռուզաննա Բարսեղյան, Կարինե Ղազարյան կազմով, լսեց ու հարցեր տվեց տուժող նախկին զինվորին, ինչպես նախատեսվել էր անցած նիստին:

Հիշեցնենք, որ լեյտենանտ Արամ Աղայանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (նիստերն անցկացվել են Ստեփանակերտում) դատապարտվել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման՝ զինվոր Ռուդիկ Գրիգորյանին առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար: Կալանքը կրել է Շուշիի բանտում: Անցած ամիս է տեղափոխվել Երևան: Այժմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է:

Ըստ գործի նյութերի՝ 2015 թվականի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը հերթապահ, լեյտենանտ Արամ Աղայանը, տեսնելով, որ թիվ 1 պահակակետում պարեկ կարգված, շարքային Ռուդիկ Գրիգորյանը դեռ զորանոցում քնած է, գնացել է զորանոց` նրան արթնացնելու համար: Լեյտենանտը մի քանի անգամ հրելով փորձել է արթնացնել շարքայինին` հերթափոխը կատարելու համար: Ռուդիկ Գրիգորյանն այսօր, պատասխանելով Վերաքննիչ դատարանի դատավորների (դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ) հարցերին, պատմեց, որ իրեն արթնացնելու ժամանակ պարզապես պառկած տեղից առաջ է եկել և անգամ չի էլ հիշում, թե իր հրամանատար Աղայանի մարմնի որ մասին է բախվել: «Ես արթնացել եմ այն բանից, երբ Աղայան Արամը հեռախոսի լույսը գցեց վրաս, ասեց՝ քթիցդ արյուն ա գալիս, արի գնանք լվացվի»,- դատարանում ասաց Ռուդիկ Գրիգորյանը:

Տուժող ճանաչված զինվորը նույնական ցուցմունք է տվել նաև առաջին ատյանի դատարանում, մինչդեռ աղիքային վարակի ու բարձր տաքության պայմաններում հոսպիտալում իրեն այցելած Ռազմական ոստիկանների մոտ գրել է, թե Արամը հարվածել է իրեն: Վերաքննիչ դատարանի դատավորները հետաքրքրվեցին՝ ինչով է պայմանավորված եղել բացատրության և ցուցմունքների տարբերությունը: Ռուդիկ Գրիգորյանն էլ պարզաբանեց, որ Ստեփանակերտի հոսպիտալում բարձր ջերմությամբ պառկած է եղել, երբ այցելել են Ռազմական ոստիկանության աշխատակիցները, 3-4 ժամ մնացել են իր մոտ. «Կոպիտ ասած իրանք իրանց խոսքերով ուղղորդել են նենց, ես էլ գրել եմ նենց, ոնց որ իրանք ուզում էին լսեին... ես էլ տենց ասել եմ, որ իրանք շուտ հեռանան, քանի որ գտնվում էի շատ վատ վիճակում, աղիքային սուր վարակ ունեի, բարձր ջերմություն... ես իրանց ասում էի, որ կպել ենք իրար, բայց չէին հեռանում»:

Ռուդիկ Գրիգորյանը նշեց, որ Արամ Աղայանի հետ եղել են ծառայողական հարաբերությունների մեջ, իսկ հանգստի, ժամանցի պահերին՝ որպես ընկեր: Ասաց, որ հենց Արամ Աղայանն իմացել է իր հիվանդության մասին, դեղ է տվել, ջերմությունն է չափել, ապա զեկուցել, որ զինվորին տեղափոխեն հոսպիտալ:

Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 31-ը՝ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով:

Նիստից հետո զրուցեցի տուժող Ռուդիկ Գրիգորյանի հետ: Ասաց, որ քթի վրա առհասարակ սպի չի մնացել: Քերծվածքն այնքան փոքր է եղել, որ հոսպիտալում անգամ չեն նկատել: Արդյոք Ռուդիկը նկատել է, որ զորամասում որևէ անձ կամ անձինք Արամ Աղայանի նկատմամբ վատ վերաբերմունք ունենան. «Հետքի» հարցին պատասխանելով՝ Ռուդիկը նշեց. «Ինչ էլ որ նկատել եմ, չեմ արտահայտի, չեմ ասի»:

Ռուդիկ Գրիգորյանը

Քաղաքացուն քրեական պատասխանատվության ենթարկելիս, ըստ օրենքի, պետք է հաշվի առնել նաև նրա անձը, անցած ճանապարհը:

Արամ Աղայանը ծնվել է 1991թ., Նոր Հաճն քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Նոր Հաճնի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Զուգահեռաբար հաճախել է կարատեի դեռևս 5 տարեկանից: Դպրոցն ավարտել է գերազանցությումբ: Կրթությունը շարունակել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, կրկին գերազանցությամբ ավարտել: Ապա սովորել է Արմենակ Խանփերյանցի անվան Ռազմաավիացիոն ինստիտուտում: Հանդիսանում է «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամ: Ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության համար պարգևատրվել է Պաշտպանության նախարարի, ԵՊՀ ռեկտորի, ինչպես նաև ԵԿՄ Շենգավիթ բաժանմունքի պատվոգրերով: Հրաժարվել է վիճակահանությունից և ինքնակամ մեկնել Շուշի:

Մենք զրուցեցինք նաև Արամ Աղայանի հրամանատարությամբ ծառայած երիտասարդների հետ, որոնք եկել էին դատական նիստին՝ սատարելու լեյտենանտին: Արշակ Մխիթարյանը մեկն է նրանցից: Պատմեց, որ Արամն իր հրամանատարի տեղակալն է եղել: Նրան բնութագրեց որպես մարդկային խղճով, ազնիվ մարդ: «Շատ զարմանալի էր, ապշեցուցիչ ինձ համար, որ իմացա Արամին ձերբակալել են»,- ասաց Արշակը:

Արշակ Մխիթարյանը

Մելքոն Չիլինգարյանը Արամի ընկերն է, միասին սովորել են Երևանի պետական համալսարանում, պատահականությամբ ծառայել նույն զորամասում, Արամը՝ որպես սպա, ինքը՝ որպես զինվոր. «2009-ից եմ Արամին ճանաչում: Իր զինվորներին էնպես էր սիրում, ոնց որ իր եղբայրները լինեին, ամառը լինում էր, ահավոր շոգին պաղպաղակ էր բերում զինվորներին: Էդպիսի բան չեմ տեսել: Մեկը մի բան ուզում էր, ինքը բերում էր իր կողմից: Եթե մեկը վատառողջ էր լինում, սրտացավ հասնում էր: Ինքը միշտ զինվորների կողմից էր, ու հրամանատարության մեջ, բնական է, բոլոր չէ, որ զինվորներին սիրում են էնպես, ինչպես Արամը: Ինքը զինվորի համար ոնց որ ապրեր»,- պատմեց Մելքոնը:

Մելքոն Չիլինգարյանը

Մելքոնի կարծիքով՝ Արամը պիտի համակարգից դուրս գա. «Իր նման հայրենասեր մարդ չեմ տեսել, բայց իրեն չընդունեցին իր հայրենասիրությամբ: Ես ծառայության մեջ էլ եմ ասել՝ ախպե՛ր, էստեղ մենակ դու ես սենց: Ունեցել ենք լավ սպաներ, բայց Արամն՝ իր կամեցողությամբ, միշտ էլ տարբերվել է մյուսներից»:

Մեկնաբանություններ (2)

Մարտիկ
Հող հանձնող իշխանություններին հայրենասերները միմայն խանգարում են։
Հասմիկ Ա. Ա.
Եթե բոլոր սպայերը Արամի նման լինեին....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter