Արարատ Խանդոյանը կտեսակցի հարազատներին
Ամալյա Մարգարյան
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է Արարատ Խանդոյանի փաստաբանի միջնորդությունը` թույլատրելով վերջինիս տեսակցել և հեռախոսային խոսակցություններ ունենալ հարազատների հետ և վերականգնել կապը արտաքին աշխարհի հետ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Կարագյոզյանը:
Փաստաբանը նշեց նաև, որ այսօրվա նիստի ընթացքում հետազոտվել է գործով ապացույց ճանաչված տեսաերիզը: Արա Կարագյոզյանը նշեց, որ տեսանյութում չի երևում ոչ միայն այն, որ իր պաշտպանյալը որևէ ոստիկանի հարվածում է, այլև որ Արարատ Խանդոյանը վահան է քաշում: «Դատախազը փորձեց հերքել այդ փաստը, բայց տեսավ, որ հավաքի մասնակիցները հրում են Արարատ Խանդոյանին, որը դիպչում է ոստիկանության շարքին, իսկ ոստիկանները մահակներով հարվածում են հավաքի մասնակիցներին, նաև Արարատ Խանդոյանին: Ինչ վերաբերում է այն հարցին, որ Խանդոյանը ոտքը բարձրացրել է, որ հարվածի ոստիկաններին, դա նույնպես հերքվեց, քանի որ Խանդոյանի ոտքը ոչ մեկի չի հարվածում, նա փորձում է գետնին գտնվող առարկաները ոտքով մի կողմ տանել,- հայտնեց Արա Կարագյոզյանը:
Փաստաբանը հավելեց նաև, որ դատախազը ասել է, որ ոչ թե մեղադրում են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, այլ փորձ կատարելու մեջ:
«Տեսանյութը բախումներից առաջ է միայն ներկայացնում, չկա ամբողջական պատկերը: Տեսանյութը նայելով՝ հերքվեց նաև փորձ կատարելու մտադրությունը»,- հայտնեց Արա Կարագյոզյանը:
Հաջորդ նիստին, որը տեղի կունենա մարտի 30-ին, ցուցմունքով հանդես կգա Արարատ Խանդոյանը:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության աշխատակիցներին ձեռքերով և ոտքերով հարվածելու, ինչպես նաև քաշքշելու և վահան քաշելու մեջ։
Մեկնաբանել