HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ռուսաստան-Արևմուտք հավերժ թվացող երկընտրանքը. արտաքին քաղաքականությունը` նախընտրական ծրագրերում

2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նախընտրական ծրագրերում ընդգծված առաջնահերթություն չէր: Առավելագույնը դիտարկվում էր Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում: Արտաքին կողմնորոշումների սուր հարց չկար տարածաշրջանում հարաբերական կայունության պահպանման պատճառով:

2017թ. իրավիճակն այլ է: Անցած 5 տարվա ընթացքում աշխարհում, տարածաշրջանում տեղի ունեցան Հայաստանի անվտանգությունն ուղղակիորեն շոշափող դրամատիկ, ողբերգական իրադարձություններ ու շրջադարձեր: Հայաստանը ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից կտրուկ հրաժարվեց, և ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշում ընդունվեց: ԱՄՆ-ն ու  ԵՄ-ն 2015-ի սկզբին հանեցին Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական սանկցիաների մի մասը, Հայաստանի համար բացվեց  դեպի արտաքին աշխարհ տնտեսաքաղաքական, կոմունիկացիոն նոր ուղղություն: 2015-ի վերջին իրար բախվեցին, ապա վեց ամիս անց՝ 2016-ի մայիսից, ավելի թունդ սիրախաղերի մեջ մտան Ռուսաստանն ու Թուրքիան, և 2016-ին տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը: Պետական, ազգային անվտանգության, շահերի պաշտպանության օրակարգի սրման համատեքստում արտաքին արդյունավետ, ճկուն նախաձեռնողական քաղաքականության անհրաժեշտության խնդիրը մղվեց առաջին պլան:

Որքանո՞վ է այս ամենն արտացոլվել ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում: Ինչպե՞ս են նրանք Հայաստանը տեսնում տարածաշրջանում և աշխարհում՝ հաշվի առնելով ընտրությունների նախաշեմին առկա մարտահրավերներն ու հնարավորությունները: 

«ԵԼՔ» դաշինք

Որդեգրել է ոչ այնքան ընդգծված պրոարևմտյան կողմնորոշում: Խոստանում է իշխանության գալու դեպքում բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը, համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ: Սխալ է համարում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը՝ դրանում տեսնելով Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական և քաղաքական զարգացման, Արցախի խնդրի կարգավորման սպառնալիքներ: Սակայն, այդ կառույցից դուրս գալու հարց չի առաջադրում՝ նախընտրելով այս անորոշությունը ծածկել ԵԱՏՄ-ից բխող ռիսկերը կառավարելու մասին լղոզված ձևակերպումներով: ԵՄ Ասոցացման և ԵԱՏՄ-ի անդամակցության հակասականությունը լուծել չի կարողացել: Պարզապես շրջանցվել են այն հակասությունները, որոնք կարող էին «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին խանգարել ձևավորել դաշինքը:

Չնայած ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացը վերսկսելու պահանջի ձևակերպմանը, «ԵԼՔ»-ը նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու առաջնային անհրաժեշտություն չի տեսնում՝ շեշտը դնելով կազմակերպության անդամ երկրների դաշնակցային պարտավորությունների հստակեցման վրա: Դրա արդյունքներով էլ պայմանավորում է հետագայում ՀԱՊԿ-ում մնալու նպատակահարմարության որոշումը:

Դաշինքն Իրանը դիտարկում է առավելաբար որպես Հայաստանը գազի տարանցիկ երկիր դարձնելու հարցում շահագրգիռ գործընկեր: Թուրքիայի հարցում մոտեցումն ավանդական է՝ սահմանների բացում առանց նախապայմանների: 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

Արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությունն այս կուսակցության ծրագրի անկյունաքարն է: Ընտրական մարաթոնի միակ մասնակիցն է, որն առաջարկում է տնտեսական, քաղաքական, անվտանգության, քաղաքակրթական միանշանակ եվրոպական ուղղությունը: «Եվրոպական ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է, իսկ ԵՄ-ին անդամակցությունը՝ ռազմավարական տեսլական»,-նշված է ծրագրում: Փորձել է ճեղքել հայաստանյան միջին վիճակագրական ստերեոտիային ընկալումները՝ առաջարկելով Ռուսաստանի փոխարեն ստրատեգիական հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ: Չնայած դրան՝ առանց հիմնավորումների հնարավոր է համարում հայ-ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերությունների պահպանումն առավելաբար երկկողմ իրավահավասար գործընկերային մակարդակում, ՀԱՊԿ-ի համատեքստից դուրս: Մյուս կողմից, սակայն, Հայաստանը և Արցախը տեսնում է արևմտյան անվտանգության համակարգում՝ հեռանկարում ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակադրմամբ:

Իրանը համարում է որպես տարածաշրջանային տնտեսական-էներգետիկ-կոմունիկացիոն համակարգի հուսալի գործընկեր՝ առաջարկելով նրա հետ կնքել ազատ առևտրի համաձայնագիր, կառուցել նավթամուղ և նավթային ապրանքի տերմինալ, ավելի ուշ՝ փոքր հզորության նավթավերամշակող գործարան, ինչպես նաև՝ դառնալ  իրանական գազը եվրոպական շուկա հասցնող տարանցիկ երկիր:

Ծրագրում երկու խոցելի պահ կա: Առաջին՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ռազմավարական  գործընկերության մակարդակ տեղափոխելու և Իրանի հետ սերտ տնտեսաքաղաքական հարաբերություններ զարգացնելու միջև բալանսավորման բանաձև չի առաջարկվել: Մինչդեռ այդ երկրների միջև աստիճանաբար սրվող հարաբերություններն ակտուալացնում են այդ գործոնը:  Երկրորդ՝ ԵԱՏՄ-ից և ավելի ուշ նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու և կտրուկ արևմտյան վեկտոր որդեգրելու հետ կապված ռիսկերը և դրանց չեզոքացման մեխանիզմները չեն հստակեցվել: Չկա նաև այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս է հնարավոր դնել ՆԱՏՕ-ին անդամակցության հեռակա նպատակ, բայց պահպանել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական սերտ կապերը, կամ անտեսել ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերակատարությունը: 

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք

Ծրագրում արտաքին քաղաքականության երկու առաջնահերթություն է ամրագրել. հանուն խաղաղության մադրիդյան սկզբունքների շուտափույթ ստորագրմամբ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում և դրանից բխող՝ Թուրքիայի հետ սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

Հետաքրքրական է, որ դաշինքը նախատեսում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում՝ առանց նախապայմանների: Բայց այդ երկրի ներկայացրած հիմնական նախապայմանը Ադրբեջանի շահերից բխող  լուծումներով ԼՂ կարգավորումն է, որն ընկած է մադրիդյան սկզբունքների հիմքում: Անտրամաբանական է թվում թուրքական այդ նախապայմանը բավարարելու դեպքում «առանց նախապայմանների» հարաբերությունների կարգավորման մասին հիշատակումը: Ոչ մի խոսք չկա նաև այն ռիսկի մասին, թե հատկապես հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից միակողմանի հրաժարվելու ֆոնին որքանո՞վ է երաշխավորված, որ Ադրբեջանին ամբողջապես չբավարարող տարածքային զիջումների գնալու դեպքում Թուրքիան կհրաժարվի նախապայմաններից:      

Այնպիսի տպավորություն է, որ այս երկու «բանալի» հարցերի արագ կարգավորումը, այսինքն՝ Հայաստանի ապաշրջափակումը հանգեցնելու է անխտիր բոլոր մարտահրավերների չեզոքացմանը: Բանն այն է, որ ծրագրում արտաքին քաղաքականությանը վերաբերող որևէ այլ օրակարգային հիմնահարց չկա: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ մնացած բոլոր ուղղություններով դաշինքը ներկայումս վարվող արտաքին պետական քաղաքականության մեջ որևէ խնդիր չի տեսնում, և Հայաստանի լուսավոր ապագան պատկերացնում է Ռուսաստանի «հովանու» ներքո,  ԵԱՏՄ, ՀԱՊԿ և առհասարակ Ռուսաստանի կողմից ստեղծվելիք բոլոր հնարավոր եվրասիական ինտեգրացիոն ձևաչափերում:  

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter