HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խախտումներ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում

Օրենսդրորեն հանրային սննդի օբյեկտներում նախատեսված չէ փորձաքննություն՝ միսն իրացնողից ձեռք բերելու դեպքում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ ստուգումներ է անցկացրել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն», «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ներում: Արդյունքում Ծառայությունը հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք վկայում են, որ այս երեք ընկերությունները պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:

Մասնավորապես՝ փորձաքննություններն իրականացվել են առանց համապատասխան սարքավորումների կամ անհայտ ծագման սարքավորումներով՝ հաճախ կրելով ձևական բնույթ: Մսի որակի նկատմամբ բավարար կասկածների դեպքում այս ընկերությունները չեն տեղեկացրել լիազոր մարմնին,  թեև պարտավոր էին: Փորձաքննության դրական եզրակացության պարագայում՝ չեն իրականացրել կամ մասամբ են իրականացրել մսի անվտանգությունը հավաստող դրոշմակնքումները: Արդյունքում հնարավոր չէ պարզել՝ ներկայացված փասատթուղթը քանի՞ կամ ո՞ր կենդանուն է վերաբերում՝ այդպիսով ստեղծելով մեկ եզրակացության հիման վրա մի քանի կենդանու միս իրացնելու ռիսկ:

Պարզվել է նաև, որ լաբորատոր փորձաքննության ընթացքում օգտագործվել են անհայտ ծագման նյութեր՝ ի սկզբանե կասկածի տակ դնելով փորձաքննության արդյունքները: Փորձաքննություններ են իրականացվել առանց կենդանիների ներքին օրգանների առկայության (թոքեր, սիրտ, լյարդ և այլ), միաժամանակ, նմուշառումը կատարվել է սխալ՝ առանց մկանային ու ոսկրային հյուսվածքների, որի պայմաններում հնարավոր չէ  պարզել մսի որակը կամ հնարավոր հիվանդությունների առկայությունը: Տրիխինելյոզի նկատմամբ պարտադիր փորձաքննության չի ենթարկվել խոզերի մսեղիքը: Չեն գրանցվել ձուկ, կաթ և մեղր փորձաքննելու դեպքեր՝ նախատեսված կառավարության որոշումներով:

Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումից հետո չի տրվել  եզրակացություն արտադրանքի հետագա օգտագործման համար, չեն լրացվել կամ թերի են լրացվել փորձաքննության եզրակացությունները: Որոշ դեպքերում, փորձաքննություն է իրականացվել առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի, թեև օրենսդրությունն արգելում է անասնաբուժական փորձաքննության իրականացումը, երբ պարզ չէ մսի ծագումը: Դրոշմի համար  օգտագործված ներկերը սննդային չեն եղել, որևէ հիմնավորում դրանց պիտանիության մասին չի ներկայացվել: Չի պահպանվել ախտահարված օրգանների և հյուսվածքների վարակազերծման կարգը:

Ստուգումների արդյունքների հիման վրա հաղորդագրություններ են տրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարություն: Ծառայությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում է պահել անասնաբուժասանիտարական փորձաքննություններ կատարող ընկերությունների գործունեությունը՝ վերջիններիս պատշաճ աշխատանքն ապահովելու նպատակով:

Ստուգման ընթացքում նաև պարզվել է, որ նշված ՍՊԸ-ները պայմանագրեր են ունեցել և փորձաքննություն իրականացրել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, որի անհրաժեշտությունը չկար, քանի որ ՀՀ օրենսդրությամբ միայն իրացման կետերում վաճառվող միսն է ենթակա պարտադիր լաբորատոր փորձաքննության (կառավարության 426-Ն որոշմամբ սահմանվում է, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացնելու պատասխանատվությունը կրում են իրացնող կազմակերպությունները): Բացի այդ՝ հանրային սննդի օբյեկտներից հնարավոր չէ կատարել ճիշտ նմուշառում և օբյեկտիվ փորձաքննություն, քանի որ այնտեղ միսը ձեռք է բերվում կտորներով՝ առանց ներքին օրգանների և համապատասխան հյուսվածքների: Նշենք նաև, որ հաճախ, չնայած պայմանագրերի առկայությանը, որևէ ծառայություն հանրային սննդի օբյեկտին չի մատուցվել, փաստացի՝ փորձաքննություններ չեն իրականացվել:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՍԱՊԾ-ն տեղեկացնում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, որ իրենց կողմից ձեռք բերված միսն արդեն իսկ պետք է ենթարկված լինի համապատասխան լաբորատոր փորձաքննության և որ միս ձեռք բերելիս վերջիններս իրացնողից պետք է պարզապես պահանջեն համապատասխան եզրակացություն մսի լաբորատոր փորձաքննության վերաբերյալ (3-րդ ձև) և գնման ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը՝ անհրաժեշտության դեպքում գնված մսի ձեռքբերման աղբյուրը պարզելու համար:

Ծառայությունը նաև տեղեկացնում է, որ, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն, սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը Երևան քաղաքի առևտրի իրականացման վայրերում պարտադիր է 2018 թվականի մարտի 1-ից և առաջարկում է սկսել նախապատրաստական աշխատանքները՝ գործընթացն ամբողջությամբ նշված ժամկետներում ապահովելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter