HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի քաղաքապետարանը հյուրերին հարգում-պատվում է՝ միլիոններ արժեցող ծառայություններ պատվիրելով

Դեռեւս նախորդ տարի Երեւանի քաղաքապետարանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» դրույթներին համապատասխան տրամադրել քաղաքապետարանի՝ 2016-ին մեկ անձից կատարած գնումների պայմանագրերի պատճենները: Քաղաքապետարանը չտրամադրեց դրանք. փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը պատասխանեց, թե 1 մլն դրամը գերազանցող գնումները, օրենսդրության պահանջների համաձայն, հրապարակվում են gnumner.am կայքում:

Սրանով քաղաքապետարանն ուղակի խուսափել է հարցմանը պատշաճ պատասխանելուց, քանի որ «ՏԱ մասին» օրենքը շեշտում է, որ «տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ապահովել տեղեկությունների մատչելիությունը եւ հրապարակայնությունը, տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի եւ իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն»: Քաղաքապետարանն իր պատասխանում, բնականաբար, չի նշել, թե ինքը չէ տնօրինողը, որովհետեւ հենց ինքն է կնքել պայմանագրերը ու ինֆորմացիայի առաջին աղբյուրը հենց ինքն է: Ավելին՝ նմանատիպ հարցում ուղարկել էինք նաեւ 2015-ին՝ խնդրելով 2014-ի պայմանագրերը մեկ անձից կատարած գնումների վերաբերյալ: Կարող է տարօրինակ թվալ, սակայն այդ ժամանակ քաղաքապետարանը բարեխղճորեն պատճենահանել էր բոլոր պայմանագրերը, ինչի արդյունքում փաստաթղթային տրցակներով մի քանի տոպրակ էր ձեւավորվել:

Պայմանագրերի ուսումնասիրության արդյունքում պարզել էինք, որ Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցում շռայլորեն գումարներ են ծախսում՝ կոնյակներ, բաժակներ, հուշանվերներ գնելու եւ քաղաքի տոնին տարբեր պատվիրակությունների ընդունելու ու հյուրասիրելու համար: Հատկապես մեկ տարում 29 մլն դրամի կոնյակ գնելու մասին հրապարակումը մեծ արձագանք ստացավ:

Երևանի քաղաքապետարանը մոտ 29 միլիոն դրամի կոնյակ է գնել, 1,5 միլիոն դրամով էլ` կոնյակի բաժակներ

Երևանի քաղաքապետարանը միլիոնավոր դրամների հուշանվերներ է գնել

Քաղաքապետարանն առանց մրցույթ հայտարարելու 67.000 դոլարի պայմանագրեր է կնքել` պատվիրակություններ ընդունելու համար

Պետք է ենթադրել, որ հենց այսպիսի պատմությունների կրկնվելուց է խուսափում քաղաքապետարանի ղեկավարությունը եւ լրատվամիջոցին ուղարկում gnumner.am կայք, որտեղ տարբեր կառույցներից հարյուրավոր պայմանագրեր տեղադրված են առանց մատչելի դասակարգման:    

Մոտ մեկ ամիս տեւած մեր շարունակական զանգերին քաղաքապետարանի լրատվականը պատասխանում էր, թե «մենք ձեզ պատասխանել ենք»:

Բնականաբար, «Հետքը» կարող էր դատի տալ քաղաքապետարանին ու ստանալ իր ուզած փաստաթղթերը: Սակայն հաշվի առնելով մեր ունեցած փորձը, որ պաշտոնական ինֆորմացիան ստանալու դատական քաշքշուկները բավականին երկար են տեւում, ինչի արդյունքում հրապարակումը կորցրած կլիներ արդիականությունը, դիմեցինք ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանին: Չնայած Վ. Նիկոյանը սկզբում նրան եւս փորձել էր ուղղորդել gnumner.am, տիկին Բախշյանի պնդումից հետո նրան սկավառակով տրամադրել են պայմանագրերը:

Նշենք, որ «Գնումների մասին» օրենքի համաձայն, մեկ անձից գնումներ կարող են կատարվել որոշակի դեպքերում. մասնավորապես, երբ առկա է հեղինակային, հատուկ կամ բացառիկ իրավունք, այսինքն՝ ծառայությունը կարող է մատուցել միայն այդ անձը: Այս ընթացակարգը կիրառվում է նաեւ այն դեպքում, երբ ծագել է գնում կատարելու անհետաձգելի պահանջ, որը նախատեսել հնարավոր չէր, իսկ մյուս կողմից՝ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ այլ ընթացակարգ կիրառել (ասենք՝ մրցույթ հայտարարել):  

Ներկայացնենք մեկ անձից կատարված գնումների մի քանի պայմանագրեր, որոնք վերաբերում են հյուրասիրություններին եւ հուշանվերներին:

Այսպես՝ քառօրյա պատերազմի ժամանակ՝ ապրիլի 2-ին, քաղաքապետարանն Արաբկիր վարչական շրջանի կարիքների համար պայմանագիր է կնքել «Ակումբ Համալիր» ՍՊԸ-ի հետ: 2 մլն դրամի պայմանագիրը Սանկտ Պետերբուրգից Երեւան ժամանող պաշտոնական պատվիրակությանն (12 հոգի) ընդունելու համար էր: Ըստ այդմ՝ ապրիլի 3-9-ը ռուսական պատվիրակության համար նախատեսվել է մի քանի անգամ կազմակերպել ճաշ ու ընթրիք բարձրակարգ ռեստորանային համալիրում, հիշատակի միջոցառում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ, էքսկուրսիա դեպի Գառնի եւ Գեղարդ, վերջում՝ հուշանվերների հանձնում:

«Էրեբունի-Երեւան 2798» տոնին մասնակցելու համար հոկտեմբերի 7-11-ին հյուր եկած ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի 4-հոգանոց պատվիրակությանը պատվելու համար քաղաքապետարանը կրկին պայմանագիր է կնքել «Ակումբ Համալիր» ՍՊԸ-ի հետ: Պլեսի Ռոբինսոնը Արաբկիր վարչական շրջանի գործընկեր քաղաքներից է: Պայմանագրով նախատեսվել է հյուրերի տեղափոխություն ՀՀ տարածքում, հյուրասիրություն ռեստորանում, հուշանվերներ (բարձրակարգ կոնյակներ, Հայաստանը խորհրդանշող նվերներ), ծաղկեփնջեր (սպիտակ, թարմ վարդեր): Պայմանագրի գինը կազմել է 1,9 մլն դրամ:

Նշենք, որ «Ակումբ Համալիր» ՍՊԸ-ն շահագործում է Հրազդանի կիրճում գտնվող «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրը, որտեղ էլ, փաստորեն, հյուրասիրել են պետերբուրգցի ու ֆրանսիացի պատվիրակներին:

«Մոնտե Քրիստո» ռեստորանը՝ Հրազդանի կիրճում

2016-ին քաղաքապետարանը հյուրասիրության համար մի շարք պայմանագրեր է կնքել «Արիես Քեյթրինգ սերվիս» ՍՊԸ-ի հետ: Դրանցից մեկով նախատեսվել է Ուսուցչի տոնի շրջանակներում (հետաքրքիր է, որ այս տոնն աշխարհում ու Հայաստանում նշվում է հոկտեմբերի 5-ին) ապրիլի 14-ին 150 հոգու համար հյուրասիրություն կազմակերպել, գինը կազմել է 704.160 դրամ: Մեկ այլ պայմանագրով կազմակերպվել է 30 անձի հյուրասիրություն, գինը՝ 477.558 դրամ:

Երրորդով նախատեսվել է Երեւանի տոնի առիթով հոկտեմբերի 6-8-ին ավելի քան 600 հոգու հյուրասիրություն: Պայմանագրի գինը եղել է 4.965.092 դրամ: Մեկ ուրիշ պայմանագրով «Արիես Քեյթրինգ սերվիսին» քաղաքապետարանը պատվիրել է 8 հոգու համար պաշտոնական ճաշ մատուցել, ինչի համար վճարել է 271.782 դրամ: Մեկ այլ պայմանագրով էլ ՍՊԸ-ն տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին ու 30-ին, քաղաքապետարանում պաշտոնական ընդունելության ժամանակ հյուրասիրություն է կազմակերպել ընդհանուր 750 հոգու համար, որի համար ստացել է 5.176.164 դրամ: Այս 5 պայմանագրերով «Արիես Քեյթրինգ սերվիսին» վճարվել է 11,6 մլն դրամ:

Այս ընկերությանը ժամանակին էլի ենք անդրադարձել: Սեփականատերը ՀՀ-ում Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանն է: «Արիես Քեյթրինգ սերվիսը» ծառայություններ է մատուցում տարբեր պետական մարմինների, տեղական ու արտասահմանյան կազմակերպությունների: 

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter