HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղական համայնքները գյուղտեխնիկա ձեռք կբերեն 2 % լիզինգով

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը և գյուղատնտեսության նախարարությունը ստորագրել են հուշագիր` «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում: Հուշագիրը ստորագրել են գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:

Ռոբերտ Մակարյանի խոսքով` Հայաստանի գյուղտեխնիկայի պարկն արդեն մաշված է, և անհրաժեշտություն կար թարմացնելու այն: «Կառավարությունը որոշել է աջակցել գյուղտեխնիկայի բազայի թարմացմանը և լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով նպաստել տրատկորների, կոմբայնների և հարակից սարքավորումների ձեռքբերմանը»,- նշել է Մակարյանը:

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը տեղեկացնում է, որ ծրագրով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվելիք գյուղատնտեսական տեխնիկան կմատակարարվի Եվրասիական տնտեսական միության անդամ և այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող հայտնի ընկերություններից, որը  հնարավորություն կտա նաև առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում ձևավորել գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման կենտրոններ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, մարզային մասնաճյուղերի միջոցով նպաստելու է գյուղտեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվության տարածմանը: Մասնաճյուղերի աշխատակիցները գյուղտեխնիկա ձեռք բերել ցանկացողներից կընդունեն հայտերը, կիրականացնեն համապատասխան փաստաթղթավորում և կապահովեն հայտերի հետագա ընթացքը` սահմանված կարգով:

«Նոր տրակտորների և կից սարքավորումների ներմուծումը նաև հնարավորություն կստեղծի մեր գյուղական համայնքներում ստեղծելու նոր ձեռնարկություններ, քանի որ գյուղատնտեսների զգալի մասն արդեն ներգրավված է գյուղմթերքի վերամշակման մեջ»,- շեշտել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:

Գյուղատնտեսական տեխնիկայի  լիզինգի պետական աջակցության  պայմաններն են.

ա. կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը,

բ. տրակտորների համար` 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև  9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը,

գ. հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3 – 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը,

դ. այլ գյուղատնտեսական գործիքների համար` 3 տարի մարման ժամկետ, տարեկան մինչև 9  % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը: Ընդ որում տրակտորներ և այլ գյուղ. տեխնիկա միևնույն շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի,

ե. Լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով, լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով կանխավճարի վճարման պայմանով:

Անցած 3 տարիների ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, «ՓՄՁ ներդրումներ»  ունիվերսալ վարկային կազմակերպության հետ համատեղ արդեն ներմուծել և արտոնյալ պայմաններով Հայաստանի մարզերի համայնքներին և մասնավոր ֆերմերներին է տրամադրել 300-ից ավելի բելառուսական МТЗ տրակտոր, մոտ 10 Нива կոմբայններ և կից սարքավորումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter