HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ԵԱՏՄ կապի և հեռահաղորդակցության ոլորտի նախարարների առաջին խորհրդակցությունը

Հայկական կողմի նախաձեռնությամբ մարտի 24-ին Երևանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կապի և հեռահաղորդակցության ոլորտի գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցական նիստ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

«Հանդիպման նպատակը տեղեկատվական - հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանն ու տեղեկատվայնացմանն առնչվող հարցերի քննարկումն էր: Որոշվեց ստեղծել լիազորված մարմին, որը կունենա պարբերական հանդիպումներ ու կքննարկի ԵԱՏՄ անդամ - պետություններում թվայնացման գործընթացներին առնչվող հարցեր:

Նիստի շրջանակներում առաջին անգամ նախարարների մակարդակով քննարկվեցին այս ոլորտին առնչվող արդիական խնդիրներ:

«Շնորհակալ եմ գործընկերներիս արդյունավետ խորհրդակցության համար: Մի շարք կարևոր որոշումներ ընդունեցինք այսօր»- նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Քննարկվեց այն հարցը, թե ինչ ձևաչափով է շարունակվելու լիազոր մարմնի աշխատանքը:

«Եկանք եզրակացության, որ անհրաժեշտ է ձևավորել աշխատանքային ձևաչափ և, ամենայն հավանականությամբ, մյուս խորհրդակցությանը մենք կներկայացնենք առաջարկություններ, թե ինչպես կարելի է առաջ շարժվել: Կարևորը համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել, մտքեր փոխանակել և վեր հանել այն հարցերը, որոնք վերաբերում են տեղեկատվական - հեռահաղորդակցական տեխնոլոգիաներին և ԵԱՏՄ տարածքում թվային օրակարգի ձևավորմանը»,- ասաց ԵԱՏՀ Կոլեգիայի (նախարար) անդամ Կարինե Մինասյանը:

ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում անընդհատ աճում է ինտերնետ օգտագործողների թիվը, մեծանում է էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը, ավելի ու ավելի շատ ապրանքներ գնվում և վաճառվում են համացանցի միջոցով, էլեկտրոնային են դառնում շատ գործընթացներ:

«Մեր խմբի խնդիրն է՝ այդ գործընթացները կարգավորել նաև միջպետական մակարդակով, որպեսզի հնարավոր լինի գործնական շփումներ իրականացնել ԵԱՏՄ անդամ - պետությունների միջև, վաճառել ապրանքներ և ծառայություններ, ընդ որում' դրանք իրականացնելով էլեկտրոնային եղանակով»,- նշեց Նիկոլայ Նիկիֆորովը:

ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի խոսքով` ոլորտը կարգավորող ռուսաստանյան օրենսդրության մեջ 2014 թվականին կատարվեցին փոփոխություններ, որոնք ՌԴ-ում պետական գնումների մասնակցության հարցում լրացուցիչ առավելություն էին տալիս ծրագրային ապահովումներ մշակող ռուսական ընկերություններին: Քննարկվել է այդ սահմանափակումը վերացնելու հարցը:

Նախարար Վահան Մարտիրոսյանը ընդգծեց, որ սպասվող օրենսդրական նոր շտկումներից հետո ՌԴ տարածքում պետական գնումներին կկարողանան մասնակցել նաև ծրագրային ապահովումներ մշակող ընկերություններ ԵԱՏՄ անդամ մյուս պետություններից:

«Դա հնարավորություն կտա ԵԱՏՄ անդամ պետությունների ՏՏ ընկերություններին մուտք ունենալ 2 միլիարդ ռուբլիանոց շուկա»,- նշեց Նիկոլայ Նիկիֆորովը:

Նախարարների հաջորդ խորհրդակցությունը պլանավորվում է անցկացնել ապրիլին Մինսկում:

Թվայնացման օրակարգի քննարկում է նախատեսվում նաև մայիսի վերջին ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում»,- գրված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter