HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ռուսաստան-Արևմուտք հավերժ թվացող երկընտրանքը. արտաքին քաղաքականությունը` նախընտրական ծրագրերում (շարունակություն)

սկիզբը

«ՀՅԴ» կուսակցություն

Արցախյան հիմնահարցը, ընդհանուր անվտանգության համակարգը և արտաքին քաղաքականությունը դիտարկում է մեկ ամբողջության մեջ: Պահպանել է ավանդական մոտեցումներն արտաքին քաղաքական առաջնահերթությունների հարցում: Առաջ քաշելով «հայաստանակենտրոնության» գաղափարը՝ արտաքին քաղաքական կողմնորոշումների վեկտորների ընտրության սկզբունք է համարում ազգային ու պետական շահի սպասարկումը: Եթե նկատի ունենանք ծրագրում ԵԱՏՄ-ին անդամակցության արդարացվածության գնահատականների բացակայությունը, ներկա պահին թե՛ ԵԱՏՄ-ում և թե՛ ՀԱՊԿ-ում մնալն անուղղակիորեն համարում է դեռևս անհրաժեշտ, չբացառելով նաև որևէ պահից, ազգային ռազմավարական զարգացման առումով ռիսկերի կամ սպառնալիքներ նկատելու պարագայում այդ կազմակերպություններից դուրս գալու պահանջ դնելը: Ուշագրավ է, որ նախկին՝ 2012թ. ծրագրում պնդում էր ընդունել արտաքին քաղաքականության դոկտրին: Նոր ծրագրում այն բացակայում է:

Հետևողական է արտաքին քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման խնդիրները պահելու հարցում: Նման ձևակերպումը թույլ է տալիս ենթադրելու, որ վարվող քաղաքականության մեջ ՀՅԴ-ն որոշակի հետընթաց է նկատում: Շարունակում է պահանջել վերջնականապես և ամբողջապես չեղարկել ԱԺ-ից 2015թ. ետ կանչված հայ-թուրքական արձանագրությունները:

Հարևանների հետ հարաբերությունների համատեքստում կենտրոնացել է միայն Վրաստանի հետ «բարեկամության ու ազգային շահերի փոխադարձ հարգանքի» սկզբունքներով հարաբերությունների կառուցման վրա՝ համարելով Ջավախքի և վիրահայության «լիարժեք իրավունքների իրացման» նախապայման: Չի հստակեցնում՝ ինչ նկատի ունի «լիարժեք իրավունքներ» հասկացության ներքո: Իրանական ուղղությունը ծրագրում, ըստ էության, նշված չէ:  

«ՕՐՕ» դաշինք

Առաջադրել է արտաքին քաղաքականության 5 սկզբուքններ՝ հայաստանակենտրոնություն, անկախություն, ինքնիշխանություն, հավասարակշվածություն, իրատեսություն։ Ծրագիրն այս մասով կառուցված է փոխլրացման, «կոմպլեմենտարիզմի» գաղափարական հենքի վրա, քանի որ շեշտադրում է արվում աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ հավասարակշռություն պահելու ռամավարությանը: Չկա գնահատական, թե որքանով էր ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումն սկզբունքորեն բխում այդ ռազմավարությունից և որքանով է այն հիմա հնարավորություն տալիս տնտեսական, անվտանգային, քաղաքական առումներով բալանսավորել հարաբերությունները արևմուտքի հետ, որքանով է նպաստում բոլոր 5 սկզբունքների արդյունավետ և լիարժեք կենսագործմանը: Այլ կերպ ասած՝ մոտեցումը հարմարվողական է:     

Չի հստակեցնում հարևան երկրների հետ «որակապես ու բովանդակապես նոր, բարիդրացիականության վրա հիմնված հարաբերությունների» հաստատումից հիմնական ակնկալիքները, Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման ճանապարհը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարունակման նկատմամբ դիրքավորումը: Չնայած «ակտիվ» քաղաքականության դեպքում երկրի խաչմերուկային աշխարհաքաղաքական դիրքի բարելավումը դիտարկում է իբրև տարածաշրջանային խոշոր տնտեսական ծրագրերին մասնակցության գրավական, սակայն չի նշում, թե ինչպիսի նմանատիպ ծրագրերն են իրատեսական և հեռանկարային:  

«Ծառուկյան» դաշինք

Միանշական կողմնորոշված է դեպի հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացումն ու խորացումը, ԵԱՏՄ-ին, ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին գործուն մասնակցութան շարունակումը: Չի նշում, սական, թե որքանով կամ ինչու է պրոռուսական այս օրիենտացիան օգտակար Հայաստանի համար, որքանով է բխում նրա անվտանգության, ինքնիշխանության շահերից:

Բնականաբար, երկրորդային նշանակություն է տրվում եվրաինտեգրացիոն ուղղությանը։ ԵՄ-ի ետ հարաբերությունները սահմանափակում է վերջերս ստորագրված Հայաստան-ԵՄ իրավական նոր համաձայնագրի շրջանակով։ Այլ կերպ ասած՝ ներկայոմս Հայաստանի իշխանության վարած քաղաքական կուրսի շարունակման ջատագովն է: Այն տարբերությամբ միայն, որ ընդգծում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակման անհրաժեշտությունը (իշխանության դիրքորոշումն այս հարցում որոշակի փոփոխություն է կրել): Տարածաշրջանում Հայաստանի դերակատարության, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան առանցքները ծրագրային տեսադաշտից դուրս են մնացել:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Արտաքին քաղաքականության մեջ առանցքային է համարում Հայաստանի անվտանգության ապահովման տարրը: Որպես անվտանգության համակարգ՝ դիտարկում է բացառապես ՀԱՊԿ-ին անդամակցության շարունակումը և այդ կազմակերպության ուժեղացումը: ՀԱՊԿ-ում Հայաստանի ունեցած խնդիրները շրջանցվել են, դրանց մասին ծրագրում խոսք չկա: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ու կառույցի արդյունավետության բարձրացման նպատակադրումն արդարացնում է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարի ստեղծման տեսանկյունից: Եվ միանգամայն օրինաչափ է, որ Ռուսաստանը համարում է Հայաստանի միանշանակ դաշնակիցը: ԱՄՆ-ին վերապահվում է «բարեկամ գործընկերոջ» դեր: Վերջինիս պարագայում շեշտը դրվում է ընտրված նոր վարչակարգի հետ «լեզու գտնելու» վրա:

Թեև Հայաստանի ապագան տեսնում է եվրասիական ինտեգրացիոն ձևաչափերում, Ռուսաստանի հետ դաշնակցության դաշտում, սակայն Հայաստանի արդիականացումը տեսնում է արևմտյան ուղղությամբ՝ որպես ընդհանուր քաղաքակրթական միջավայր: Ընտրելով հանդերձ անվտանգության ռուսական և ՀԱՊԿ-ական՝ առայժմ միայն թղթի վրա մնացած անվտանգային երաշխավորությունները՝ ՆԱՏՕ-ի հետ գործընկերային կապերը դիտարկում է իբրև Հայաստանի զինված ուժերի «մարտունակության բարձրացման, հասարակություն հետ համագործակցության խորացման, պաշտպանական համակարգի շարունակական բարեփոխման» միջոց: Իսկ ԵՄ-ի հետ համագործակցությունը համարում է Հայաստանում բարեփոխումների նախադրյալ և ուղղություն: Ակնհայտ է, որ արևմտյան և ռուսական բևեռների միջև առաջնորդվելով այսպես կոչված «և, և»-ի սկզբունքով՝ իրականում խնդիր է դրել նրանց միջև մանևրել:

Տարածաշրջանում Հայաստանին տեսնում է Վրաստանի և Իրանի միջև տնտեսաքաղաքական առանցքի դերում:

Նկատելի  փոփոխության է ենթարկվել ՀՀԿ-ի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդման համատեքստում: Ծրագրում նշում է, որ ջանքերն ուղղելու է «ցեղասպանության հանցագործությունների կանխարգելմանն ու դատապարտմանը, դրանց հետևանքների վերացմանն առնչվող խնդիրները միջազգային հանրության օրակարգում պահելու համար»: Կոնկրետ Հայոց ցեղասխաւթյան ճանաչումը, փաստորեն, դադարել է ՀՀԿ-ի համար լինել առաջնային: Փոխարենը որդեգրվել է Հայաստանն այսպես կոչված ցեղասպանութւունների դեմ համաշխարհային պայքարն առաջնորդող դարձնելու ուղղությունը: Ըստ ամենայնի՝ նպատակադրումների այս տրանսֆորմացիան պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի սահմանագիծն անցնելով:

«Հայկական վերածնունդ» կուսակցություն

«30 կետ» ծրագրում արտաքին քաղաքականությունն առհասարակ տեղ չի գտել: Այս կուսակցության համար կամ Հայաստանն արտաքին քաղաքականության արդյունավետության հետ կապված որևէ խնդիր չունի կամ լիարժեքորեն համաձայն է ներկայումս վարվող կուրսի հետ և մեծամասնություն կազմելու դեպքում շարունակելու է այն:

Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգային բոլոր առաջնահերթ ուղղություններին անդրադարձել է: Սակայն, դրանք նկատելի հռչակագրային բնույթ ունեն:

Ելակետային է համարում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամ-երկրների հետ ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացումը: Առկա և, թերևս, նաև որպես միանշանակ ընդունելի իրողություն է համարում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը: Սակայն նկատելի է, որ ծրագրում բացակայում է Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի համաշխարհային և տարածաշրջանային դերակատարությունը, բացառիկությունն ընդգծելու մոտեցումը: Նույնիսկ ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, Չինաստանի և այլ երկրների հետ տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային զուգահեռ գործակցության խնդիր է առաջադրում, ճիշտ է՝ առանց դրանց միջև առկա ներքին բաժանարարները հաղթահարելու բանաձևերը նեկայացնելու:
Նույն հռչակագրային մոտեցումն է ընկած ՀԿԿ-ի այն դրույթի հիմքում, ըստ որի՝ օգտագործելու է միջազգային կոմունիստական շարժումներում ունեցած կապերը Հայոց ցեղասպանության և բացառապես ինքնորոշման սկզբունքի հիման վրա Արցախի ներկայիս փաստացի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը հասնելու համար: Ծրագրից չի հասկացվում, թե ինչպես է ՀԿԿ-ն բանակցային գործընթացի տրամաբանությունը տեղափոխելու միայն ԼՂՀ-ի ճանաչման ուղղություն: Բայց դա կուսկացական, այլ ոչ թե պետական քաղաքականության բաղկացուցիչ դարձնելու մասին ընդգծումը հուշում է, որ կուսակցության առավելագույն նպատակը ոչ թե Աժ-ում մեծամասնություն կազմելն է, այլ ԱԺ անցնելը:
Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններն առավելապես դիտարկում է որպես նրանց համար ԵԱՏՄ տարածք դուրս գալու միջանցք՝ առանց տարածարշջանային ձևաչափերին անդրադառնալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter