HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն Արցախում ներկա է եղել գնդային մարտավարական զորավարժությունների եզրափակիչ փուլին

Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանը ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում անցկացված գնդային մարտավարական զորավարժությունների եզրափակիչ` մարտական հրաձգության փուլին:

Զորավարժությունների ավարտին Սարգսյանը խրախուսական նվերներ է հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած սպաներին ու ժամկետային զինծառայողներին և զորքի առջև հանդես է եկել ելույթով: Նախագահի պաշտոնական կայքը հրապարակել է Սարգսյանի ելույթի տեքստը, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Շնորհավորում եմ բոլորիդ ուսումնամարտական խնդիրը բարեհաջող կատարելու կապակցությամբ: Կեցցե՛ք դուք: Մեր ժողովուրդը պատմության ընթացքում մշտապես դժվարություններ է ունեցել՝ նրա անվտանգությունն ապահովված չի եղել, և այսօր, շնորհիվ հայկական բանակի, մեր ժողովրդի անվտանգությունն ամուր ձեռքերում է: Մենք ամեն ինչ պետք է անենք ձեզ հետ միասին, որպեսզի որևէ մեկը չփորձի խաթարել այդ անվտանգությունը:

Վերջին քսանհինգ տարիների ընթացքում ձևավորվեց և ամրացավ հայկական բանակը: Մենք զինված ուժերը ձևավորում էինք մարտական գործողություններին զուգահեռ, բայց դրա հետ միասին ամեն օր փորձում էինք նոր հմտություններ ձեռք բերել, փորձում էինք ավելի կարգապահ լինել, հակառակորդին ավելի ծանր հարվածներ հասցնել: Նույնը պետք է անենք հիմա: Չնայած նրան, որ մեր զորքի մարտունակությունը բարձր է, բայց մենք ամեն օր պետք է ձեռք բերենք նոր գիտելիք, մենք պետք է կարողանանք մեր սպառազինությունից առավելագույնը քամել, որովհետև սպառազինությունը ինքնին ոչինչ է: Սպառազինությունը դառնում է զենք, երբ սպան ու զինվորը տիրապետում են այդ զենքին:

Ես վստահ եմ, սիրելի՛ զինվորներ, որ դուք ամեն օր ավելի եք ամրանում, ավելի մարտունակ եք դառնում, որովհետև եթե դա չլինի` վտանգը, անպայման, դառնալու է իրականություն, վտանգը դառնալու է կոնֆլիկտ, վտանգը դառնալու է պատերազմ, իսկ այստեղ` այս տարածաշրջանում պատերազմ զսպողը դուք եք:

Շնորհակալ եմ ձեր ծնողներին՝ ձեր դաստիարակության համար, շնորհակալ եմ ձեր ուսուցիչներին՝ ձեզ կրթելու համար, և իհարկե, շնորհակալ եմ ձեզ, որ դուք կարողանում եք անել գրեթե անհնարինը:

Վստա´հ եղեք` Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, կառավարությունը շարունակելու է մշտապես իր թիվ մեկ խնդիրը համարել մեր զինված ուժերի սպառազինությունը, մեր զինված ուժերի ապահովումը, և դուք էլ, ձեր հերթին պետք է ամենօրյա ծառայությամբ վստահեցնեք մեր ժողովրդին, որ պատրաստ եք անառիկ պահելու այս սահմանները:

Կեցցե՛ք:

Շնորհակալ եմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter