HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սփյուռքը կլինի այնպիսին, ինչպիսին հայրենիքը կուզենա տեսնել»

«Հետքի» հարցերին պատասխանում է Վրաստանում Հայ գիտակների ակումբի հիմնադիր Արտակ Այվազյանը

-Առաջիկայում Հայաստանի խորհրդարանական ընտրություններն են, ի՞նչ ակնկալիքներ ունի սփյուռքը, մասնավորապես` վրացահայ համայնքը, նոր ձևավորվող խորհրդարանից:   

-Եկեք սկզբից ասենք, որ վրացահայ համայնք ասելով` մենք երկու իրարից տարբերվող հանրության մասին ենք խոսում։ Դա դեռ  ջավախահայությունն է, որ լինի թե անձնական կամ տնտեսական որոշակի կապերի շնորհիվ ավելի տեղեկացված է  ներհայաստանյան քաղաքական իրականության մասին։ Հետևաբար, կարող է ունենալ որոշակի  նախընտրություններ, ձևավորված սպասումներ, ասենք, ապրանքաշրջանառության կամ կրթական հարցերում։ Ավելի մանրամասնել իմ կողմից տեղին չի լինի, քանզի ջավախահայության հանրային ակտիվը միատարր չէ, և տարին մեկ անգամ լինելով Ջավախքում` դժվար է այդ հարցում իրազեկ լինել։   

Եթե խոսքը նույն Թիֆլիսի, Բաթումիի կամ Վրաստանի այլ շրջաններում դեռ պահպանված հայության մասին է, ապա կարելի է խոսել անհատների մասին, որոնք մշտապես հետքրքրված են Հայաստանի իրավիճակով։   

Բայց համայնքային հարթակի բացակայության պայմաններում, իրական կյանքում վրաստանաբնակ հայության այս մասի կողմից Երկրի քաղաքական ապագայի նկատմամբ Ձեր նշած «համայնքային մոտեցումը» բացակայում է։

Սա գալիս է նաև նրանից, որ վրացահայ սփյուռքը հնագույներից է, և դրա հետևանքով ձևավորվել է մի իրականություն, երբ հայերի մի ստվար մաս, իրենց հայկական ինքնությունը պահպանելով հանդերձ, այն հաճախ վերածնված հայկական  պետականության հետ չեն կապում։ Իսկ հայկական պետականության կողմից 25 տարում փաստացի ոչինչ չի արվել ազգահավաք երկիր դառնալու ուղղությամբ։ Հետևապես վրացահայության մեջ շատերը նույնիսկ կարող են ընդհանրապես տեղյակ չլինել Հայաստանում ընտրությունների մասին և որևէ հեռանկարային սպասումներ չեն էլ կարող ունենալ։ 

-Քաղաքական դաշինքներից մեկը (ՕՐՕ-ն), օրինակ, պնդում է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է դուրս գան ավանդական ու ձեւական հարաբերությունների մակարդակից եւ կրեն գործնական ու բովանդակային բնույթ: «Ելք»-ն էլ ուզում է ստեղծել Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատը, որը կազմված կլինի Սփյուռքի հայկական գաղութների ներկայացուցիչներից, ովքեր կընտրվեն հենց գաղթօջախներում անցկացվող ընտրությունների միջոցով: «Ազատ դեմոկրատներ»-ն էլ ներդրումներ է ակնկալում սփյուռքահայերից, մի քանի այլ կուսակցություններ հայրենադարձությունն են շեշտում:  Ի՞նչ ձևաչափով եք Դուք տեսնում սփյուռքի ներգրավվածությունն ու մասնակցությունը հայաստանյան կյանքին:  

-Ընդհանուր առումով  այս հարցի նկատմամբ կարելի է ունենալ երկու մոտեցում՝ քաղաքացիական և ազգային։ 

Սահմանադրության համաձայն` մեր երկրի ճակատագրի տնօրինողը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Հետևաբար, քաղաքացիական մոտեցմամբ հայեր միայն հանրապետության քաղաքացիները կարող են համարվել։

Միանգամից ասենք, որ շատ, նույնիսկ ունիտար պետություններ նման քաղաքացիական մոտեցում ունեն այս հարցում։

Օրինակի համար՝ կայացած մի պետության համար, ինչպիսին Ֆրանսիան է, քաղաքացիություն ստացած ցանկացած ազգի ներկայացուցիչ լիարժեք ֆրանսիացի է համարվում, իսկ Քվեբեկում ապրող Կանադայի քաղաքացի ութ միլիոն էթնիկ ֆրանսիացիները՝ օտարերկրացիներ։

Բայց այսպիսի մոտեցում Ֆրանսիան իրեն կարող է թույլ տալ 60 միլիոնից ավելի բնակչությամբ, զարգացած տնտեսությամբ և առաջատար, ներառյալ միջուկային ռազմարդյունաբերությամբ։ Հատկանշական է, որ նույն հիշատակածս Քվեբեկում էթնիկ ֆրանսիացիները ոչ միայն ձուլման վտանգի առաջ չեն, այլև ֆրանսալեզու են դարձնում նահանգում այլազգի ներգաղթյալներին։ Այս ամենին կարելի է ավելացնել նաև աշխարհում մի քանի տասնյակ  ֆրանսալեզու պետությունների առկայությունը։

Հիմա դառնանք մեր իրականությանը, երբ հայկական պետությունների տարածքում բնակվում է ազգի միայն մի փոքր մասը, իսկ բազմամիլիոն Սփյուռքը տարեցտարի նոսրանում է։ Երբ երկրի առաջ մշտապես պատերազմի հեռանկարն է դրված, երբ տնտեսության մակարդակը ոչ միայն ներգաղթ չի ապահովում, այլև իր քաղաքացուն, բնակչին չի կապում երկրի հետ, այս պայմաններում ՀՀ  ներկայիս սահմանադրությունը գուցե քաղաքացիական, ժողովրդավարական  տեսակետից լիովին համապատասխանում է նույն ֆրանսիական կամ իտալական սահմանադրությանը, բայց իր բնույթով այն բացարձակապես ապազգային է։

Համայն հայությանը Երկրի կյանքին ներառելու գաղափարը մշտապես առկա է եղել մեր ազգային մտածողության մեջ։ Բայց ստացվեց այնպես, որ անկախության հասնելուց անմիջապես հետո այս գաղափարը քսանհինգ տարվա ընթացքում հետևականորեն վիժեցվում էր իշխանության եկող խմբերի կողմից։ Այսօր էլ գոյություն ունի տարածված դիրքորոշում, որ սփյուռքահայությունը, Հայստանում չապրելով հանդերձ, հայկական բանակում իր պարտքը չտալով, ոչ միայն իրավական, այլև բարոյական իրավունք չունի խառնվելու պետության ներքին կամ արտաքին քաղաքականությանը։

Բացի այդ, առաջ է քաշվում նաև անվտանգության թեման, երբ ենթադրաբար Սփյուռքի ներկայացուցիչները կարող են ձգտել իրենց բնակության երկրների շահերը ծառայեցնել Երկրի քաղաքականությունը, կամ ավելին՝ լինել օտարերկրյա գործակալներ։ 

Տրամաբանորեն այս բոլոր փաստարկներն առաջին հայացքից ընդունելի են, բայց միանգամից հարցեր են առաջացնում։ Օրինակ՝ արդյոք մեր Սահմանդրությունը արգելո՞ւմ է զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ընտրվել երկրի օրենսդրական մարմնում կամ կառավարության մեջ բարձր պաշտոններ գրավել։ Կամ նույն տեղերին հավակնելիս նկատի ունենո՞ւմ են քաղաքացու կողմից պետական բյուջե մուծած հարկերի չափը։

Որքան գիտենք, նման սահմանափակումներ մեր օրենսդրությունը չի դնում, հետևապես Սփյուռքի մասնակցությանը դիմակայելը, արդեն, կասկածելի բծախնդրության է նման։  

Փոխարենը մենք արտառոց նստակյացության ցենզի սահմանափակումներ ունենք մեր քաղաքացիների նկատմամբ, որոնց մի ստվար մասը ստիպված է տևական արտագնա աշխատանքի մեկնել և գտնվել Հայաստանից դուրս։ Արտառոց է և այն, որ   ընտրությունների ժամանակ մեր Սահմանադրությանը համաձայն քվեարկել կարող են միայն այն քաղաքացիները, որոնք այդ ժամանակ գտնվում են հանրապետության տարածքում։ 

Ի դեպ, այս վերջին սահմանափակումը Ազգային ժողովում ժամանակին ընդդիմությունն է պարտադրել, ինչը վկայում է, որ քաղաքացիական մտածողությունն ընդիմադիր ուժերի մոտ նույնպես գերակայել է ազգայինի նկատմամբ։

Դրա հետ մեկտեղ, եկեք խոստովանենք, որ այսօր էլ բավականին հեշտ է տեսնել, թե երկրի ներսում որ քաղաքական կամ հասարակական խմբավորումը, որ օտարերկրյա բիզնես կառույցների, արժեհամակարգի կամ գաղափարախոսության շահերն է պաշտպանում։  Ուրեմն ինչու՞ չողջունել հայկական քաղաքական դաշտի ավելի լայնացումը, տեսակարար կշիռը։ Առավել ևս, եթե այն ավելի կմեծացնի խոշոր տերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։  

Իսկ ինչ վերաբերում է հնարավոր գործակալությանը, երկրի նկատմամբ դավաճանությանը, ապա հարկ է հիշել, որ իրավական դաշտում անմեղության կանխավարկած գոյություն ունի, իսկ  դավաճաններ կարող են լինել ամեն տեղ։ 

Ընդհանրապես, Ազգային ժողովի Սփյուռքի պալատը Սփյուռքը համակարգելու ու կազմակերպելու, հայրենադարձության համար պայմաններ ստեղծելու համար պիտի գործի։ 

Ավելորդ է ասել, որ այն մեր երկրի բյուջեյի վրա բեռ չպիտի դառնա։ Առավելագույնը` պետությունը տարածք և մասնաշենք պարտավոր կլինի տրամադրել Սփյուռքի պալատին։ 

Նաև խոսք չի կարող լինել այն մասին, որ Սփյուռքը Հայաստանում իրավասու կլինի ներկայացնել համայնքային ուղիղ ընտրություներից բացի այլ ձևաչափով ներկայացված ինքնակոչ մարդիկ։  

Միակ բանը, որում Սփյուռքի պատգամավորն իրավահավասար պիտի լինի, և այդ միայն օգուտ կբերի երկրին, դա ՀՀ ԱԺ մասին օրենքում արձանագրված պատգամավորին տրվող իրավունքներն են։

-Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի դերը սփյուռքահայության կյանքում և հայապահպանության գործում:  

-Սփյուռքը միշտ կլինի այնպիսին, ինչպիսին Հայաստանը կցանկանա տեսնել։

Սփյուռքի համար այսօր Հայաստանը՝ որպես հայության կենտրոն, կիրառական ազգային գաղափար չունի։ Մեր ազգային գաղափարն այսօր անցյալի հերոսապատում է ու հայկական հետքի պրպտում։

Վրացահայության, ինչպես նաև ընդհանրապես սփյուռքահայության համար այն նաև օրինակ չի ծառայում։

-Գուցե պետք է առավել մեծ լիազորություններ տալ դեսպանատների՞ն այս հարցում։

-Դեսպանատների հարցում ես ուրիշ խնդիր կցանկանայի բարձրացնել։ Վրաստանն այն երեք երկրներից է, որտեղ կան պետական հայկական դպրոցներ։ Այսօր հայկական կրթօջախները Թիֆլիսում աշակերտներով ապահովողը  մտավորականությունը կամ գործարարները չեն, որոնք չնչին բացառությամբ արդեն օտարալեզու են դարձել։ Հայ կրթօջախներ, բառիս բուն իմաստով, կոշկակարներն ու շինարարներն են զավակ ուղարկում։

Լավ կլիներ դեսպանատունը սեպտեմբերյան ընդունելությունների փոխարեն այդ գումարի մի մասով փոքր ավտոբուս վարձեր հայկական դպրոցների աշակերտների համար, որոնք ստիպված են լինում հաճախ երկու տրանսպորտ փոխել։ ՀՀ դեսպանատները մեր երկրի դեմքն են նաև Սփյուռքի համար, որ պիտի իրենց դիվանագիտական կազմով օրինակ ծառայեն, հայ լինելը գրավիչ ներկայացնեն։ Անհնար է, օրինակ, թիֆլիսահային նախատել զավակներին հայկական կրթության չտալու համար, երբ Թբիլիսիում հայկական դպրոցների առկայության ժամանակ ՀՀ դեսպանատան աշխատակիցների երեխաներն օտարալեզու դպրոց են հաճախում։

Դժվար է վրացահային դեպի հայրենիք կամ հայկական ինքնություն տրամադրվելը, երբ կրթված, ազնվաբարո, գեղադեմ գործազուրկ հայ երիտասարդության առկայության պայմաններում Վրաստանում հայաստանյան գործարարներին փաստացի պատկանող  հյուրանոցներում, առևտրական ցանցերում և սպասարկման ծառայություններում հայ աշխատակից համարյա չկա։

Հայության ձուլման այսպիսի արագություն, որ վերջին երկու տասնամյակում է նկատվում, երևի երբեք չի եղել։

Մենք այսօր նման ենք այն մարդուն, ում տանը հրդեհ է բռնկվել, իսկ նա փոխարեն երեխային դուրս փախցնի, դեպի պատից կախված հոր նկարն է ձեռքերը մեկնում։ 

-Վրացահայ համայնքում շահագրգռվածություն չի զգացվում, որ կուզենային մասնակից լինել Հայաստանի քաղաքական կամ սոցիալ-տնտեսական կյանքին: Համայնքում կարծես ամենքն իր կյանքով է ապրում` բացառությամբ որոշ մշակութային ու ապրիլքսանչորսյան միջոցառումների: Ինչո՞վ է դա պայմանավորված:  

-Սփյուռքում իսկապես միայն ցուցահանդեսներն ու համերգներն են խրախուսում։ Մենք մոռացել ենք, որ ազգային մշակույթ հասկացողությունը երբեք միայն արվեստով չի սահմանափակվել, այլ իր մեջ ներառում է նաև ազգի հանրային  արժեհամակարգը, կենցաղը, ազգային արտադրության ոլորտը ևս։ Կոնկրետ Թիֆլիսի դեպքում ընդունված է բարձրաձայնել պատմամշակութային ժառանգության հարցը։ Բայց համարյա չի խոսվում, որ վերջին երկու տասնամյակում թիֆլիսահայությունն իր ավանդական տնտեսական գործունության ոլորտներից է դուրս մղվում, ինչն առաջին հերթին ներհամայնքային փոխաջակցության գաղափարի բացակայությանն հետևանք է։ 

-Ինչպիսի՞ն պիտի լինեն հայ-վրացական հարաբերությունները` ըստ Ձեզ, որպեսզի չտուժի ոչ վրացահայությունը, ոչ Հայաստանի տնտեսությունը, ոչ հայ-վրացական երկկողմ հարաբերությունները, ոչ էլ Զավախքի հայությունը:

Կա մի հրաշալի հեռավոր երկիր՝ Ուրուգվայ, որի` Հայաստանի Հանրապետության հետ միջպետական հարաբերությունների համար մենք կարող ենք հանգիստ լինել։ Իսկ դրացի երկրի հետ ժամանակ առ ժամանակ միշտ էլ կառաջանան  բարդություններ։

Ավելին՝ որքան էլ եղբայրական անվանվեն տարբեր բարեկամական հանդիպումների ժամանակ հայ և վրաց ազգերի հարաբերությունները, երկու ազգային գաղափարախոսությունների մեջ միշտ էլ կլինեն իրար հակասող դրույթներ։

Իսկ այս առումով հակասությունների վրա երկկողմանի կենտրոնացումը ոչ մի արդյունք չի տա։

Ու եթե ես ժողավուրդների միջև բարեկամության նկատմամբ պատրանքներ չունեմ, ապա ես հավատ ունեմ մարդկանց միջև բարեկամությանը։

Հետևապես հարկավոր է զարգացնել հայ և վրաց հանրության կապերը հորիզոնական մակարդակով՝ մասնագիտական, մշակութային, կրթական բնագավառներում` առաջին հերթին երիտասարդությանը ներգրավելով։ Քանզի այսօրվա հայ և վրացի  երիտասարդությունը վաղվա երկու երկրների քաղաքական և գործարար հանրությունն են, և անձնական կապերն այստեղ կարևոր են եղել միշտ։ Կարելի է նաև կապեր հաստատել Հայաստանի և Վրաստանի մարզերի միջև՝ խթանելով ժողովրդական դիվանագիտությունը։ Այս ամենը կլրացնի միմյանց նկատմամբ տեղեկատվության պակասը` կոտրելով  կարծրատիպերը` ապագայում տալով իրար հետ արդեն վստահության մակարդակով շփվող հայ և վրաց հանրություն։

Ընդհանրապես, այսօր շատ բարենպաստ ժամանակ է Վրաստանում այդ ամենի իրակականացման համար, ինչպես նաև այլ հայանպաստ իրատեսական նախաձեռնությունների։ Ուղղակի այս ամենով պիտի վրացական աշխարհայացքին լավ ծանոթ և դեպի ապագան մտածող մարդիկ զբաղվեն։ Նրանք, ովքեր կպնդեն հակառակը, ավելի շուտ իրազեկ չեն այս հարցում, կամ նրանց համար հակասությանները մշտապես բարձրաձայնելը կայանալու մի ձև է։ Ասեմ, որ վերջինով նաև վրաց հասարակության մի խավ է տառապում։

Ջավախքի հայության հետ կապված ամենամեծ հարցն արտագաղթն է, և այստեղ էլ ես կոչ կանեի կենտրոնանալ այն իրական արդի հարցերի վրա, որոնք նպաստում են արտագաղթին։ Քանզի սա միայն տնտեսական արտագաղթ չէ։ Եթե  ջավախքահայ երիտասարդների հետ զրույցում հասնեք անկեղծության աստիճանի, ապա կիմանաք, որ նրանց արտագաղթելու ցանկության պատճառը ոչ միայն անհեռանկարությունն է, այլ նաեւ մարզերում ժամանցի և էսթետիկ ինքնաիրականացման պայմանների սահմանափակությունն է։  

 Իսկ մարզերից  երիտասարդության արտագաղթն արդեն ընդհանուր հարց է թե Վրաստանի, թե Հայաստանի համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter