HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Գիշատիչ թռչունների խնամակալը

Չարենցի կամարը Վահրամ Երզնկյանի ամենասիրած կետն է Հայաստանում: Այստեղից նա դեպի վայրի բնություն է բաց թողնում գիշատիչ ու հաճախ՝ վերացող թռչունների, որոնք տարբեր ճանապարհներով հայտնվում են նրա մոտ, եւ որոնց նա խնամում է:

Վահրամին արդեն շրջապատում գիտեն՝ հիմնական զբաղմունքը վայրի թռչունների բնավորությունն ու բնույթն ուսումնասիրելն է, եւ անխնամք թողնված կամ վաճառքի հանված թռչուններին փրկելն ու ազատ բնություն բացթողնելը:

«Մոտավորապես 12 տարի կլինի, որ թռչունների խնամքն իմ կյանքի ամենակարեւոր մասն է դարձել»,-ասում է Վահրամը:

Վերջերս Վահրամին են փոխանցել Ալավերդու ճանապարհին գտնված արծիվ, որը երկինք բարձրանալու ուժ չի ունեցել: Վահրամը վերցրել է իր խնամքի տակ: Թռչունը ռենտգեն հետազոտության է ենթարկվել, լուրջ վնասվածք չի հայտնաբերվել: Երկու տարվա խնամքից հետո արծիվը կազդուրվել է եւ բաց թողնվել վայրի բնություն:

«Երկու տարի արծվին մարզում էի, որպեսզի մկանային համակարգը զարգանա: Էն ժամանակ, երբ գտանք, փոքր թռչուն էր, ու մտավախություն ունեի, որ բնության մեջ, իր ֆիզիկական հնարավորություններով չի ապրի: Եթե թռչունը թույլ է, եւ բաց ես թողնում բնություն, նա չի կարող որս անել: Ժամանակի ընթացքում կթուլանա ու կսատկի: Ես թռչուններին հասցնում են էն վիճակի, որ կարողանան թռչել ու բնության մեջ գոյատեւել»,-ասում է Վահրամը:

Վահրամին Երեւանում ու մարզերում արդեն շատերը գիտեն: Եթե մեկը վայրի թռչուն է վաճառում, կամ՝ ցանկանում խնամքի հանձնել, ընկերները տեղեկանալով՝ զանգահարում են նրան: «Ես կամ համոզում եմ էժան գնել, կամ քարոզ եմ անում, որ եթե իրավապահները իմանան թռչունի գոյության, ապօրինի որսի կամ վաճառքի մասին, ապա տվյալ անձը պատասխանատվության կենթարկվի: Մի ձեւով հաջողում եմ վերցնել ու բերել խնամել, որից հետո բաց թողնել բնություն»,-պատմում է Վահրամը:

Վերջին թռչունը, որ երկու օր առաջ Վահրամը բաց թողեց Չարենցի կամարի մոտից, առողջական խնդիրներ չուներ: Պարզապես հանվել էր վաճառքի, եւ Վահրամը կարողացել էր համոզել՝ հանձնել իրեն: Այս եղանակով նա երեք տասնյակից ավելի արծվի տարբեր տեսակներ է փրկել:

Նա ասում է, որ շատ դեպքերում կայքերում հայտարարություններ են տեղադրվում վայրի թռչնին խրտվիլակ դարձնելու մասին, եւ իրեն հաջողվում է կենդանի վիճակում վերցնել:

«Եթե նայեք անվճար հայտարարությունների կայքերը, բազմաթիվ գրառումներ կան: Ես պատրաստվում եմ բանակցել կայքերի սեփականատերերի հետ, որպեսզի նման հայտարարությունները չտեղադրեն: Չի կարելի նման բանի մասնակից լինել: Մարդիկ իրար հետ ծանոթանում են, առուծախ անում, թռչունին դարձնում խրտվիլակ: Ես ամեն օր էլ էդ կայքերը նայում եմ, ու, ցավոք սրտի, ամեն օր էլ էնտեղ նորություն է լինում»,-ասում է Վահրամ Երզնկյանը:

Օրինակ List.am կայքում տեղադրված են կենդանիների կամ խրտվիլակների վաճառքի մասին տասնյակ հայտարարություններ: Վաճառքի գները տարբեր են` սկսած 40 հազար դրամից մինչեւ 200 հազար եւ ավելի: Վաճառվում են ոչ միայն գիշատիչ թռչունների, այլ նաեւ վայրի կենդանիների խրտվիլակներ:

Կենսաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Կարեն Աղաբաբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանում շարունակում է տարածված մնալ այն մտայնությունը, թե արաբ շեյխերը բազեներ են գնում` որս անելու համար, եւ շատերը զբաղվում են բազեների որսով: Այնինչ շեյխերը որսի են գնում այնպիսի տեսակներով, որոնք Հայաստանում չեն բնակվում:

Աղաբաբյանը նույնպես մասնակցել է Վահրամի կողմից գիշատիչ թռչունների` վայրի բնություն բաց թողնելու պրոցեսին:

«Սկզբունքորեն մեր հասարակության մեջ աստիճանաբար ձեւավորվում է վայրի բնության նկատմամբ խնամքով վերաբերմունքը: Ֆեյսբուքյան Birding Armenia Club խմբում դուք կտեսնեք բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ գտնում են վիրավոր թռչուն, խնամում են, հասցնում մինչեւ ինչ որ վիճակի եւ բաց թողնում: Իհարկե ոչ բոլոր դեպքերն են ավարտվում հաջող, քանի որ հաճախ իրական պատճառը անտեսանելի է, կամ ստացված վնասվածքն անբուժելի է։ Բայց լինում են նաեւ շատ հաջող դեպքեր: 

Ես ինքս փորձել եմ համոզել, որ չվերցնեն թռչնին: Որովհետեւ դու չգիտես` ինչ խնդիր ունի, որքան ջանք կգնա եւ արդյունքն ինչ կլինի: Հետո թռչունը սատկում է, դու քեզ մեղավոր ես զգում: Ես կարծում եմ, որ մարդը չպետք է միջամտի բնության գործերին, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել մեր խմբի հոգատար անդամներին։

Վահրամն ինքն իրենով, չնայած որ թռչնաբան, կենսաբան չէ, սովորել է շատ բաներ, մասնավորապես` գիշատիչ թռչունների վերաբերյալ: Նա թռչնի տարիքը որոշում է ինձնից արագ, չնայած ես դրա մասնագետն եմ: Նա մի կողմից կուտակել է ահագին փորձ, մյուս կողմից` շատ հոգատար է: Երբ առաջին անգամ զանգեց եւ ինձ ասաց, որ վաճառողի մոտից գնել է Տափաստանային արծիվ, որպեսզի բաց թողնի, ես շատ զարմացա: Իհարկե, հետո մեր բանակցությունների ընթացքում ես կարողացա Վահրամին համոզել, որ նա հաջորդ անգամ չգնի վաճառողի մոտից, քանի որ այդպիսով նա արհեստականորեն պահանջարկ է ստեղծում եւ խրախուսում այդ թռչունների վաճառքին շատացմանը»,-ասում է Կարեն Աղաբաբյանը:

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողը պարտավոր է գործել բնության պահպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխան, ապահովել պայմանագրով իրեն հատկացված կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը:

Ապօրինի առուվաճառքը բավականին շատ է եւ, նախնական գնահատումով, սկսում է աճել` ասում է պրոֆեսորը: Գրեթե բոլոր գիշատիչ թռչունները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Առանց Բնապահպանության նախարարության թույլտվության` վաճառքն ապօրինի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter