HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Ղազախստան. սպասում ենք չորրորդ հաղթանակին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկար դադարից հետո այսօր կրկին հանդես կգա իր երկրպագուների առաջ՝ 20:00-ին «Հանրապետական» մարզադաշտում ընդունելով Ղազախստանին: Վերջին անգամ թիմին տեսել ենք անցյալ տարվա նոյեմբերի 11-ին, երբ Երեւանում Արթուր Պետրոսյանի սաները, առաջին կեսից հետո 0-2 հաշվով զիջելով Մոնտենեգրոյին, երկրորդ կեսում 3 գնդակ խփեցին ու կամային հաղթանակ տարան: Բնականաբար, Ղազախստանի հետ խաղում եւս ազգային ընտրանուց հաղթանակ է ակնկալվում՝ հաշվի առնելով, որ թիմի վիճակագրությունը մրցակցի հետ հանդիպումներում դրական է:   

Այսպես՝ Հայաստանն ու Ղազախստանը հանդիպել են 5 անգամ, մեր թիմը հաղթել է 3 անգամ, 1 անգամ գրանցվել է ոչ-ոքի, մի անգամ էլ հաղթել են միջինասիացիները:

Առաջին հանդիպումը կայացել է 2004-ի փետրվարի 19-ին, երբ Կիպրոսի մրցաշարի շրջանակներում թիմերը Պաֆոսում 3-3 խաղացին, սակայն քանի որ նրանցից մեկը պիտի հաջորդ փուլ դուրս գար, նշանակվեց 11-մ հարվածաշար, որտեղ 3-2 հաշվով հաղթեցին ղազախները: Ընդ որում՝ դա միակ դեպքն է, որ մեր թիմը նման հարվածաշարի է մասնակցել: Այդ խաղում աչքի ընկան Գալուստ Պետրոսյանը, Արտավազդ եւ Արման Քարամյանները:

Հաջորդ երկու հանդիպումները պաշտոնական էին: «Եվրո-2008»-ի ընտրական փուլում՝ 2007-ի հունիսի 2-ին, Ալմաթիում Իան Պորտերֆիլդի սաները 2-1 հաշվով հաղթեցին դաշտի տերերին: Աչքի ընկան Ռոբերտ Արզումանյանն ու Սարգիս Հովսեփյանը: Դա, թերեւս, հետագայում մեծ առաջընթաց գրանցած հավաքականի վերելքի սկիզբն էր: Այդուհանդերձ, լավ շրջափուլ անցկացրած մեր ընտրանին նույն տարվա նոյեմբերի 21-ին՝ երեւանյան պատասխան խաղում, անակնկալ պարտություն կրեց 0-1 հաշվով:

Ռեւանշը չուշացավ. 2008-ի մարտի 26-ին հոլանդական Պերնիսում կայացած ընկերական խաղում Էդգար Մանուչարյանի միակ գոլը հաղթանակ պարգեւեց մեր թիմին: Մեկ այլ ընկերական մրցավեճ տեղի ունեցավ Երեւանում 2012-ի հունիսի 5-ին: Վերելք ապրող Հայաստանի ընտրանին 3-0 հաշվով առավելության հասավ, դուբլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը:

Փաստորեն, ընդհանուր  հանդիպումներում գոլերի տարբերությունը 9-5 է՝ հօգուտ մեր ընտրանու: Այսօրվա խաղում բուքմեյքերները նույնպես ֆավորիտ են համարում դաշտի տերերին:

Արթուր Պետրոսյանի հրապարակած հայտացուցակում մեծ մասը լեգեոներներ են:

Դարպասապահներ 

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով, «Շիրակ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Պաշտպաններ

Լեւոն Հայրապետյան, «Փայքան» (Իրան)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան)
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-ԲելԱԶ» (Բելառուս)
Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  
Մարկոս Պիզելի, «Քսանտի» (Հունաստան) 
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Արտյոմ Սիմոնյան, «Լե Մոն» (Շվեյցարիա)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հայաստանի հավաքականը լուրջ կորուստներ չունի, եթե հաշվի չառնենք կիսապաշտպան Դավիթ Մանոյանի վնասվածքը: Նրան այլընտրանք, սակայն, Պետրոսյանն ունի՝ հաշվի առնելով, որ մեր թիմում ամենաուժեղ գիծը հենց կիսապաշտպանությունն է: Գլխավոր մարզիչը նախախաղային ասուլիսում արդեն նշել է, որ հարձակողական ֆուտբոլ են խաղալու: Կարծես առանձնակի մտահոգություններ չկան նաեւ թիմի առաջատարների մարզավիճակի վերաբերյալ:

Հիշեցնենք նաեւ, որ ի տարբերություն Հայաստանի հավաքականի՝ ղազախները մարտի 22-ին ընկերական հանդիպում են անցկացրել ու 1-3 հաշվով զիջել Կիպրոսին:

Այս պահին աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական 5-րդ խմբում Հայաստանն ու Ղազախստանը եզրափակում են մրցաշարային աղյուսակը, բայց չի բացառվում, որ Պետրոսյանի թիմը հաղթելու դեպքում բարձրանա 4-րդ տեղ: Այսօր կկայանան նաեւ Մոնտենեգրո-Լեհաստան, Ռումինիա-Դանիա հանդիպումները: Փաստորեն, զույգերով մրցելու են խմբի առաջատարները, միջին տեղերի թիմերն ու հետնապահները: 

Լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter