HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Յուքոմ»-ը լիցքավորման թանկացման մասին. «Չկա ցածր կամ նույն չափով միջնորդավճար սահմանելու մեխանիզմ»

Այն տնտեսվարողները, որոնք թանկացրել են «Յուքոմ»-ի բջջային հեռախոսակապի հաշիվների լիցքավորումը խանութներում և կրպակներում, չեն գտնվում «Յուքոմ» (ապրանքանիշը՝ Ucom) ընկերության ենթակայության ու վերահսկողության ներքո։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրին «Յուքոմ» ընկերությունից՝ անդրադառնալով խնդրին, թե ինչու է լիցքավորումը Երևանում և ՀՀ մարզերում վերջին ամիներին թանկացել։

«Ընկերությունը որևէ կերպ չի խրախուսում հավելավճարների գանձումը, բայց չկա որևէ մեխանիզմ, որը հնարավորություն կտա ցածր և (կամ) միևնույն չափով միջնորդավճարներ սահմանելու»,- նշում են «Յուքոմ»-ից։  Այսինքն՝ պատասխանից ենթադրվում է, որ ընկերությունը չի կարող պահանջ ներկայացնել՝ միջնորդավճարների չափը փոփոխելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ լիցքավորման քարտերի և հաշիվների լիցքավորման համար բջջային երեք օպերատորների բաժանորդներից խանութներում և կրպակներում հավելյալ միջնորդավճար է գանձվում։ Օրինակ՝ հաշիվը 500 դրամով վերալիցաքվորելու դեպքում բաժանորդը վճարում 530 կամ 550 դրամ։

Խնդրի վերաբերյալ ընկերության պատասխանը ներկայացնում ենք ստորև.

««Յուքոմ» ՍՊ ընկերությունը որևէ կերպ չի խրախուսում շարժական հեռախոսակապի կանխավճարային հաշիվները լիցքավորելիս հավելավճարների գանձումը, բայց չկա որևէ մեխանիզմ, որը հնարավորություն կտա ցածր և/կամ միևնույն չափով միջնորդավճարներ սահմանելու:

Նշենք նաև, որ գործակալին վճարվելիք միջնորդավճարի չափը սահմանվում է՝ «Յուքոմ» ՍՊ ընկերության ռազմավարական նպատակներից ելնելով, և որոշվում է ընկերության ներսում՝ բիզնես վերլուծությունների արդյունքում:

Ավելին, ինչպես բազմիցս ընդգծել ենք տարբեր հարցումների ժամանակ ու տեղեկացրել ենք մեր ընկերության բաժանորդներին, այս անգամ ևս վերահաստատում ենք, որ Ucomընկերությունը որևէ միջնորդավճար չի գանձում Ucom-ի սպասարկման սրահներում, U!Pay հավելվածի, Ucom-ի կայքի, բանկերի և տերմինալների միջոցով վերալիցքավորում իրականացնելու համար: Մենք նաև չենք խրախուսում միջնորդավճարի գանձումը Հայաստանի ամբողջ տարածքում գործող, սակայն մեր ընկերության ենթակայության ու վերահսկողության տակ չգտնվող մասնավոր տնտեսվարող սուբյեկտների կողմից»:

Թանկացման վերաբերյալ մեր հարցին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից ևս ավելի վաղ պատասխանել են, որ լիցքավորումը, բացի իրենց սպասարկման կենտրոններից և կայքի միջոցով լիցքավորումից, իրականացվում է միջնորդների՝ դիլերների միջոցով։ «Համագործակցող բոլոր դիլերներին ուղարկվել է գրություն, որով վերջիններս նախազգուշացվել են, որ իրավունք չունեն փոփոխելու լիցքավորման քարտերի և հեռախոսահամարները գումարով համալրելու ծառայությունների սակագները»,- տեղեկացրել են ընկերությունից։

Լիցաքավորման թանկացման թեման այժմ ուսումնասիրում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնողովը։ Առայժմ հայտնի չէ՝ երբ կհրապարակվեն ուսումնասիրության արդյունքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter