HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աղբանոց՝ Տեղ գյուղում

Արցախ գնացող մայրուղին անցնում է Տեղ գյուղով։ Գյուղի տարբեր հատվածներում, գյուղից քիչ ներքեւ՝ ճամփեզրին աղբակույտեր են։ Համայնքի բնակիչները կենցաղային, ինչպես նաեւ շինարարական աղբը թափում են այդ աղբանոցները։  

Տեղը Սյունիքի մարզի խոշորացված Տեղ բազմաբնակավայրի 7 գյուղերից մեկն է։ Համայնքը գտնվում է մարզկենտրոնից 85 կմ հեռավորության վրա։ Նախորդ տարվա դրությամբ այն ունի 2255 բնակիչ։

Խոշորացած համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, ով պաշտոնավարում է  2016 թվականի սեպտեմբերի 23-ից, «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ օրեր առաջ իր միջոցներով մաքրել է տվել թափված աղբը. «Մի տրակտորիստի խնդրել եմ, վառելիքը տվել, եկել, մաքրել է»,-ասաց նա։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակիչներն այդ տարածքը որպես աղբավայր են օգտագործում, թեև օրենքով թույլատրված աղբավայր չէ։

Հարցին՝ արդյո՞ք թափված աղբը երբևէ տեղափոխվել է այդ վայրերից, Շադունցը պատասխանեց, որ բնակիչները միայն թափողն են, իսկ համայնքապետարանի միջոցները սուղ են այդ գործընթացը կազմակերպելու համար։

Գյուղի տարբեր հտավածներում ևս կենցաղային աղբ է թափված, համայնքի ղեկավարն ասաց, որ համայնքում 20-30 տարածք կա, որոնք բնակիչները աղբավայրի են վերածել, և հիմա լուծումներ է փնտրում հարցը կարգավորելու համար։

Շադունցն ընդգծեց, որ հնավորությունները սուղ են, աշխատանքը՝ շատ, քանի որ որևէ տեսակի տեխնիկա չունեն աղբահանություն իրականացնելու համար։

«Մեր խոշորացած համայնքի ոչ մի բնակավայրում, բնակավայրի ստեղծման օրվանից մինչ 2016 թվականի վերջ, աղբահանություն չի կատարվել։ Ժողովուրդն իր աղբը տարել, թափել է էդտեղ։  Հիմա մենք սկսել ենք չորս բնակավայրում աղբահանություն անել»,-ասաց Ներսես Շադունցը։

Նրա խոսքով՝ խոշորացված համայնքի 7 գյուղերից միայն չորսում՝ Կոռնիձորում, Վաղատուրում, Տեղում և Քարաշենում է հունվար ամսից կանոնավոր կերպով աղբահանություն իրականացվում։ Շաբաթական մեկ անգամ՝ շաբաթ կամ կիրակի օրերին, մեքենան շրջում է այս գյուղերով՝ աղբը հավաքելով։ Նշենք, որ մեր լուսանկարներն արված են հենց Տեղ համայնքում։

Յոթ համայնքների աղբահանությունը կազմակերպելու համար, Շադունցի փոխանցմամբ, համայնքի 2017 թվականի բյուջեից 6,8 մլն դրամ գումար է հատկացվել, իսկ բնակիչները մատուցվող ծառայության դիմաց, մեկ շնչի  հաշվով, 120-150 դրամի չափով կվճարեն։

Բացի այդ, Շադունցը հաղորդեց, որ ցանկանում են միջհամայնքային միավորում ստեղծել՝ աղբատար մեքենա, աղբարկղեր ձեռք բերելու համար: Նրա խոսքով՝ բոլորից շատ ինքն է մտահոգված, որ իր ղեկավարած համայնքը մաքուր լինի։

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter