HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Անդրանիկ Աբրահամյանի տված հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները:

Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Անդրանիկ և Արտյոմ Աբրահամյանների կողմից ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցված քրեական գործի  շրջանակներում քննիչ Դ. Շահբազյանը ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածքում խուզարկել է Անդրանիկ Աբրահամյանի ավտոմեքենան, որի ընթացքում հայտնաբերել է «Վերտու» ապրանքանիշի բջջային հեռախոս: Սակայն քննիչը, նշված հեռախոսն ավազակային հարձակման ժամանակ հափշտակված լինելու վարկածը ստուգելու և դրա հետ կապված անհրաժեշտ այլ քննչական և դատավարական գործողություններ կատարելու փոխարեն,  թաքցրել է դրա հայտնաբերման փաստը և այն չի կցել քրեական գործի նյութերին. ավելին, հեռախոսն ապօրինի վերցրել և 4 ամիս շահագործել է իր կարիքների համար:

Հետագայում, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, Դ. Շահբազյանն ապօրինի մերժել է Ա. Աբրահամյանի` «Վերտու»-ն վերադարձնելու վերաբերյալ իրեն ներկայացրած միջնորդությունը` անհիմն պատճառաբանելով, թե, իբր, դեպքի վայրի զննության և ավտոմեքենայի խուզարկության ժամանակ բջջային հեռախոս չի հայտնաբերել` թաքցնելով այն իր կողմից տևական ժամանակով շահագործելու հանգամանքը:

 Այսպիսով, քննիչ Դ. Շահբազյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` էական վնաս հասցնելով ինչպես պետության, այնպես էլ Ա. Աբրահամյանի օրինական շահերին ու իրավունքներին, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել   ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվելու է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter